Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ օնկոլոգիական հիվանդություններ Հայաստանում էլ հնարավոր է լիարժեք բուժել, բայց որոշ մասնագետներ «չուզողություն են» անում

Հոկտեմբեր 10,2012 18:19

Այսօր մի շարք օնկոլոգիական հիվանդություններ հնարավոր է լիարժեք բուժել, դրան մեծ գումարներ էլ անհրաժեշտ չեն, առայժմ օնկոլոգների եւ կլինիկաների ղեկավարների համագործակցությունն է առաջնային:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը:

Պարոն Նազարեթյանի խոսքերով, այսօր Հայաստանում հնարավոր է կիրառել միջազգային բժշկական պրակտիկայում վաղուց արդեն ընդունված մեթոդը` ցողունային բջիջով աուտոպատվաստումը, որով մեր հիվանդների մեծ մասի կյանքը կարելի է փրկել:

Ըստ բժշկի, մեզ մոտ որոշ ուռուցքների բուժման համար նախատեսված քիմիայի դոզան այն ծավալը չէ, ինչ արվում է արտերկրի կլինիկաներում, որտեղ հիվանդները շատ ավելի բարձր դոզաներ են ստանում: Միհրան Նազարեթյանի պատմելով, դրսում բարձր դոզա կարողանում են տալ, քանի որ դրա հետեւանքների դեմ պայքարելու հնարավորություն էլ ունեն: Այսինքն, ինչպես պարոն Նազարեթյանն ասաց. «Եթե մեզ մոտ տան այդ բարձր դոզան,  որը սպանում է ուռուցքը, բարձր դոզայի ժամանակ ընկնում է լեյկոցիտների, տրոմբոցիտների եւ արյան կարմիր գնդիկների քանակը, այդ վիճակից հանելը նշանակում է արյուն եւ անհրաժեշտ բջիջներ ներարկել, որը չի արվում մեզ մոտ: Հայաստանում նախընտրում են ավելի «փափուկ» քիմիաթերապիա, որը լավ ա, բայց լիարժեք արդյունք չի տալիս»: Եվ քանի որ այսօր «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում» հնարավոր է ստանալ ցողունային բջիջ, ուստի, բժշկի խոսքերով, ընդամենն անհրաժեշտ է օնկոլոգների նախաձեռնությունը՝  աշխատել ռեեստրի հետ. «Պետք է անցնել բարձր դոզաների, սակայն մինչ հիվանդին քիմիաթերապիա անելը, ռեեստրում հիվանդից պետք է վերցնել ցողունային բջիջը, իսկ քիմիաթերապիան ընդունելուց հետո, երբ հիվանդի մոտ լեյկոցիտների, տրոմբոցիտների եւ արյան կարմիր գնդիկներն ընկնեն, արդեն բժշկի ցուցումով, հենց այդ նույն հիվանդի ցողունային բջիջներով նրան աուտոպատվաստում անել: Այս մեթոդով մենք հիվանդի առողջական լավագույն արդյունքին կհասնենք»:

Մեր հետ զրույցում պարոն Նազարեթյանն ասաց, համապատասխան բուժհիմնարկների ղեկավարներն ու մասնագետներն անհասկանալի պատճառվ առայժմ չեն շտապում համագործակցել ռեեստրի հետ, մինչդեռ սա առայժմ միակ լավագույն տարբերակն է օգնել հիվանդներին:

Իսկ համագործակցելու համար կլինիկաներից պահանջվում է հիվանդի համար մեկուսացված սենյակ, կատարյալ հիգենիկ պայմաններ եւ համապատասխան մասնագետներ: Սակայն կա նաեւ մեկ այլ լուրջ խնդիր, որպեսզի ռեեստրի առաջարկով հիվանդներին հնարավոր լինի իսկապես օգնել. դա ճիշտ` 100%-անոց ախտորոշում կատարելն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Մանրամասները`  «Առավոտի» առաջիկա համարներից մեկում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031