Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ հացադուլից. Նա այժմ ընտանիքով Էջմիածնում է (Տեսանյութ)

Մարտ 31,2013 11:32

«Ինձ տվեց Հայրենիքի եւ հավատի նկատմամբ հարության հրամայական, եւ սա ապրեցի, որպես քաղաքացի եւ հուսով եմ, որ իմ համաքաղաքացիները բոլորը նույնպես կզգան այդ հրամայականը եւ շատ եմ ուզում, որ այսօրվա պատգամով, ու օրհնանքով, աղոթքով  ապրիլի 9-ին ունենաք ազգային միասնությունը: Ազգային միասնություն, որը մի հոգուց կախված չէ: Ժողովուրդը փետրվարի 18-ին պահանջեց… Մենք մտնում ենք այն շրջան, որ ամեն մեկս սթափ եւ ապագայի զարկերակով մտածի յուրաքանչյուր քայլի մասին, դուրս գա ռեպլիկներից, չար որակումներից»,- այսօր Ազատության հրապարակում հացադուլից դուրս գալուց առաջ ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, թե ինչ է տվել 21 օրվա հացադուլը:

Պարոն Հովհաննիսյանը գնալուց առաջ նաեւ շնորհակալություն հայտնեց բոլորին.

«Այսօր քրիստոնեական աշխարհի, մարդկության եւ Հայաստանի, Հիսուս  Քրիստոսի  հարության տոնն է, խաչելությունից հետո: Ինչպես գիտեք, այսօր ինքմաքրման իմ պայքարի այս փուլն ավարտվում է: Ուզում եմ իմ երախտագիտութունը հայտնել, մեր   համաքաղաքացիներին, որոնք այս 21 օրվա ընթացքում եկան զորակցելու, օրհնելու գնահատելու, քննադատելու, խնդրելու եւ ընդհանրապես մեծ  ուժ ու լիցք տալու ինձ ու իմ ընտանիքին: Թե ընծաներով՝  սուրբ գիրքը, խաչը, Նժդեհի նվիրված  պատմվածքներ, խունկ, ծաղիկ…շնորհակալություն մեր երիտասարդներին,  որոնք զօր ու գիշեր ցույց տվեցին, որ սա մի հոգու պայքար չէ, մի հոգու հարություն չէ, այլ մի ողջ ժողովրդի եւ հատկապես երիտասարդ սերնդի:  Իրենց գիտակցությունը փոխվել է, ուրախ եմ, որ մեր ապագան լավ ձեռքերում է: Այն կամավորներին, որոնք գիշեր ցերեկ իմ կողքին էին, ես հանգիստ, մուշ-մուշ քնում էի, իսկ իրենք ցուրտ գիշերը՝ անձրեւի տակ,  մնում էին, եւ իրենք շնորհակալության համար չէ, որ անում էին, բայց առանց իրենց չպիտի կարողանայի այս 21 օրն այսպես անցկացնել… վերջում,  բայց ոչ երբեք նվազագույնը, իմ ընտանիքին, ովքեր իրենց ներկայությամբ, տանջանքով, տառապանքով, սիրով ինձ հետ այս  ճանապարհն անցկացրին: Մեր հաջորդ հավաքը ապրիլի 5-ին է, կվերադառնամ մասնակցել այդ կազմակերպչական հավաքին, որը պիտի նախապատրաստի ապրիլի 9-ի համաժողովրդական հավաքը նոր Հայաստանի երդմնակալությունը»:

Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ վաղը Սյունիքից  սկսվող մարզային այցելություններով իրենց  ապագա անելիքիների մասին  կզեկուցեն, եւ բոլոր մարզերով շրջելու են մինչեւ հինգշաբթի. «Այս հրաժեշտի խոսքից հետո իմ ընտանիքով կգնանք Էջմիածին՝ մասնակցելու պատարագին: Այս օրը կանցկացնեմ ընտանիքիս հետ, իսկ վաղը` Կապան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031