Լրահոս
Օրվա լրահոսը

«Ում ձայն եք տվել՝ նրան էլ դիմեք»

Նոյեմբեր 30,2007 00:00

Վեդիի քաղաքապետը, ըստ բնակիչների, նախընտրական խոստումները չի կատարում

«Ամեն ընտրությունների ժամանակ մեր տարածքի պատգամավորության թեկնածուները սկսում են խոստումներ տալ, իբր թե գազ կքաշեն կամ մեր կոյուղագծերը կվերանորոգեն, բայց հենց ընտրվում են՝ ուրանում են: ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանն էլ ընտրվելուց առաջ խոստացավ, որ մեր թաղամասը կգազիֆիկացնի, հենց ընտրվեց՝ մեզ մոռացավ»,- «Առավոտին» բողոքեցին Վեդի քաղաքի Անդրանիկավան թաղամասի բնակիչները: Նրանց ներկայացմամբ՝ թաղամասը գազիֆիկացնելու համար բազմաթիվ անգամ դիմել են Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանին. «Քաղաքապետն ընտրությունների ժամանակ մեզ առաջարկեց, որ իրեն ձայն տանք՝ ընտրվելուց հետո Անդրանիկավանը գազիֆիկացնելու դիմաց: Երբ դարձավ քաղաքապետ, մի խումբ բնակիչներով կրկին դիմեցինք իրեն՝ հիշեցնելով տված խոստումը: Սակայն քաղաքապետը հրաժարվեց մեզ օգնել՝ ասելով, թե դուք քվեարկել եք ոչ թե իմ, այլ՝ ուրիշ թեկնածուի՝ Ղուկաս Ղուկասյանի օգտին, թող նա էլ ձեր գազի հարցերը լուծի»: Բնակիչները քաղաքապետից հույսը կտրելով՝ դիմել են իրենց տարածքից ընտրված պատգամավոր Մանվել Ղազարյանին, որն ընտրությունների նախաշեմին անդրանիկավանցիներին խոսք է տվել, որ եթե անգամ թաղամասը չկարողանա գազիֆիկացնել, անպայման բոլոր բնակիչներին վառելիքով կապահովի՝ նավթ ու վառելափայտ կտա: Սակայն, բնակիչների պատմելով, Մ. Ղազարյանը նույնպես նույն պատճառաբանությամբ՝ թե իմ օգտին ձայն չեք հավաքել, նախընտրական խոստումները չի կատարել:

Անդրանիկավանում բնակվում է մոտ 300 ընտանիք: Բնակիչների պատմելով՝ թաղամասը վերջերս է հեռախոսիֆիկացվել, իսկ կոյուղագծերն այնքան մաշված են, որ հաճախ վթարներ են լինում: Անդրանիկավանցիները, տեղական մարմինների հետ լեզու չգտնելով՝ դիմել են վարչապետ Սերժ Սարգսյանին: Դիմումում մասնավորապես բնակիչները վարչապետին առաջարկել են. «Եթե մեզ գազով ապահովեք, ամբողջ թաղամասը պատրաստ է իր հավատարմությունը ցույց տալ եւ օժանդակել ձեզ՝ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ»:

Այս առնչությամբ Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանն «Առավոտին» պարզաբանեց, որ ինքը Անդրանիկավանի գազի խնդիրների մասին տեղյակ է: Բայց նա հերքեց, որ բնակիչներին որեւէ խոստում է տվել, այն էլ՝ ընտրվելուց առաջ. «Ես անձամբ ոչ մի խոստում չեմ տվել, խոստում տվել է այստեղի պատգամավորը: Հենց այդ պատգամավորի ջանքերով էլ գործն ընթացքի մեջ է եւ շատ շուտով այդ թաղամասն էլ գազ կունենա: Ինչ վերաբերում է բնակիչների նման հայտարարություններին, կասեմ, որ դա ընդամենը բամբասանք է իմ հասցեին: Ոմանց գործ անելը հեշտ է թվում, գիտեն, թե գալու են, ասելու են իրենց ուզածն ու նույն պահին ամեն ինչ լուծվելու է: Չե՞ն մտածում, որ խնդիր կա, որի լուծումը 10 տարի է տեւում»: Պարոն Բարսեղյանի ներկայացմամբ՝ պատգամավոր Մանվել Ղազարյանի հետ միասին երեկ դիմել են կառավարություն, որպեսզի սուբսիդավորում ստանան Անդրանիկավանը գազիֆիկացնելու համար: Քաղաքապետը վստահեցրեց, որ կառավարությունն ամենայն հավանականությամբ կֆինանսավորի 35 մլն դրամանոց ծրագիրը: Ըստ պարոն Բարսեղյանի, թաղամասի գազիֆիկացումն իրականացվելու է միմիայն պետական բյուջեի հաշվին եւ քաղաքապետարանի բյուջեից դրա համար գումար նախատեսված չէ: Վ. Բարսեղյանը խոստացավ, որ Անդրանիկավանը մինչեւ տարեվերջ գազ կունենա:

Սակայն «ՀայՌուսգազարդից» «Առավոտին» տեղեկացրին, որ այս տարվա ծրագրերով չի նախատեսվում Անդրանիկավանը գազիֆիկացնել, իսկ մյուս տարվա պլաններն էլ դեռեւս կազմված չեն:

Մանվել Ղազարյանից պարզաբանումներ չստացանք, որովհետեւ ողջ օրվա ընթացքում նա մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել