Լրահոս
Օրվա լրահոսը

«Կխնդրեի մեղադրականները մի կողմ դնել». Գագիկ Հարությունյանը նկատողություն արեց Հակոբ Հակոբյանին

Մարտ 31,2014 18:40

«Երբ դուք մեզ մեղադրում են սեփականազրկման մասին, չէ՞ որ դա քաղաքացու  վաստակն է, ինչպե՞ս չտանք հետը տանի»,-այսօր ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության դատաքննության ժամանակ իր եզրափակիչ ելույթում այսպես արտահայտվեց ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Խոսելով հաճախ հնչող հարցի մասին, թե որոնք են այն երաշխիքները, որ հետագայում քաղաքացուն վերադարձվելու են իր կուտակած գումարները, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Երաշխիքների հետ կապված ասեմ, որ մեր սոցիալական ապահովության այսօրվա համակարգը բացարձակ այլ երաշխիքների համակարգ է: Յուրաքանչյուր քաղաքացու հարց եմ տալիս, ո՞վ ունի երաշխիք իր՝ քառասունհինգ տարվա փոխանցած հարկերի դիմաց կենսաթոշակ ստանալու: Երբ օրենքում ամրագրում ենք երաշխիք՝ կառավարությանը պարտադրում ենք երկուսուկես տոկոս առավելագույնը գումար կուտակել, փոխհատուցել մարդու կենսաթոշակը, մեզ մեղադրում են չգիտես՝ ինչի՞ համար»:

Այնուհետև Հակոբ Հակոբյանը սկսեց հռետորական բնույթի հարցեր բարձրացնել. «Ես ուզում եմ մի հարց տալ, որի պատասխան չեմ ակնկալում: ՍԴ համապատասխան որոշման արդյունքում չի կասեցված ոչ հաշվառումը, ոչ էլ գումարի փոխանցումը: Տույժ տուգանքների վերաբերյալ դրույթն է կասեցված, այսինքն՝  օրենքը ըստ էության գործում է: Օրենքի գործողությունը  կատարելու համար կառավարությանը մեղադրում են ուժ կիրառելու մեջ: Ուստի այդ դեպքում ինչո՞ւ է մասնակցություն ցուցաբերել հինգ հազար մարդ, չէ՞ր կարելի պետական մակարդակում հաշվվող ութսուն հազար անձանց վրա էլ ուժ գործադրել»:

Արդյոք ժողովրդի հետ խորհրդակցե՞լ են հարցին իր ելույթում պատասխանելիս Հակոբ Հակոբյանը հիշեցրեց, որ «խորհրդային միության բնորոշ հրամայական մանդատը մեզանում գոյություն չունի, իսկ ես քվեարկելու լիազորություն ստացել եմ 31 հազար ընտրողներից»:

Այնուհետև Հակոբ Հակոբյանը սկսեց խոսել իրենց նկատմամբ «խոսքի փոխված ժանրի» մասին ու նշեց, թե ինքն էլ է նույն ժանրով խոսելու: Ու ասաց. «Իմ ձայնով ամրագրված կանդրադառնամ ՍԴ մասին օրենքի որոշ դրույթներին և հանրային վեճերի քննության առանձնահատկություններին: Ըստ այդմ՝ ՍԴ-ն ի պաշտոնե պարզում է  գործի բոլոր հանգամանքները՝ չսահմանափակվելով կողմերի միջնորդություններով ու առաջարկություններով: Եթե եկած երկու օրերին դիմող կողմը ներկայացրել է գործի ելքի համար նշանակություն ունեցող որևէ ապացույց, որին ես պիտի հակափաստարկ բերեի, ապա ես կխնդրեմ բարձր դատարան, իմ ուշադրությունը բերել դրա վրա, քանի որ ես նման բան չեմ տեսել: Լսել եմ դասախոսություններ, այն էլ ոչ այն մարդկանց կողմից կազմված, ովքեր կարդում էին, այլ այն մարդկանց կողմից՝ ում համար կարդում էին»:

Այս հարցում միջամտեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը. «Եզրափակիչ խոսքը պետք է լինի ըստ էության, այլ ոչ թե մյուսներին կամ ՍԴ անդամներին սահմանադրական դատավարության կանոնները սովորեցնելը: Դրա համար կխնդրեի մեղադրականները  մի կողմ դնել»:

Այնուհետև Հակոբ Հակոբյանը շարունակեց իր «հակափաստարկները» ներկայացնել: Նահանջ տարին դրանցից մեկն էր, ինչը դահլիճում ծիծաղ առաջացրեց. «Հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ 1974 թվականը: Ես էլ կպատասխանեմ ինչո՞ւ անձամբ պետք է վաթսուներեք տարեկանում գնալ թոշակի, ինչո՞ւ է անչափահաս համարվում մինչև տասնութ տարեկանը: Կամ ինչո՞ւ է երկրի ամենաբարձր օրենքով սահմանված, որ ՀՀ նախագահ կարող է դառնալ 35 տարին, ոչ թե 34 տարին 364  օրը լրացած անձը, կամ ՍԴ անդամ կարող է դառնալ 35 տարին լրացած, ոչ թե 34 տարին 364 օրը լրացած անձը, նահանջ տարին էլ չհաշված»:

Aravot.am-ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց՝ պատասխանող կողմի փաստարկները, մասնավորապես «նահանջ տարվա» հետ կախված հիմնավո՞ր են: Նա պատասխանեց. «Նահանջ տարին կարևոր տարի է, բայց ինչքանո՞վ դա կապ ունի այսօրվա քննարկվող հարցի հետ»:

Մեր մյուս հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է այն, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառումը հետաձգվի, պարոն Հակոբյանը պատասխանեց. «կարծում եմ, որ դա ճիշտ տարբերակ կլինի: Չեմ ուզում գուշակությամբ զբաղվել, բայց չեմ կարծում, որ հայցն ամբողջության կբավարարվի»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց կանխատեսումներ անել ՍԴ որոշման մասին և մեկնաբանել գործի քննության ընթացքը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31