Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԸ ԴԺԳՈՀ Է

Հունիս 30,2010 00:00

\"\"Նա վերապահումներ ունի՝ կապված հայաստանյան Դելփյան խաղերի հետ

Հայաստանում հունիսի 28-ին մեկնարկած Դելփյան խաղերի կազմակերպիչները կարծես մոռացել են դրանք լուսաբանող լրագրողներին: Ոչ մի լուր ու տեղեկատվություն չկա, թե խաղերում ընդգրկված 19 անվանակարգերի մասնակիցները ո՞ր սրահներում են անցկացնում իրենց մրցելույթները: Եթե «Առավոտը» երեկ չշտապեր «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ հանդիպելու առաջին անգամ Հայաստան ժամանող իտալացի ճանաչված ջութակահար Դոմենիկո Նորդեոյին (նրա հետ հարցազրույցը՝ առաջիկայում), չէր հանդիպի Դելփյան խաղերի «Էստրադային երգեցողություն» անվանակարգի մասնակիցներին, որոնք հանդես էին գալիս վերջին փուլում:

Կարճատեւ զրույց ունեցանք հիշյալ անվանակարգի ժյուրիի նախագահ, կոմպոզիտոր, Կիեւի երաժշտության ինստիտուտի ռեկտոր, Ուկրաինայի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ալեքսանդր Զլոտնիկի հետ: Չառանձնացնելով եւ ոչ մի մասնակցի՝ կոմպոզիտորը ափսոսանք հայտնեց, որ հայաստանյան «խաղերին» քիչ թվով մասնակիցներ կան (9 պատանի, 9 երիտասարդ): Օրինակ բերեց ռուսաստանյան Դելփյան խաղերը, որտեղ հիշյալ անվանակարգի ժյուրին, բառի իսկական իմաստով, աշխատում էր ողջ օրը: Հավելեց նաեւ, որ զարմացած է առավոտյան ժ. 10.30-ին երգիչներին մրցութային լսումների հրավիրելու համար: Մասնագետ լինել հարկավոր չէ, գիտենալու, որ վոկալիստների ձայնը ուշ է «արթնանում»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Մեծ հաղթանակի 65-ամյակին նվիրված հայաստանյան «խաղերի» պարտադիր ծրագրում ընդգրկված է 2 կատարում՝ հայրենասիրական երգ եւ տվյալ երկրի հիթը: Ա. Զլոտնիկից խնդրեցինք կարծիք հայտնել ընդհանրապես ԱՊՀ երկրների էստրադային երգարվեստի մասին: Կոմպոզիտորն ասաց, որ ինքը կարող է միայն խոսք ասել ԽՍՀՄ-ի կատարողների մասին, այդ թվում՝ նաեւ հայ: «Մինչ օրս էլ հաճույքով եմ լսում Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի եւ մյուսների երգերը՝ իրական աստղեր Զառա Տոնիկյանի, Տաթեւիկ Հովհաննիսյանի, Գեորգի Մինասյանի եւ մյուսների մատուցմամբ: Այսօրվա սերնդի մասին ոչինչ ասել չեմ կարող. ձեր երգիչներին հանդիպում ենք միայն «Եվրատեսիլ» երգի մրցույթում: ԱՊՀ երկրների մշակութային կապը ես բավարար չէի համարի եւ կոչ կանեի ձեր, մեր եւ մյուս երկրների մշակույթի լիդերներին՝ վերականգնել նախկին կապերը»:

Ինչ վերաբերում է աստղ որակումին, Զլոտնիկն ասաց, որ, ինչպես երկնքում, այնպես էլ երկրում՝ աստղերը լինում են տարբեր մեծության ու փայլի: Իր համար առաջին մեծության հայ աստղեր են ոչ միայն վերոնշյալ էստրադայի հայ երգիչները, այլ նաեւ աշխարհով սփռված հայ մեծանուն արվեստագետները, այդ թվում՝ Փարաջանովը, Արմեն Ջիգարխանյանը, Շարլ Ազնավուրը… Կարճատեւ զրույցի ավարտին էլ հույս հայտնեց, որ կգա այն օրը, երբ ԱՊՀ երկրների արվեստագետները ոչ միայն համերգային շրջագայությունների կմեկնեն յուրաքանչյուրն իր սփյուռքը, այլեւ կվերականգնվեն նախկին մշակութային լավ ու բարի, ինչու չէ՝ նաեւ օգտակար ավանդույթները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել