Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական գործընկերների և ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկվել է ՀՀ-ում օրենսդրական ընթացակարգերի համապարփակ գնահատման զեկույցը

Հոկտեմբեր 30,2014 18:21

ՀՀ արդարադատության նախարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ հոկտեմբերի 30-ին կազմակերպել էր քննարկում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կազմած ՀՀ-ում օրենսդրական ընթացակարգերի համապարփակ գնահատման զեկույցի շուրջ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչներ, փորձագետներ, ՀԿ ներկայացուցիչներ:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, կարևորելով նման հանդիպումներն ու քննարկումները, բարձր է գնահատել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ իրականացրած աշխատանքը ՀՀ-ում օրենսդրական ընթացակարգերի գնահատման գործում և նշել, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը և Արդարադատություն նախարարությունը 2014 թվականի փետրվարին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր, որով ԺՀՄԻԳ-ը հանձն է առել իրականացնել օրինաստեղծ գործընթացի ամբողջական գնահատում: «Այս գնահատումը, որը հասանելի է բոլորիդ, ուսումնասիրում է՝ արդյոք Հայաստանում ներկայիս օրենսդրական ընթացակարգը համապատասխանում է ժողովրդավարական, օրինաստեղծ գործընթացի վերաբերյալ գոյություն ունեցող հիմնական չափանիշներին և մոտեցումներին»,-նշել է նախարարը: Անդրադառնալով քաղաքացիական հասարակության տեղին ու դերին՝ նախարարը կարևորել է վերջինի ներգրավվածությունը օրենքների մշակման գործընթացում: «Մեր երկրում առկա է Հանրային խորհուրդների պրակտիկան և կան նախարարություններ, որոնց կից գործում են Հանրային խորհուրդներ: Մասնավորապես՝ վերջին վեց ամիսների ընթացքում փորձել եմ հնարավորին չափ ակտիվացնել այդ ՀՀ արդարադատության նախարարին կից գործող Հանրային խորհրդի գործունեությունը. երեք նիստ ենք ունեցել, որտեղ փորձել ենք գործընկերների դատին ներկայացնել, ըստ մեզ, կարևորագույն օրենքների նախագծերը»-ասել է նախարարը:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ ՀՀ Արդարադատության նախարարության տված փորձագիտական եզրակացությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ նախարարության կողմից տրվել է 2 հազար 310 փորձագիտական եզրակացություն՝ պետական կառավարման մարմինների կողմից մշակված իրավական ակտերի, 422 եզրակացություն՝ միջազգային պայմանագրերի վերաբերյալ, իսկ 2014 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ-ն ներկայացրել է 185 օրենքի նախագիծ: «Սա խոսում է այն մասին, որ նախարարությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով»,-նշել է փոխնախարարը: Ներկայում ՀՀ ԱՆ-ն աշխատում է երկու խոշոր օրենսգրքերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրք և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք: «Մենք անչափ կարևորում ենք այս աշխատանքների կազմման ժամանակ քննարկումների կազմակերպումը և այնպիսի մոդելների մշակումը, որոնցով հնարավոր կլինի գնահատել և ստանալ թիրախային խմբերի կարծիքները, գնահատականը»,-հավելել է Արսեն Մկրտչյանը: Նա կարևորել է նաև օրենքների մշակման ընթացակարգում հայեցակարգային մշակման մոդելի ներառումը, որպեսզի նախագծերն անցնեն քննարկումների, բանավեճերի փուլով, հնարավորինս իրականացվի ներառական գործընթաց և հասարակությունը մասնակցություն ունենա օրենքների մշակման աշխատանքներին, ինչը կնպաստի ունենալ ավելի որակյալ և սոցիալական բոլոր խմբերի շահերն արտահայտող օրենք:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը կարևորել է քաղաքացիական հասարակության և Կառավարության կողմից օրենքների ընդունման համակարգի ձևավորումը, որը պետք է գործի սերտ համագործակցության սկզբունքով:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի կարծիքով, խնդրահարույց է այն ընթացակարգը, որով ընդունվում են օրենքները, որովհետև հաճախ օրենքն ընդունվում է առանց մասնագիտական կարծիքներ լսելու, և հետագայում փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում: Ըստ նրա՝ ԱԺ-ն պետք է լուրջ մասնակցություն ունենա օրենքների մշակման գործընթացում, որպեսզի նաև Կառավարության բեռը նվազի:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ փորձագետները նույնպես կարևորել են օրենքների մշակման գործընթացում հանրային լայն քննարկումները, մասնակցության թափանցիկությունը, քանի որ այդ աշխատանքների արդյունավետությունն ուղիղ համեմատական է դրա հանրային քննարկման որակի և ծավալների հետ:

Հանդիպման ընթացքում շահագրգիռ կողմերը ներկայացրել են կարծիքներ և առաջարկություններ՝ օրենքների մշակման փուլերի, դրանք ճիշտ և արդյունավետ կազմակերպելու ձևերի ու միջոցների, կիրառվող մեխանիզմների, հանրային մասնակցության բարձրացման հնարավորությունների և այլ հարցերի ու խնդիրների վերաբերյալ:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031