Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավականաչափ թույլ դիմորդներ են «ներխուժում» բուհեր». ռեկտոր

Հունիս 19,2014 22:02

«Այսօր բուհերի համար ամենաառաջնային խնդիրը ուսանող ունենալն է և որակի ապահովումը: Պիտի որակյալ մասնագետներ տաս, որպեսզի նրանք կարողանան իրենց տեղը գտնել կյանքում և իրենց աշխատանքն ունենալ, որովհետև այսօր գործատուն միայն որակյալ մասնագետ է պահանջում, և եթե մենք չթողարկենք որակյալ մասնագետներ, ապա ո՞ւմ է պետք իր մասնագիտությանը չտիրապետող «մասնագետը»,- ասում է Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը:

Մ. Խորենացու անվ. համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանն էլ թեև գիտի, որ ուսանողների պակասը խնդիր է բոլոր բուհերի համար, որովհետև, ընդհանրապես, ցանկացած կազմակերպություն գոյատևում է ֆինանսական միջոցներով, բայց սա, ըստ ռեկտորի, նաև հակամարտության մեջ է մտնում որակի հետ. «Գնալով ընդունելության շեմն իջեցվում է, և բավականաչափ թույլ դիմորդներ են «ներխուժում» բուհեր, ինչն ընդհանուր որակի վրա բացասաբար է ազդում: Կարծում եմ, որ այս խնդիրների հետ կապված արժե որոշակի հարցեր վերանայել»,- ասում է Ա. Աղաբաբյանը:

Նա առաջարկում է առավել մեծ ուշադրություն դարձնել ավարտական աշխատանքներին և քննություններին, որպեսզի հնարավոր լինի հստակ տեսնել, թե ինչպիսի մասնագետներ են պատրաստել տարիների ընթացքում:

Նա նաև համոզված է, որ առաջավոր ուսանողների համար պետք է լավ պայմաններ ստեղծել. «Պետությունն իր ունեցած պոտենցիալին պիտի տեր կանգնի,- ասում է Ա. Աղաբաբյանը,- հակառակ դեպքում դարձյալ կունենանք ուղեղների արտահոսք, մեծ ընդունակությունների տեր երիտասարդները կբացակայեն հանրապետությունից, և մենք դարձյալ ապագայի ծրագրերի հետ կապված խնդիրների առջև կկանգնենք»:

Ինչ վերաբերում է այս տարվա դիմորդների ընդհանուր թվաքանակի անկմանը, Մհեր Մելիք-Բախշյանն ասում է, որ Մանկավարժական համալսարանի դիմորդների թվի վրա դա այնքան էլ չի ազդել. «Անցյալ տարի ունեինք 1680 դիմորդ, իսկ այս տարի՝ 1620: Տարբերությունը չնչին է, և այդ տեսակետից մենք, կարելի է ասել, չենք տուժել»,- ասում է պրոռեկտորը:

Անդրադառնալով այս տարվա առավել պահանջված մասնագիտություններին՝ Մհեր Մելիք-Բախշյանն ասաց, որ հումանիտար մասնագիտությունների ուղղությամբ դիմորդների պակաս երբևէ չեն ունեցել, մինչդեռ, ֆիզիկայի, մաթեմատիկայի գծով դիմորդների պակաս իսկապես զգացվում է:

Ա. Աղաբաբյանն էլ ասում է, որ Մ. Խորենացու անվան համալսարան առավել հաճախ դիմում են «Տնտեսագիտություն», «Իրավագիտություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտություններով: Նրա խոսքով՝ մեծ պահանջարկ ունի նաև «Մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30