Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկապ շարժում էր, չէր ուզում վնասել». պատմում է Լյուքս Ստեփանյանի ընկերը

Սեպտեմբեր 30,2014 16:58

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ժամկետային զինծառայող, Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի փաստաբանի վերաքննիչ բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ փաստաբանը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, նրա նկատմամբ նշանակել արդարացված պատիժ: Դատական նիստին այսօր ներկայացել է գործով տուժող Հրաչ Սարգսյանը:

Նրա պատմելով, դեպքից հետո ինքը երկար ժամանակ չի կարողացել մտաբերել դեպքի մանրամասները եւ երկար ժամանակ մտածել է՝ ինչ պետք է արած լիներ, որ Դավիթը իրեն կրակած լիներ. «Շատ ժամանակ անցավ, սկսեցի քայլել, աղոտ պատկերներ եմ սկսել հիշել դեպքի վերաբերյալ: Հիշում եմ, որ նստած ենք եղել ամառանոցում, Լյուքսն էլ ինձ օգնում էր, Դավոն էլ ժամապահ էր, մեզնից ժամ էր հարցնում, ժամ չկար, որ պատասխանեինք, Միշոն էր դուրս եկել լվացվելու, ինքն էլ ասաց, որ ժամ չունի: Լյուքսի հետ սկսեցին կատակ անել, ոչ մեկս դրան լուրջ չէինք վերաբերում, իրար հետ կատակ էինք անում, հաց էինք ուտում: Նենց էր անցնում օրը, որ մի ընտանիքից էինք զգում, թշնամական բան մեր մեջ չի եղել: Հիշեցի, որ կատակի ժամանակ Դավիթը զենքը պահեց մեր ուղղությամբ ու ասացինք զենքը իջեցնի, իջեցրեց, կատակը շարունակվում էր, երկրորդ անգամ, որ զենքը պահեց, նորից ասացինք իջեցնի, էլի իջեցրեց մի հատ անկապ շարժում եղավ, էլ չեմ հիշում: Վերջին բանը, որ հիշում եմ բժշկի խոսքերն էին, որ գոռում էր, որ աչքերս չփակեմ: Իմացա, որ կրակոցի հետեւանքով Լյուքսն է մահացել, շատ ծանր եմ տարել ու շատ ցավալի է, որ Լյուքսը էլ չկա, հավատս էլ չի գալիս, որ դառը իրականությունը սա է: Մեր մեջ թշնամական բան չի եղել Դավիթի կամ Լյուքսի միջեւ նույնպես, նման բան չկա; Հիշաչարություն չի եղել, մի հատ անկապ շարժում»:

Դատարանի հարցին, թե ինչպես է հիմա նրա առողջական վիճակը, տուժողն ասաց, լավանում է, բայց ձախ ձեռքով նույնիսկ մի բաժակ ջուր չի կարողանում վերցնել:

Դատարանի հաջորդ հարցին, թե Դավիթը անզգուշաբա՞ր է կրակել, Հրաչը լռեց, երկար լռությունից հետո պատասխանեց.«Եթե Դավոյի տեղում նստած լիներ Լյուքսը էլի չէի հավատա, որ իրենցից մեկը որեւէ մեկիս ցանկանար վնաս տալ»:

Հիշեցնենք, որ Հրաչ Սարգսյանին առաջին ատյանի դատարանում հարցաքննելու հնարավորություն չի եղել: Ամբաստանյալի փաստաբան Երեմ Սարգսյանն էլ միջնորդեց նրան հարցաքննելու հնարավորություն ընձեռել, դատարանը մերժեց այդ միջնորդությունը՝ հիմնավորելով, որ տուժողը դատարանին ասաց այն ամենը, ինչ հիշում էր:

Պարոն Սարգսյանն էլ ժամանակ խնդրեց՝ դատարանի կազմին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար. «Դատարանը իր այս որոշմամբ ցույց տվեց, որ բացարձակ կարեւոր չէ դեպքի մանրամասները, նույնիսկ չփորձեցիք պարզել, թե էդ ինչ անկապ շարժում էր ու ինչ տիպի հայհոյանքներ են հնչել»:

Դատարանը 40 րոպե տրամադրեց ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Նոյեմբերյանի զորամասերից մեկում՝ պահակատան ամառանոցային բաժնում, հերթապահ Դավիթ Խաչատրյանի հասցեին Լյուքս Ստեփանյանը հայհոյանքներ է ուղղել, նա խնդրել է դադարեցնել, ուսից իջեցրել է ինքնաձիգը սպառնացել, որ կկրակի, Ստեփանյանը չկրակողի հասցեին կրկին հայհոյանքներ է տվել, Խաչատրյանը զենքը իջեցրել է ու կրակել: Լյուքս Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ Հրաչ Սարգսյանը ստացել մարմնական ծանր վնասվածքներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930