Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՃԱՌԸ ՊԱՐԶ ՉԷ

Օգոստոս 31,2010 00:00

Թեեւ խմելու ջրի ծորակից սննդի մնացորդներ են թափվում,  «Հայջրմուղկոյուղին» պնդում է, որ ջուրը մաքուր է

\"\"

Շաբաթ օրը տեղեկացրել ենք, որ Իջեւան քաղաքի Անկախության 23 շենքի բնակիչներից ահազանգ էր ստացվել, որ կոյուղու եւ խմելու ջրագծերի խառնվելու հետեւանքով շենքի խմելու ջուրը ոչ պիտանի է, այդ պատճառով աղիքային ինֆեկցիայով հիվանդացության դեպքեր են եղել: Իրավիճակին ծանոթանալու համար եղանք Անկախության 23 հասցեում գտնվող 9 հարկանի շենքում: 8-րդ հարկի բնակիչ Մարզպետ Ալեքսանյանը դժգոհեց. «10 օր առաջ ջրաչափի ֆիլտրը լռվել էր, քանդել ենք, մեջը բադրիջանի կորիզ, բիբարի կլեպ կար: Մեր երեխան 2 օր հիվանդ էր, փորը թուլացել էր: Նրան տնային պայմաններում բուժեցինք»:
6-րդ հարկի բնակչուհի, ռազմական ոստիկանության աշխատակից Վերգինե Դովլաթբեկյանը հայտնեց, որ իր 16-ամյա տղան էլ է հիվանդացել՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությամբ: Մասնագիտությամբ բուժքույր Վերգինեն տանն է բուժել որդուն: Ասաց՝ ինքն էլ է աղեստամոքսային տրակտի հիվանդություն ունեցել. «ջրի՞ց է, թե՞ ձմերուկից, մենք չեն կարող հստակ ասել»: Այս շենքի բակում ցայտաղբյուր կա՝ նվիրված մարզի երկրապահների նախկին ղեկավար, հանգուցյալ Բորիկ Քալանթարյանին՝ «Ձյաձ Բորյային»: Դրան էլ միացված է հարեւան շենքից ժամանակավորապես անցկացված ռետինե խողովակը, որով այսօր Անկախության 23 շենքի բնակիչները խմելու ջուր են ստանում:
«Հայջրմուղկոյուղու» հյուսիս-արեւմտյան տարածքային մասնաճյուղի «Իջեւան» տեղամասի տնօրեն Վոլոդյա Ղալումյանն ասաց, որ աղիքային վարակներով հիվանդության դեպքում բնակիչները, սովորույթի համաձայն, պատճառը համարում են խմելու ջրի աղտոտվածությունը: Պարոն Ղալումյանի խոսքով՝ օգոստոսի 23-ին Անկախության 23 շենքի բնակիչներից բողոք է ստացվել, որ մատակարարվող ջուրը կեղտոտ է: Ջրմուղի աշխատակիցները հաջորդ օրվա առավոտյան շրջել են այդ շենքի բնակարաններում, վերցրել մատակարարվող ջրի փորձանմուշներ: Այդ ջուրը հակահամաճարակային տեսչությունում ստուգման է ենթարկվել: Ստուգման է ենթարկվել նաեւ օգոստոսի 24- ի երեկոյան մատակարարված ջուրը: Երկու դեպքում էլ դրանց բաղադրության մեջ բացակայել է ամիակը, ինչը նշանակում է, որ խմելու ջրագծին կոյուղաջրեր չեն խառնվել: Տեղամասի ղեկավարությունը նաեւ հատուկ սարքավորումներով հագեցած իր լաբորատորիա-մեքենան է Սեւանից բերել Իջեւան եւ դրա միջոցով կատարված հետազոտությունը եւս ապացուցել է, որ ամիակի պարունակություն չկա: Սակայն բնակիչների բողոքն ստանալուց հետո անմիջապես դադարեցվել է շենքի ջրամատակարարումը: Տեղամասի տնօրենը չբացառեց, որ գետնի տակ խմելու ջրագծում կարող էր վթար լինել: Վթարի տեղը հայտնաբերելու նպատակով ստուգումներ են կատարվել: Բացի այդ, միջպետական ճանապարհի եզրին գտնվող կամրջից դեպի այդ շենք տանող հատվածում մաքրվել են հին, չգործող կոյուղու հորերը: Առաջիկայում Սեւանի լաբորատորիա-մեքենան կրկին կուսումնասիրի Անկախության 23 շենք մղվող ջրի բաղադրությունը: Երկու օրից կստացվի պատասխանը, վտանգի բացակայության դեպքում շենքի ջրամատակարարումը կվերականգնվի: Ըստ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային կենտրոնի՝ վերջին ամսում Իջեւան քաղաքում եւ տարածաշրջանի գյուղերում աղիքային ինֆեկցիայով հիվանդության 30 դեպք է եղել, վերջին դեպքը եղել է օգոստոսի 27-ին, Իջեւանի Բլբուլյան թաղամասում: Այս թիվը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի դեպքերի քանակը, սակայն աճը մեծ չէ: Հիվանդացության դեպքերը կենտրոնացած չեն քաղաքի մի հատվածում, այլ տարբեր հատվածներում՝ Բլբուլյան թաղամաս, Մետաղագործների փողոց, Անկախության 23 շենք եւ այլն: Բուժհիմնարկներ դիմածների ցուցակում Անկախության 23 շենքից միայն մի անուն կար՝ Ռիմա Սավդարյան: Տեսչության աշխատակիցներից մեկը, ով ցանկացավ անհայտ մնալ, ասաց, որ Իջեւանում աղիքային ինֆեկցիայի տարածման պատճառ կարող է լինել այն, որ քաղաքի բազմաթիվ բնակիչներ հանգստացել են վրացական Քոբուլեթի քաղաքում, ուր աղիքային ինֆեկցիոն հիվանդությունները շատ են տարածված:
Դեռ պարզ չէ՝ ինչպես են հողի տակ վնասված ջրագծում սննդի մնացորդներ հայտնվել, պարզ չէ, թե «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը ինչպես է քավելու իջեւանցիների առաջ իր մեղքը: Սակայն հայտնի է, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերության Իջեւան տեղամասի ղեկավար Վ.Ղալումյանը նախկին պատգամավոր, հանրապետական Արծրունի Ղալումյանի ազգականն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել