Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ» ՄԻՆՉԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

Հուլիս 28,2007 00:00

\"\"Սրանք էին «Այլընտրանք» նախաձեռնության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ քաղաքացիների երեկվա հանդիպմանն արծարծված թեմաները:

Ինչպես ամեն ուրբաթ, երեկ էլ «ՀԺ» խմբագիր եւ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին հրավիրել էր հանդիպման: Վայրն անփոփոխ էր՝ Ազատության հրապարակ, թեման՝ «Ազատություն» ռ/կ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Ու թեեւ հավաքվածները հազիվ մի քանի տասնյակ էին, բայց խնդրո առարկայի շուրջ Ն. Փաշինյանի ելույթից զատ, նաեւ մինի-քննարկում եւ հարցուպատասխան եղավ: Բայց մինչ այդ՝ Ն. Փաշինյանն ասաց, որ անկախ այն բանից, թե ռ/կ-ն օգոստոսի 9-ից կհեռարձակվի՞, թե՞ ոչ, որովհետեւ, ըստ մամուլի, այդ հարցի շուրջ դեռեւս բանակցություններ են ընթանում, իշխանությունը ռ/կ-ն փակելու ցանկություն ունի եւ նման քաղաքական որոշում է կայացրել: Ըստ բանախոսի, այն, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները կեղծում են՝ ասելով, թե իրենք «Ազատությունը» փակելու խնդիր չունեն՝ փաստ է: «Բայց կեղծիք կա նաեւ մյուս՝ Արեւմուտքի կողմից: Եթե մի պահ ենթադրենք, որ, ըստ Արեւմուտքի, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ՀՀ-ում ընտրությունները տեղի են ունենում այնքան համապատասխան եվրոպական չափանիշներին, ինչպես գնահատում էին եվրոպական դիտորդները, նշանակում է, իրոք, Հայաստանում «Ազատություն» ռ/կ-ի կարիքը չկա, որովհետեւ եթե Հայաստանում ընտրություններն անցնում են ազատ, ԶԼՄ-ները օբյեկտիվ են, հեռուստաընկերությունները հավասարապես հասանելի են քաղաքական բոլոր ուժերի, տեսակետների եւ գաղափարների համար, նշանակում է՝ «Ազատություն» ռ/կ-ն կարող է եւ չլինել: Տվյալ դեպքում, պետք է խոստովանել, որ գոնե ամերիկյան կողմն ընկել է այն թակարդը, որն ինքն է իր սեփական ձեռքերով լարել՝ ՀՀ-ում անցած ընտրությունները համարելով ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»:

Անդրադառնալով արեւմտյան կառույցների՝ ռ/կ-ն չփակելու պայքար-հորդորներին, «ՀԺ» խմբագիրը հիշեցրեց այդ նույն կառույցների՝ «Ա1+»-ին վերաբերող հայտարարություններն ու ընդունած բանաձեւերը, որտեղ հստակ արձանագրված էր հեռուստաընկերությունը վերաբացելու պահանջը: «Այդ պահանջը դեռեւս կատարված չէ, եւ, բնականաբար, այդ նույն կառույցները իրենց այդ պահանջի չկատարումը հանդուրժելով՝ հիմա ինչպե՞ս եւ ի՞նչ բարոյական իրավունքով պետք է կարողանան պաշտպանել «Ազատություն» ռ/կ-ի հեռարձակման իրավունքը»,- տարակուսանք հայտնեց Ն. Փաշինյանը: Նա մեկ անգամ եւս պնդեց իր այն տեսակետը, թե ռ/կ-ի ճակատագիրը որոշելու են ՀՀ քաղաքացիները՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ ՀՀ քաղաքացիները չեն ընդվզում, երբ սահմանափակման վտանգ է սպառնում անվճար տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքին: «Պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանությունը հետեւողականորեն մեր քաղաքացիներին զրկել է ընդվզելու ընդունակությունից: Այն ժողովուրդը, այն հասարակությունը, որն ընդվզելու ուժ չունի՝ դատապարտված է, որովհետեւ ընդվզումն ու դիմադրությունն է հասարակության առաջընթացի, պետության կայացման կարեւոր գրավականը»,- ասաց «Այլընտրանքի» ներկայացուցիչը:

Նրա կարծիքով, Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառը իշխանության, ընդդիմության կամ առանձին վերցված կուսակցության մեջ չէ. «Պատճառը նաեւ նրանք են, բայց այնքանով, որքանով այս հասարակության մի մասնիկն են, որովհետեւ ՀՀ քաղաքացիները, որոնց 90 տոկոսը արմատական փոփոխություններ է ուզում, պատրաստ է լինել միայն հանդիսատեսի կարգավիճակում: Սա լուրջ խնդիր է, որը մենք պետք է լուծենք»:

Բացի «Ազատություն» ռ/կ-ի խնդրին անդրադառնալուց, Ն. Փաշինյանը խոսեց նաեւ ընդդիմության՝ առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունների մասին, բայց մինչ այդ հայտարարեց, թե ընդդիմության հիմնական պայքարը մեր ներքին եւ «միասնական» թշնամու դեմ է, որը ներկայանում է՝ ի դեմս ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի: «Շատ ավելի լավ կլինի, որ ընդդիմությունն ու հասարակությունը մեկ միասնական առաջնորդ ընտրեն, բայց այդ միասնական թեկնածուն մեզ պետք է ինչի՞ համար. մի՞թե գնալու նախագահական ընտրություններում հաղթելու: Իմ կարծիքով՝ ոչ: Այդ թեկնածուն պետք է այս հրապարակում հուժկու պայքար սկսելու եւ մեր միասնական հակառակորդի հարցը մինչեւ ընտրություններ լուծելու համար»,- իր կարծիքը հայտնեց Ն. Փաշինյանը:

Երեկվա մինի հանրահավաքում ընդդիմության միասնական թեկնածուի, նրա ընտրության չափանիշների եւ ով լինելու մասին չխոսվեց:

«Այլընտրանքի» ներկայացուցիչը հայտարարեց, որ իր հաջորդ հանդիպումը ՀՀ քաղաքացիների հետ տեղի կունենա հաջորդ ուրբաթ օրը: Նախատեսվում է, որ այդ օրը հանդիպման մասնակիցները երթ կանեն դեպի Ռադիոտուն, որտեղ Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավարներից կպահանջեն Հանրային ռադիոյի եթերով վերահեռարձակման շուրջ նոր պայմանագիր կնքել «Ազատություն» ռ/կ-ի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031