Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչակազմի խոզերը տհաճությամբ են ուտում կալանավորների սնունդը

Ապրիլ 11,2013 16:29

Խնդրում և պահանջում ենք ՀՀ քրեակատարողական օրենսգրքի և իրավական այլ ակտերի բարեփոխում: Խնդրում ենք, որպեսզի ՀՀ ԱՆ կալանավայրերի վարչությունը հիմնվի և գործի ՀՀ սահմանադրության և միջազգային իրավական կոնվենցիաների սկզբունքներով և նորմերով: Ինչպես նաև պահանջում ենք մարդու իրավունքների սկզբնական հիմնարար հիմունքները:

Խորհրդարանից և ԱՆ-ից պահանջում ենք կալանավորված և դատապարտված անձանց համար այնպիսի բարեփոխումների փաթեթ ստեղծել, որ, ՀՀ նախագահին
առաջարկվող համաներման միջնորդությունը տարածվի առաջին
հերթին, քրեական օրենսգրքի ոչ միայն թեթև, միջին կամ ծանր հանցանքների վրա, այլ գոնե ինչ-որ կերպ ռեժիմային փոփոխմամբ ազդի նաև առանձնապես ծանր
հանցանք կատարած անձանց պատժի վրա: Քանզի, մասնավորապես, 2009թ.
դեկտեմբեր ամսից ադմինիստրացիայի ներքին հրահանգով դադարեցվել է կիրառվել քր. օր.-ի 104, 175, 266, ինչպես նաև 112-202, 222 և էլի մի շարք այլ հոդվածների վաղաժամկետ ազատումը:
Ասածներիս ճշմարտացիությունը կարող եք ճշտել, քանզի 2009թ.-ի դեկտեմբեր
ամսից ցայսօր, վերը նշված հոդվածներով դատապարտված ոչ մի անձի հանդեպ չի
կիրառվել վաղաժամկետ ազատում: ՀՀ նախագահին խնդրում ենք այս գլոբալ
հարցին տալ լուրջ իրավական մոտեցում, քանզի բանտերը և քրեակատարողական
հիմնարկները լեփ- լեցուն են կալանավորներով, և հասարակ քունն իսկ
դարձել է բաղձալի երազանք, քանզի 8 (ութ) հոգու համար նախատեսված խցում
իրենց պատիժն են կրում 18-24 մարդ, իսկ դա նշանակում է, որ մարդու օրգանիզմի
համար նախատեսված 8-ժամյա քնի բացակայությունից նրա մոտ առաջանում
է նյարդահոգեբանական գերլարում, որն էլ պատճառ է հանդիսանում տարաբնույթ
հիվանդությունների առաջացմանը:
Մեծարգո իշխանավորներին կցանկանայի տեղեկացնել նաև, որ չկան անգամ սանիտարահիգիենիկ տարրական պայմաններ: Մեզ հետ, նույն խցում, իրենց
«պատիժն» են կրում և մեր սննդից հավասարաչափ օգտվում խավարասերներն
ու առնետները: Եվ դա կալանավայրերի վարչությունը համարում է «նորմալ» երևույթ:
Արտաբերեմ քրեակատարողական վարույթը կայացնող վերադասի խոսքերը.
«Կռիսները պետք է ապրեն կռիսների հետ»:
Նաև խնդրում ենք վերանայել երկարատև և կարճատև տեսակցության սենյակների քանակը՝ հաշվի առնելով ձերբակալված կալանավորների և դատապարտյալների քանակը ՔԿՀ-ում:
Խնդրում ենք ուշադրություն դարձնել բուժանձնակազմի մասնագիտական մակարդակին, նրանց սակավ հաստիքներին, հիվանդների ստացիոնար և ամբուլատոր բուժման կարգի, ինչպես նաև ժամկետանց դեղերի առկայությանը, որոնք օգուտ տալու փոխարեն դեռ մի բան էլ վնասում են:
Խնդրում ենք բարելավել կալանավայրերի սնունդը, որի չափաբաժինը ամրագրված է օրենքով: Բացի այն, որ չի պահպանվում օրենքով
նախատեսված չափաբաժինը, ուզում ենք նշել, որ պատրաստված սնունդն էլ այնքան անորակ է, որ պարզապես հնարավոր չէ ուտել: Այն ուտում են վարչակազմի խոզերը, այն էլ՝ տհաճությամբ:
Խնդրում ենք կարգավորել նամակագրության հարցը, քանզի մեր գրած նամակները ինչ-ինչ պատճառներով չեն հասնում իրենց հասցեատերերին, որը օրենքի խախտում է վարչակազմի կողմից, ու մենք դա ոչ մի կերպ չենք կարողանում ապացուցել:
Խնդրում ենք կարգավորել չհիմնավորված տույժերի «հիմնավորումը», որը կատարվում է
դիտավորյալ՝ վաղաժամկետ չազատելու համար, որն էլ իր հերթին դրդում է կալանավորներին և դատապարտյալներին գնալ ինքնախեղման:
Խնդրում ենք Ձեզ հաշվի առնել, որ մենք Ձեզանից մեկն ենք՝ ՀՀ քաղաքացիներից մեկը, որոնց սպասում են ընտանիքի անդամները, և ինչպես մենք, այնպես էլ յուրաքանչյուր ոք կարող էր կատարել հանցանք և հայտնվել ճաղերի այս կողմում, և ինչպես մենք, այնպես էլ Դուք կարող եք անցնել այս «ԴԺՈԽՔԻ» միջով:
Եթե մեր ճակատագրերը Ձեզ համար մեկ չեն, ապա այս հարցերի փաթեթը դիմում-
խնդրանքի տեսքով դրեք քննարկման, որի համար էլ հայտնում ենք մեր կանխավ շնորհակալությունը:


Դիմող՝
«Բարեփոխում» ակցիայի կազմակերպիչ, կալանավոր` Զավեն Մերուժանի
Մակարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կառավարության կողմից արտերկրից հայերին Հայաստան «կանչելու» «Արի տուն» սուտ ծրագրի հսկայական գումարները թող տրամադրվեն բանտարկյալների հոգեմարմնական ռեաբիլիտացիայի՝ վերականգնման և նրանց տուն վերադառնալու համար:
    Արտերկրի հայը, երբ որ անհրաժեշտ լինի՝ ինքն այն ժամանակ կվերադառնա:
    Ի վերջո, հանցագործը ՝հանցագործ չի ծնվել. նա այդպիսին դարձել է և մեծամասամբ, տվյալ հասարակարգի սխալ կառուցվածքի հետևանքով: Նրանց մեծ մասը տվյալ հասրակարգի զոհերն են:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930