Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋԱՆՔ ՉԵՄ ԹԱՓԵԼ»

Սեպտեմբեր 30,2011 00:00

\"\"Այսպես է մեկնաբանում Ալեսանդրո Սաֆինան իր՝ շոու-բիզնեսում հայտնվելը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 29-ին կայանալիք աշխարհահռչակ երգչուհի Սեզարիա Էվորայի համերգը, որի հայտագիրը փակցված էր սեպտեմբերի 20-ից, 27-ին փոխարինվեց մեկ այլ հանրահայտ երգիչ՝ Ալեսանդրո Սաֆինայի համերգով: Երեկ կայացավ իտալացի տենորի մենահամերգը:
Նախօրեին հրավիրված ասուլիսում «Առավոտը» երգչից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պատահում, որ արդեն կայացած օպերային երգիչներից ոմանց, հատկապես տենորներին, ձգում է շոու-բիզնեսը. գուցե պատճառը ավելի մեծ համբավ ձեռք բերելն ու շատ փողեր վաստակե՞լն է: «Ես եղել եւ մնում եմ օպերային երգիչ: Շոու-բիզնեսում հայտնվելու համար ջանք չեմ թափել, պարզապես «Կլոն» հեռուստասերիալի համար «Լունա» երգի ձայնագրությունը տարածվեց աշխարհով մեկ: Իմ կյանքն էլ այդպես դասավորվեց»,- ժպտալով հայտնեց 48-ամյա Սաֆինան: Հետաքրքրվեցինք նաեւ, թե բեմում խաղընկեր ունեցել կամ ճանաչո՞ւմ է աշխարհով մեկ սփռված հայազգի օպերային երգիչներից: Արվեստագետն ասաց, թե օպերային եւ ոչ մի հայ երգչի չի հանդիպել, իսկ Հայաստանն ու հայերին ճանաչում է միայն Շարլ Ազնավուր երեւույթով:
«Առավոտի» հետ զրուցելիս անվանի արվեստագետները միաբերան ասում են, թե իրենց գրաֆիկը անասելի խիտ է եւ շուրջ երկու տարի առաջ արդեն կազմված: Հետեւաբար հարցրինք, թե ինչպե՞ս ժամանակ գտավ այցելել Հայաստան, այն դեպքում, երբ ընդամենը երկու օր է, ինչ տեղեկացվել է համերգի մասին: Երգիչը նեղսրտեց, ասելով, թե ինքը չի եկել փոխարինելու Սեզարիա Էվորային, այդպես էլ հարցը թողնելով անպատասխան:
Գուցե «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանի անհաջող թարգմանությո՞ւնն էր պատճառը:
Խոսվում էր, թե Ա. Սաֆինայի համերգը «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում է կազմակերպվել, բայց մինչ ասուլիսը «Խրոնոգրաֆ» ժամացույցի եւ ոսկյա զարդերի խանութ-սրահի գլխավոր կառավարիչ Համազասպ Մելքումյանը մեզ պարզաբանեց, որ «Երեւանյան հեռանկարները» ընդամենն օգնում է, քանի որ սա իրենց առաջին մշակութային միջոցառումն է՝ մտածված խանութ-սրահի հաճախորդների համար: Համերգի տոմսերի շուրջ 70%-ն էլ հրավերներ են հենց հաճախորդներին: Ավելի ուշ պարոն Մելքումյանը համակարծիք էր մեր այն դիտարկմանը, թե անհրաժեշտ էր ասուլիսին հրավիրել պրոֆեսիոնալ թարգմանիչ: Հարցին էլ, թե ինչպե՞ս է կատարվել համերգին մասնակից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընտրությունը, Հ. Մելքումյանը հակիրճ պատասխանեց. «Խելացի մասնագետների հետ խորհրդակցելու արդյունքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել