Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի եզրափակիչ փուլն ավարտվեց

Հուլիս 26,2014 16:09

Ծաղկաձորի մարզաբազայում ավարտվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին երկրորդ փուլում չորս տարիքային խմբերի յոթ մրցաձեւերում Հայաստանի բոլոր մարզերի, Երեւանի եւ Արցախի 1-ից 3-րդ տեղերն զբաղեցրած 144 լավագույն ընտանիքները, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող 16 ընտանիքներ:

Հայտնի դարձան բոլոր տարիքային խմբերում ըստ մրցաձեւերի հաղթողներն ու մրցանակակիրները: Վաղն ընդհանուր թիմային հաշվարկով ՀՀ նախագահի գավաթներին կարժանանան, համապատասխանաբար, Երեւանը, Շիրակը եւ Կոտայքը:

Այսօր, ամփոփելով «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, միջոցառման գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն Aravot.am-ին ասաց. «Բազմիցս նշել եմ, որ տարածաշրջանում ամենամասսայական այս մրցույթը տարեցտարի դառնում է ավելի պահանջվող, քանի որ գաղափարի հիմքում դրված է ընտանիքը, ընտանիքի առողջությունը: Յոթ մրցաձեւերի պայքարն ընթանում է լուրջ մրցակցության պայմաններում: Ուզում եմ ասել, որ բացի մրցանակային լուրջ պարգեւներից, որ ստանալու են հաղթող եւ մրցանակակիր ընտանիքները, այն միասնությունից, որ նրանց մեջ հաստատվել է այս յոթ օրերի ընթացքում եւ շարունակվելու է, արդեն ավելի շատ կարեւորվում է անցած տարվանից հիմնադրված նախագահի կողմից հանձնվող թիմային գավաթների նշանակությունը, քանի որ այն Հայաստանի մարզերում, Երեւանում եւ Արցախում մասսայական ֆիզկուլտուրայի եւ առողջ ապրելակերպի արմատավորման ու տարածման ուղղությամբ կատարվող աշխատանքների գնահատումն է: Այս առումով ուրախալի է, որ այս տարի բոլոր տարիքային խմբերում ու մրցաձեւերում արդյունքների առումով աշխարհագրությունը կտրուկ փոխվել է եւ Երեւան քաղաքն արդեն շատ լուրջ  մրցակիցներ ունի: Սա նշանակում է, որ առողջ ապրելակերպն իրականում մտել է ոչ միայն երեւանաբնակների, այլեւ Հայաստանի մարզերում եւ Արցախում բնակվող ընտանիքների կյանք: Խոսքերիս ճշմարտացիությունը կհաստատվի վաղը, երբ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի պաշտոնական փակման արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանից պարգեւներն ստանալու համար կհայտարարվեն անհատական ձեւերում հաղթած ընտանիքների ազգանունները, տարածաշրջանները, որ նրանք ներկայացնում են:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթ 2014»-ը նախորդներից առանձնացավ նաեւ հրաշալի նորամուծությունով. անցած տարի հանրապետության նախագահի առաջարկով այս մարզական միջոցառման պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ փուլից ներգրավվեցին նաեւ Հայաստանի, Արցախի ու Երեւանի հաշմանդամություն ունեցող ընտանիքները, որոնք մեր հասարակության լիիրավ անդամ են եւ նրանց համար ստեղծվում են հավասար հնարավորություններ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031