Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՆԱԼՈՎ ՄԵՐ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ ՈՐԱԿՆ ԸՆԿՆՈՒՄ Է»

Ապրիլ 28,2011 00:00

\"\" Ասում է ԱԺ անկախ պատգամավոր, խորհրդարանական «հնաբնակներից» Վիկտոր Դալլաքյանը

Մեր խորհրդարանի, մեղմ ասած, ոչ կատարյալ լինելու մասին հաճախ խոստովանում են իրենք՝ խորհրդարանականները, երբեմն էլ՝ կամա թե ակամա, անգամ իշխանության ներկայացուցիչները: Փետրվարի 28-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելը, քննարկումն անցնում էր կիսադատարկ դահլիճում; Այդ ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե այսուհետեւ քվեարկությունները կազմակերպվելու են հարցերի քննարկումից անմիջապես հետո: «Սա ինչ աշխատանքի ոճ է՝ գալ 12-ին, քվեարկել ու գնալ», -ասել էր ԱԺ նախագահը: Սրանով խորհրդարանի նախագահը ակամա խոստովանել էր, որ մեր պատգամավորներից շատերն ուղղակի կոճակ սեղմողներ են եւ, հավանաբար, անգամ չգիտեն, թե որն է իրենց կոճակ սեղմելու նշանակությունը եւ ինչ թեմայի շուրջ են կոճակ սեղմում ու արագ-արագ լքում դահլիճը: Մարտի 25-ին, երբ ԱԺ-ում քննարկվում էր ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների թեման, ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն ասաց, որ մեծամասնականով ընտրված պատգամավորները ԱԺ-ում իրենց ընտրազանգվածի խնդիրները չեն ներկայացնում եւ «նրանց տեղն ասես չգիտեն»: «Մեծամասնականով ընտրված 41 պատգամավորներից 29-ը, ընտրվելու պահից ի վեր, ծպտուն չի հանել՝ ոչ հարց են տվել, ոչ պատասխանել, ոչ գրավոր հարց ուղղել: Նրանցից 5-ը՝ պատգամավոր եղած ամբողջ ժամանակ, 1-2 ծպտուն է հանել: Էլ նրանց էֆեկտիվությունը ո՞րն է»,- վրդովվել էր պատգամավոր Հովհաննիսյանը:
ՀՀ սահմանադրության 4-րդ գլխի Ազգային ժողով-հոդված 64-ում նշվում է. «Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»: Ասել է թե՝ մեր Սահմանադրությունն ու օրենսդրությունը չի արգելում համապատասխան կրթություն եւ մտավոր պատրաստվածություն չունեցող մարդկանց օրենքներ գրել կամ այդ օրենքները փոփոխության ենթարկել: Այս առումով «Առավոտի» հետ իր տեսակետը կիսեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը. «Դուք իրավացի եք, ՀՀ սահմանադրությունը եւ օրենսդրական մյուս ակտերը ընտրվող մարդկանց համար կրթական ցենզ չեն նախատեսում: Ընդ որում, միջազգային պրակտիկան նույնպես վկայում է, որ տվյալ երկրների պառլամենտներում, նախագահների պաշտոնում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, այսինքն՝ ընտրովի մարմիններում աշխատող մարդկանց համար կրթական ցենզ չի նախատեսվում: Եթե ժողովուրդը որոշի, որ տվյալ անձը համապատասխան կրթություն չի ստացել, բայց արժանի է, եւ ժողովուրդը կգնա ու կընտրի նրան, ապա պետք է հարգել տվյալ ժողովրդի ընտրելու իրավունքը: Այսինքն՝ ընտրովի մարմինների հետ կապված իրոք նման ցենզ գոյություն չունի: Բայց ես այն կարծիքին եմ, որ, բացի գրված օրենքներից, կան նաեւ չգրված օրենքներ, որոնք ավելի գործուն ու ավելի կարեւոր են, քան՝ գրված օրենքները: Ո՞րն է խնդիրը. եւ պատգամավորները, եւ երկրի նախագահը, եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, եւ, ընդհանրապես, ցանկացած մարդ պետք է լինի կրթված, դաստիարակված, ունենա որոշակի մտահորիզոն, դավանի որոշակի արժեքների եւ լինի, ռուսական տերմինով ասած՝ «ինտելիգենտ»՝ մտավորական: Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր ի վերջո ընդունում են օրենքներ, հրամանագրեր, որոշումներ, որոնց հիման վրա մի ամբողջ հասարակություն, մարդիկ են ապրում, բնականաբար, պետք է լինեն կրթված եւ որոշակի արժեհամակարգի տեր: Բայց եթե մենք փորձենք գործող օրենքներում կրթական ցենզ մտցնել, ապա դա կհակասի մեր երկրի սահմանադրությանը»: Իսկ այն առումով, որ մեր հասարակությունը դժվար է համեմատել քաղաքակիրթ երկրների հասարակության հետ, քանի որ այստեղ սոցիալական վիճակն այնպիսին է, որ մարդիկ ընտրում են երբեմն ոչ թե արժանավորին, այլ նրան, ով տարաբնույթ ընտրակաշառքներ է տալիս։ Ի վերջո, շարքային քաղաքացու ընտրությանը խանգարում են նաեւ վերեւներից՝ երբեմն ուղղակիորեն նրա «վզին փաթաթելով» որեւէ թեկնածուի, ընտրողին զրկելով ընտրության իրավունքից: Այս առումով պատգամավոր Դալլաքյանն ասաց. «Հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը: Ինչ վերաբերում է հասարակության պատրաստ լինելուն, ապա, իմ ասած, չգրված օրենքներն ու ավանդույթները, ցավոք սրտի, առայժմ մեր երկրում սիմվոլիկ ձեւով են գործում: Չնայած ես մեր ընտրողների մասին բարձր կարծիքի եմ, բայց կա նաեւ Ձեր ճշգրիտ գնահատականը եւ տեղին մտահոգությունը, որ մարդիկ սերմացուի, 5000 դրամի, վերելակը կամ տանիքը նորոգելու կամ ասֆալտապատում իրականացնելու դիմաց իրենց ձայները վաճառում են: Բայց ես կարծում եմ, որ, անկախ ամեն ինչից, մեր երկրի ապագան այն է, որ ժողովուրդը ժամանակի ընթացքում դուրս կգա այդ տրամաբանությունից, կգնա եւ կընտրի արժանավորին, գրագետ, պատրաստված եւ կիրթ մարդկանց: Միակ ելքը դա է: Թե չէ՝ ետ նայելով տեսնում եմ, որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ գնալով մեր պառլամենտի կազմի կրթական, քաղաքական, օրենսդրական որակը աստիճանաբար ընկել է: Ես դա ասում եմ սրտի ցավով: 1990-95 թթ. պառլամենտը իր մտավոր, ինտելեկտուալ մակարդակով գերազանցում էր 1995-99թթ.-ի պառլամենտին: Եվ այդ անկման պրոցեսը՝ 1999-2003, այնուհետեւ 2003-2007, 2007-ից մինչ այսօր գնալով շարունակվել է: Պետք է լիներ հակառակը, գնալով պետք է ավելի զարգանար, բայց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով այդ վիճակն է ստեղծվել, որը ես, կրկնում եմ, ցավով եմ նշում»: «Առավոտը» հարց ուղղեց մեր ԱԺ պատմության մեջ օրենքներ գրելու հարցում ռեկորդակիր պատգամավորին, որը 1995թ.-ից պատգամավոր է եւ 81 օրենքի հեղինակ: Անհետաքրքիր չէ՞ աշխատել նման կոլեգաների հետ, ովքեր ընդհանրապես գաղափար չունեն օրենքներից ու օրենսդրությունից:
«Ես չեմ ցանկանա վիրավորել կամ թերագնահատել իմ գործընկերներին: Բայց, իհարկե, տխուր է»,- պատասխանեց պատգամավոր Դալլաքյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել