Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐ՝ ՌՈՔԻ ՄԻՋՈՑՈՎ

Հոկտեմբեր 31,2009 00:00

Ռոքն ազատության եւ ըմբոստության երաժշտություն է

Ասում են՝ երաժշտությունն ու բնությունը մեկ ընդհանրություն ունեն՝ երկուսն էլ սահման չեն ճանաչում: Երաժշտությունը միացնում է մարդկանց՝ անկախ տարիքից, ռասայական կամ ազգային պատկանելությունից: Ճիշտ այդպես՝ բնությունը միացնում է կենսական բոլոր տարրերը մեկ շրջանի մեջ:
Օրերս «Մոսկվա» կինոթատրոնի բաց դահլիճում տիրում էր ռոքային տրամադրություն. «Արեւորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնը իր միջոցառումների շարքում ընդգրկել էր նաեւ  «Ռոքը՝ հանուն բնության» խորագրով համերգ-ակցիան: «Այս համերգ-ակցիան ահազանգում է մարդկային միջամտությամբ աղտոտված Երկիր մոլորակի մասին,- ասում է փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:- Փորձել ենք հասարակության բոլոր շերտերին ներգրավել մեր փառատոնում՝ նպատակ ունենալով տարածել այն հաղորդագրությունը, որը կրում է փառատոնը՝ բնության օրհասական վիճակը, որը կարծես բոլորս էլ չենք տեսնում: Այն, ինչ Հայաստանում է կատարվում՝ պետք է իմանա ամենակրտսերից մինչեւ ավագ ծերունին, որպեսզի այլեւս չշարունակենք այսպես կուրորեն ապրել, առանց ոչ մի բան ձեռնարկելու: Քանի որ ռոքն ասոցացվում է պայքարի հետ, ռոքի միջոցով միաձուլելով պայքարը բնապահպանական պայքարի հետ եւ խոցելի շերտ համարելով ռոք սիրող հայ պատանիների սերունդը, նախաձեռնեցինք այս միջոցառումը»:
Հավելենք, որ համերգի ընթացքում յուրաքանչյուր կատարման ժամանակ, շնորհիվ տեղադրված էկրանների՝ հանդիսատեսը հնարավորություն ուներ դիտել հատվածներ էկոլոգիական խնդիրների մասին պատմող ֆիլմերից: Ինչպես նշեց  փառատոնի տնօրենը, կազմակերպված ռոք համերգը  իրենց երկրորդ փորձն էր. «Առաջին փառատոնի ընթացքում էլ նման համերգ կազմակերպվեց: Նպատակը նույնն էր՝ ռոքի միջոցով արթնացնել մարդկանց, բացել նրանց աչքերը ու ստիպել մտածել վաղվա օրվա մասին: Այսօր էլ ռոքի միջոցով պատմում ենք մարդկանց, որ վտանգված է մեր Երկիր մոլորակը: Կարծում եմ, եթե այս ակցիային մեզ միանա նաեւ երիտասարդ սերունդը՝ ռոքի սիրահար սերունդը, ապա կկարողանանք որոշակիորեն  լուծել շրջակա միջավայրի խնդիրները»:
«Ռոքը՝ հանուն բնության» համերգ-ակցիային մասնակցում էին Հայաստանից եւ Սփյուռքից հրավիրված ռոք խմբեր. Լոս Անջելեսից «Armeninan Space Station» խումբը, Հայաստանից՝ «Որդան կարմիր», Road Movie խմբերը…
«Առավոտի» հետ զրույցում «Armeninan Space Station»-ի հիմնադիր Բարրեթ Երիցյանը ասաց, որ ռոքի միջոցով բնապահպանության թեմայով խոսելը ճիշտ ընտրություն է. «Ռոքն ազատության եւ ըմբոստության երաժշտություն է, եւ նրա խոսքը միշտ հասնում է հանդիսատեսին: Տասնյակ տարիների ընթացքում իր շուրջը սերունդներ կերտող համարձակ ու անկեղծ երաժշտության սիրահարները ցանկանում են աշխարհը տեսնել տարբեր այն մեկից, որն իրենց է առաջարկված եւ կեղծ արժեքներից ձերբազատված է: Իսկ այդ լսարանին առաջարկել մտածել իրենց շրջապատող միջավայրի, Երկիր մոլորակին սպառնող վտանգի մասին, նշանակում է մի ամբողջ սերունդ տանել այդ գաղափարի ետեւից»: Ինչպես նշեց Բ. Երիցյանը, հայ հանդիսատեսի առջեւ, հայրենի հողի վրա խումբն առաջին անգամ է ներկայանում. «Երբ փառատոնի տնօրենը կապ հաստատեց մեզ հետ եւ առաջարկեց մեր աջակցությունը՝ ելույթով բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնելու համար, անմիջապես համաձայնեցինք: Նպատակը հետաքրքրեց մեզ, քանի որ մենք էլ Լոս Անջելեսում ենք փորձում հնարավորինս անվնաս ապրել, չաղտոտելով Երկիր մոլորակը մեր կենսակերպով»: 
Խմբի երաժիշտներից Գրեգ Հոշարյանի բնորոշմամբ էլ. «Այսօրվա մեր ելույթով կոչ ենք անում մարդկանց միահամուռ կանգնել իրենց ապագայի համար, պահպանել բնական ժառանգությունը, որը հենց նույն կյանքն է: Ես ինքս իմ բնակավայրում ձեւավորել եմ ինձ համար հատուկ կենսակերպ, քանի որ հասկանում եմ մարդու կողմից բնությանը վնասող խնդիրներից ծագող վտանգները՝ քիչ եմ մեքենա վարում, մաքրում եմ ինձ շրջապատող կանաչ տարածքները, քիչ եմ աղբ թափում… Հուսամ, հայ երիտասարդներն էլ ինձ պես կվարվեն, եթե հետեւեն մեր կոչին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել