Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը

Հուլիս 29,2014 17:16

Հուլիսի 29-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը, որը վարում էր նախարար Հրանուշ Հակոբյանը:

Օրակարգում էին Սփյուռքի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գործուն Հայ կանայք. Համայնքերի կառուցում ամբողջ աշխարհում» համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկատվությունը, Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության 2013 թվականի մարտից մինչև 2014 թվականի հուլիսը իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, 2013-14 թթ. ընթացքում ՀՀ ՍՆ ԱՊՀ հայ համայնքների վարչության կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը, ինչպես նաեւ ընթացիկ հարցեր::
«Գործուն Հայ կանայք. Համայնքերի կառուցում ամբողջ աշխարհում» համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցեց ՀԱՀ դասախոս Արփի Բալյանը: Նա նշեց, որ 7-րդ միջազգային համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 9-12-ը, որը կանցկացվի ՀՀ սփյուռքի նախարարության Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայ կանանց միջազգային միության համատեղ ջանքերով: Համաժողովի շրջանակներում կլսվեն զեկուցումներ «Իսլամացած հայեր, «Ցեղասպանությունը և կանանց շարժումը մշակույթի պահպանման համար», «Կանանց իրավունքները Միջին Արևելքում», «Կանայք գլոբալացվող աշխարհում», «Հայ կին գրողները ցեղասպանության մասին» և այլ թեմաներով: Կկազմակերպվեն գրքերի շնորհանդեսներ, կցուցադրվեն «Տատիկիս դաջվածքները», «Արտույտների ագարակը» ֆիլմերը:

ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Արփի Բալյանին Բոստոնի և Լոս Անջելեսի կազմակերպությունների հետ արդեն կես տարի համաժողովի կազմակերպման ուղղությամբ շատ ակտիվ աշխատելու համար: Նախարարն առաջարկեց հատուկ ծրագիր մշակել համաժողովի մասնակից, Ֆրանսիայի պառլամենտի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենսդրական նախաձեռնության հեղինակ Վալերի Բուայեի այցը հավուր պատշաճի կազմակերպելու համար: Քննարկվեցին կազմակերպական այլ հարցեր:

Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության 2013 թվականի մարտից մինչև 2014 թվականի հուլիսը իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրեց վարչության պետ Կ. Սարգսյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է վարչության 2013 և 2014 թվականների աշխատանքային ծրագրի «Սփյուռքի համայնքներում տեղի ունեցող հիշարժան իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվական նյութերի հավաքման, մշակման և շուրջ 600 էջ ծավալով «Հայկական Սփյուռք-2012» և «Հայկական Սփյուռք-2013» տարեգրքերի հրատարակման հետ կապված աշխատանքները: Իրականացվել է Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրերը թվայնացնելու ծրագիրը:

Մատենադարանի 5 ձեռագրագետ գործուղվել են Զմմառի Պատրիարքական Միաբանություն՝ ձեռագրերի թվայնացման աշխատանքներին մասնակցելու, ձեռագրերը մատենագրելու, մշակելու և առանձին հատորների տեսքով հրատարակելու նպատակով:
Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի, Սպահանի Հայոց թեմի և Մատենադարանի հետ համատեղ Երևանում իրականացվել է «Նոր Ջուղայի օրեր» ծրագիրը:
Զեկուցողը կարևորեց, որ հաջողվել է Սփյուռքի համահայկական կառույցների հետ հաստատել վստահության մթնոլորտ: Համագործակցության հուշագրեր են կազմվել «Ռուսաստանի հայերի միության» և «Համաշխարհային հայկական կոնգրեսի», «Համազգային հայ կրթական և մշակութային միության», ՀԲԸՄ-ի, Հայ օգնության միության, Հայ մարմնակրթության ընդհանուր միության, Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցության, «Բեյրութի Հայկազյան համալսարանի» և Կալիֆորնիայի «Արփա» ինստիտուտի հետ: Առաջին երկու համահայկական կազմակերպությունների հետ հանդիսավոր պայմաններում կնքվել են հուշագրեր:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ դրական է գնահատում հոգևոր և համահայկական կառույցների հետ աշխատանքը, բայց միջազգային կառույցների հետ տարվող աշխատանքները դեռ բավարար չեն: «Մեր նկատմամբ աճող վստահությունը մեզ թույլ չի տալիս թերանալ», -ասաց նա: Նախարարն առաջարկեց առաջիկայում կազմակերպել Սուրբ Ղազարի օրեր Հայաստանում:

2013-14 թթ. ընթացքում ՀՀ ՍՆ ԱՊՀ հայ համայնքների վարչության կատարած աշխատանքների մասին. հաշվետվությունը ներկայացրեց ԱՊՀ հայ համայնքների վարչության Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Է. Հովսեփյանը: Նա նշեց, որ 2013-2014թթ. կազմվել է ևս 25 հայկական համայնքի անձնագիր: Համայնքային անձնագրերը մշտապես լրամշակվում և թարմացվում են: 2012 թ. վարչությունն աշխատանքներ է տանում ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության» ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ: Է. Հովսեփյանը ներկայացրեց 2013-2014թթ Սփյուռքի նախարարության ծրագրերին տարածաշրջանի երկրների մասնակցության վիճակագրությունը, զեկուցեց համայնքների հետ իրականացվող այլ աշխատանքների մասին:

ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ պետք է ավելի ակտիվ աշխատել բոլոր համայնքների հետ: Կապեր հաստատել բոլոր ամենահեռավոր ու փոքր համայնքների ղեկավարների հետ, հրավիրել համաժողովին: Ուկրաինական դեպքերի հետ կապված գաղափարական քաղաքական անդրադարձ կատարել, պարզել տեղերում իրավիճակը, մարդկանց կարիքները: Նախարարը կարևորեց լուսաբանման խնդիրը, կապը տեղական թերթերի ու կայքերի հետ, նշեց, որ պետք է ավելացնել տեսակոնֆերանսների թիվը և ընդգրկումը:
Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ անցնող ամիսը հագեցած էր հետաքրքիր և բազմաբովանդակ միջոցառումներով: Հաջողությամբ ընթանում է «Սփյուռք» ամառային դպրոցը, յուրաքանչյուր 14 օրը մեկ մեկնարկում է «Արի տուն» ծրագրի հերթական փուլը: Այսօր գլխավորը օգոստոսի 1-ին մեկնարկող «Իմ Հայաստան» փառատոնի երգչախմբային օրերի մեկնարկի կազմակերպումն է, բացման արարողության և համերգների պատշաճ լուսաբանումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031