Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեուռուցքաբանության ոլորտը զարգանում է». Դավիթ Գեւորգյան. (Տեսանյութ)

Մարտ 11,2014 21:04

«Առաջնահերթ կարեւորություն  է ձեռք բերելու այն, որ մենք փորձելու ենք դուրս բերել եւ բացահայտել հենց աուդիտորիայի մոտ այսպես կոչված հուզական այրման կամ սպառման համախտանիշի առկայությունը (տվյալ սինդրոմը հատուկ է այն մարդկանց, որոնց գործունեության բնույթն այնպիսին է, որ իրենք անմիջական շփում/ աշխատանքներ են տանում մարդկանց հետ), որը բավական հաճախ հանդիպող երեւույթ է կապված ստրեսային իրավիճակներում աշխատանք իրականացնող մարդկանց գործունեության հետ: Իսկ գաղտնիք չէ այն, որ ուռուցքաբանության ոլորտը բավականաչափ ստրեսային գործունեություն է, եւ, այդ իմաստով, միջին օղակը` բուժանձնակազմը առավելապես վտանգված գոտում է գտնվում, քանի որ գտնվում է հիվանդների հետ անմիջական խնամքի եւ շփման ոլորտում: Հիմնական նպատակը սեմինարի լինելու է այդ կարիքների բացահայտումը թե′ տեսականորեն, թե′ պրակտիկորեն կոնկրետ լսարանի կողմից, եւ որոշակի առաջարկների քննարկում աշխատողների հետ` ի՞նչ կարող ենք անել կանխարգելելու կամ հաղթահարելու արդեն առկա այդ հուզական այրման համախտանիշը: Մենք փորձելու ենք դուրս բերել իրենցից իսկ` ինչքանո՞վ են իրենք տեսնում խնդիր իրենց հոգեբանական կամ հուզական վիճակում, եւ արդյոք իրենք պատրաստ են կամ ցանկություն ունեն համագործակցելու` այդ խնդիրները հարթելու համար»,-այսօր Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում «Առավոտի» հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գեւորգյանը:

Urucqabanutyan-kentron-2

Երեւանի պետական համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնը եւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական հիվանդանոցը «Ուռուցքաբանական հիվանդների հետ աշխատանքի հոգեհուզական խնդիրները եւ դրանց հաղթահարումը» խորագրով սեմինար-քննարկումը կազմակերպել էր համատեղ համագործակցությամբ: Պրն. Գեւորգյանը հայտնեց, որ հիմնական նպատակն այն է, որ Հայաստանում գործող ուռուցքաբանական կենտրոններին կամ հիվանդանոցներին կից գործեն հոգեբանական աջակցության ծառայություններ.

«Խնդիրը` ուռուցքաբանության մեջ հոգեբանական աջակցության ծրագրերի եւ անհրաժեշտության, վաղուց արդեն հղացած մի բան է: Եվ, արտերկրում 70-ական թթ.-ից արդեն գործում է, զարգանում է բավականաչափ մեծ տեմպերով, այսպես կոչված հոգեուռուցքաբանություն ոլորտը, այսինքն` սա ոլորտ է, որը գտնվում է երկու գիտությունների միջակայքում` ուռուցքաբանության եւ հոգեբանության, եւ, որի հիմնական ֆունկցիաները կայանում են ինչպես ուռուցքաբանական հիվանդների հոգեբանական վիճակի բարելավման եւ իրենց բուժման նպաստման գործընթացներում, այնպես էլ` բուժանձնակազմի եւ հիվանդության հետ առնչվող բոլոր օղակների հոգեբանական վիճակի բարելավման: Գաղափարը հղացավ հենց ելնելով այդ արդիականության զգացողությունից, որ ունեինք թե′ մենք, թե′ բժիշկները»:

Երեւանի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի ասպիրանտ Եվան պատմում է, որ Դավիթ Գեւորգյանի հետ իր ուսանողական տարիներին կատարած հետազոտությունը այժմ «պրակտիկ աշխատանքի» ձեւով է հանդես գալիս. «Հետազոտությունում, որ այսօր կներկայացվի… մենք այդտեղ հետազոտել ենք հինգ հիմնական խումբ` հիվանդներ, մտերիմներ, միջին բուժանձնակազմ(հենց որոնց համար այսօր սեմինարն է կատարվում), բժիշկներ եւ առնչություն չունեցող մարդիկ, որովհետեւ փորձեցինք հասկանալ վերաբերմունքը ոնց է քաղցկեղի հանդեպ, որովհետեւ մի օղակը անմիջականորեն կապված է մյուսի հետ. չի կարող օրինակ հիվանդի վերաբերմունքը չանդրադառնալ իր մտերիմի վրա, կամ` բժշկի վերաբերմունքը չանդրադառնալ հիվանդի վրա եւ այլն»:

Թե ինչու՞ են իրենք ուշադրությունն ավելի շատ սեւեռել հենց միջին բուժանձնակազմի հոգեվիճակների վրա, հոգեբանը պատասխանում է, որ նրանք շատ ավելի խոցելի են հուզական առումով. շատ են ներգրավված հիվանդների կենցաղում: Իսկ բժիշկները հիվանդների հետ հարաբերություններում ավելի պաշտոնական են. «…Իրենց բուժումներ են նշանակում, իսկ միջին բուժանձնակազմն այն մարդիկ են, ովքեր մնում են հիվանդի հետ, ովքեր հոգ են տանում իրենց կենցաղի մասին, խոսում են: Բայց այդ ամեն ինչը անխուսափելիորեն անդրադառնում է իրենց վրա»:

Քննարկման ընթացքում բուժանձնակազմին բաժանվեցին հոգեբանական թեստեր, որոնք իրենց մեջ ներառում էին աշխատանքային առօրյայի հետ կապված հարցեր:

Դավիթ Գեւորգյանը հավելեց, որ մոտ մեկ ամիս առաջ համալսարանի հոգեբանական կենտրոնում տարբեր հիվանդանոցների բժիշկների, այդ թվում նաեւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական հիվանդանոցի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ կազմակերպել էին իրազեկման սեմինար` «կապված օնկոհոգեբանության/ ուռուցքահոգեբանության զարգացման միտումների եւ անհրաժեշտության հետ». «Եվ այդ սեմինարը ցույց տվեց, որ բժիշկների կողմից նույնպես կա հետաքրքրվածություն եւ իրենք տեսնում են պրակտիկորեն հենց ստացիոնար համակարգում հոգեբանի առկայության կարիք եւ ինչ-որ տեղ հասկանում են դրա առանձնահատկություններն ու անհրաժեշտությունը, սակայն լավ չեն պատկերացնում` ինչպես դա կարող ենք անել եւ ինչ ձեւով է դա պետք սկսել անել: Մենք կարծես` եկանք ընդհանուր պայմանավորվածության այդ հանդիպմանը, որ հետեւողականորեն որոշ սեմինարների կամ իրազեկման քննարկումների կլոր սեղանների շարք կազմակերպենք արդեն տեղում` կոնկրետ հիվանդանոցներում»:

Մանրամասները` տեսանյութում

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31