Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքը՝ ընդդեմ քաղաքացու

Օգոստոս 29,2009 00:00

Զինվորը հավասարեցված է ազատազրկվածի՞ն եւ ընտանիքի անդամ չէ՞

2008թ. մայիսի 7-ին Կապանի բնակչուհի Արմինե Բաղդասարյանն ունեցավ իր երրորդ երեխան: Նորածին Մարին արդեն 2 եղբայր ուներ, ովքեր իրենից 17 եւ 19 տարով մեծ էին: Ինչպես մայրն է ասում, այսքան տարի անց երրորդ երեխա ունենալը կապված էր առողջական խնդիրների հետ, այլապես նման սոցիալական պայմաններում 3-րդ երեխա ունենալ չէին պատրաստվում: Այս ընտանիքի պատմությունը չէ, որ պետք է ներկայացվեր, այլ մի խնդիր առաջացավ 2008 թվականին՝ երբ ծնվեց փոքր Մարին:

Մարիի մայրը իր 3-րդ զավակն ունենալուց հետո դիմել էր Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն՝ ներկայացնելով բոլոր համապատասխան փաստաթղթերը, որպեսզի ստանա պետության կողմից տրամադրվող 300 հազար դրամը, որը տրվում է ընտանիքին՝ 3-րդ երեխա ծնվելու դեպքում: Բայց այդ գումարը Բաղդասարյանների ընտանիքին չհատկացվեց: «Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունից՝ իմ դիմումից 3 ամիս անց պատասխանեցին, որ մեզ այդ գումարը չի հասնում, այն պատճառով, որ իմ մեծ զավակը գտնվում է ժամկետային զինվորական ծառայության մեջ, նա ընտանիքի անդամ չի համարվում, ուստի այդ գումարը մեզ չի տրամադրվելու»: Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, «Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը որոշելիս ընտանիքի անդամ չեն համարվում՝ ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները»:

Մերժում ստանալուց հետո տիկին Արմինեն դիմել է բոլոր համապատասխան մարմիններին՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, պաշտպանության նախարարություն, ՀՀ նախագահին՝ խնդրելով աջակցություն ու բարոյական մոտեցում, հաշվի առնել ընտանիքի սոցիալական ծանր վիճակը եւ հնարավորությունների սահմաններում բավարարել խնդրանքը: Բայց տիկին Արմինեին նույն պատասխանն են տվել. համաձայն օրենքի՝ ընտանիքին գումար հատկացնել հնարավոր չէ:

Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունից մեզ տեղեկացրին, որ մի քանի անգամ փորձել են օգնել բնակչուհուն՝ կապվել են աշխատանքի եւ սոցիալական նախարարության մասնագետների հետ՝ հնարավորինս մանրամասնորեն ուսումնասիրել օրենսդրական դաշտը եւ մի ելք գտնել: Բայց օրենքը մնաց օրենք, որն այս դեպքում ընդդեմ սոցիալական ծանր պայմաններում ապրող եւ պետության կողմից ֆինանսական աջակցության կարիք ունեցող ընտանիքի դեմ էր:

«Մի՞թե իմ տղան հանցագործություն է կատարել, որ ծառայում է բանակում եւ այդ պատճառով իմ աղջիկը զրկվեց այդ գումարը ստանալու իրավունքից, որը նրան խնամելու համար շատ անհրաժեշտ էր: Ինչո՞վ էր մեղավոր իմ փոքրիկ աղջիկը, որ իր մեծ եղբայրը ծառայում է ազգային բանակում»,- վրդովված պատմում է տիկին Արմինեն, ով օրեր առաջ ազգային բանակ ծառայության ճանապարհեց 2-րդ որդուն:

Արմինե Բաղդասարյանի ընտանիքի բախտն այս գումարը ստանալու առումով չբերեց, որովհետեւ, ինչպես տեղեկացրին Կապանի գրասենյակից, փոփոխություններ են արվել եւ այսուհետեւ նմանատիպ ընտանիքները հնարավորություն ունեն ստանալու այդ գումարը, ինչից զրկվեց 3 զավակ ունեցող մայրը՝ նախորդ տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել