Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավաճանության գինը». Թաթուլ Մանասերյան

Հոկտեմբեր 05,2023 17:20

«Մենք վերջին շրջանում վերածվել ենք մուննաթի ազգի, մուննաթի ժողովրդի եւ պետության: Բոլորի վրա մուննաթ ենք գալիս՝ տեղին, անտեղի, ինչո՞ւ այս պետությունն իրեն այսպես պահեց, մյուսն՝ այնպես պահեց: Մենք ընդհանրապես շնորհք չունենք բարեկամություն հաստատելու եւ բարեկամություն անելու որեւէ պետության հետ: Եթե ես սխալվում եմ, կարող եք ինձ օրինակներ բերել: Չկա այդպիսի երկիր, որի հետ հատկապես այսօրվա Հայաստանի հանրապետությունը շարունակական կապեր պահպաներ. անգամ, առաջին հայացքից ընդհանուր շահեր ունեցող Հունաստանի հետ, Վրաստանի հետ, Իրանի հետ եւ այլն: ՌԴ-ի մասին էլ չեմ խոսում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:

ՀՀ արդարադատության նախկին նախարար, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում մի գրառում էր կատարել՝ ներկայացնելով Արցախից էթնիկ զտման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց աջակցելու նպատակով հոկտեմբերի 3-ի դրությամբ Հայաստանին աջակցություն տրամադրած երկրների ցանկը.

ԱՄՆ՝ $11 500 000,

Ֆրանսիա՝ €7 000 000 («Ֆրանսիան ավելացրել է՝ արդեն 12.5 մլն»,– մեկնաբանություններում ճշտել է ԵՄԱ պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը)

ԵՄ՝€5 000 000 (այդ գումարն ավելացնելու մասին էլ այսօր ազդարարվեց Գրանադայում․-խմբ)

Գերմանիա՝ €5 000 000,

Իտալիա՝ €4 000 000,

Կանադա՝ $2 500 000,

Շվեդիա՝ €1 350 000,

Իսպանիա՝ €1 000 000,

Նորվեգիա՝ $ 1 850 000:

Նաեւ արձանագրել՝ «Դաշնակից» երկրներ ՀԱՊԿ և ԵԱՏՄ գծով՝ զրո»:

Գրառման տակ բավական հետաքրքիր մեկնաբանություններ կան. շնորհակալական ժեստեր եւ ռեւերանսներ այդ երկրներին, քննադատություն, անգամ վիրավորանքներ ՌԴ-ի եւ «դաշնակից» երկրների հասցեին: Անգամ տարակուսանք կա գումարի հետագա ճակատագրի վերաբերյալ:

«Որոշ երկրների հետ էպիզոդիկ կապեր կան եւ մենք ուզում ենք, որ այդ երկրների ուշքը մեզ համար գնա եւ ամեն ինչ թողած՝ վազեն մեր ետեւից: Էդպես չի լինում: Հարգանքը, սերը կարեկցանքը եւ մնացյալ բաները պետք է վաստակել»,- կարծում է Թաթուլ Մանասերյանը՝ հավելելով, որ պետք չէ առաջ գնացող հետեւություններ անել:

«Ես չեմ ասում, որ ՌԴ-ն հրեշտակ է, բայց ՌԴ ղեկավարները՝ նախագահը եւ մյուսները, իրենց ազգային-պետական շահերն են հետապնդում, ինչը ես մեր ներսում չեմ տեսնում. նախ հասկանան՝ ի՞նչ բան է ազգային-պետական շահ, առաջնահերթությունները ձեւակերպած լինեն եւ դրանք ամեն օր, հետեւողական փորձեն իրագործել: Այս տեսանկյունից, ոչ մի երկիր մեզ պարտական չէ եւ պարտավորված չէ, եթե մենք ինքներս մեզ համար չենք կարողանում այդ միջավայրը ստեղծել: Պահանջել՝ միակողմանի… ես կարծում եմ, որ ՀՀ-ն ինքը որեւէ երկրի, միակողմանի, եթե իր հանդեպ վատ վերաբերմունք ցուցաբերվի, չի շարունակի… Այնպես որ, այդ տվյալները, եթե հրապարակվում են, պետք է նաեւ ասել, թե ինչի՞ արդյունք է դա»,- ասաց Թաթուլ Մանասերյանը՝ հավելելով, որ առավել վատ դրսեւորումներ էլ դեռ կարող են լինել. կանխատեսելով, ասենք, գազի գնի թռիչք, ՌԴ կամ ԱՊՀ երկրներ արտահանվող տարբեր ապրանքների դեմ պատժամիջոցների կիրառում, ինչը, ի դեպ, արդեն սկսվել է՝ ուղղակի եւ անուղղակի պատժամիջոցներ, սահմանին տարբեր ստուգումների իրականացում, որ ապրանքը չարտահանվի, գյուղմթերքների արտահանման կրճատում, տնտեսական աճի անկում եւ այլն:

«Այս ամենը դեռ սպասվելու է: Ես երբեք վատատեսական, հոռետեսական բաներ չեմ ասել, բայց այսօր, այս ապիկար իշխանություններն իրենք բերում են դրան. այլ բան կանխատեսել չի կարելի: Այս մարդիկ հիվանդ են եւ իրենց հիվանդ գիտակցությամբ ու վարքագծով արհավիրք են դարձել եւ դեռ ավելին են անելու: Բայց ես ավելի շատ մտահոգված եմ ոչ թե իրենցով, այլ նրանով, որ մեր ժողովուրդն էլ շատ տարօրինակ ժողովուրդ է եւ քաղաքացիական հասարակություն կոչվածն էլ… Հինգ տարի է՝ կանգնել են բետոնե պատի առաջ եւ ասում են, որ դու բետոն ես, ինչո՞ւ չեք թողնում, որ ես անցնեմ այս բետոնե պատից այն կողմ, բայց որեւէ այլ բան չեն անում:

Բոլորն իրենց իմաստունի տեղ են դրել, հանճարեղ մտածողների տեղ են դրել, եթե մի հարց բարձրացվում է՝ ասում են՝ ես քսան տարի առաջ դեռ դրա մասին խոսել եմ, բայց մի կոնկրետ քայլ չեն անում, այլընտրանք չեն ուզում ներկայացնել, չեն կարողանում միավորվել, 2-3 հոգի իրար կողք չեն ուզում կանգնել եւ դրա համար էլ այս իշխանությունն անում է այն, ինչ ուզում է: Ու մանավանդ ժողովրդի այն հատվածը, որն ընտրել է ուշագնաց ռեժիմով ներկայիս իշխանություններին, պիտի վայելի այդ ամբողջ պերճանքը: Ես այլ բան չեմ կարող ասել, պետք է կույր լինել, որպեսզի չտեսնել այն, ինչի կանխատեսումն արեցի:

Ես իմ կյանքում թերեւս առաջին անգամ, Հայաստանի համար ամենավատ կանխատեսումն եմ արել, բայց դրանք անխուսափելի են, որովհետեւ մարդկային տրամաբանությունը եւ բնության ու հասարակության օրենքները հուշում են՝ երբ դու այսպիսի քայլեր ես անում, հակաքայլերն անպայման տեղի են ունենում: Կյանքում ամեն ինչ հավասարակշռված է, հակակշռված է: Եվ սա արվում է միտումնավոր, սա արվում է թուրքական փողերով, թշնամու թելադրանքով, որպեսզի սեփական ժողովրդին ուղակի ոչնչացնեն մինչեւ վերջին հայը եւ հայրենազուրկ անեն: Այլ բան չեմ տեսնում այստեղ:

Իսկ ո՞վ կհավատար Արցախի կորստին, արցախցիների հայրենազրկմանը. դեռեւս մեկ ամիս առաջ էլ մենք դրան չէինք հավատում, երկու շաբաթ առաջ էլ չէինք հավատում. տեսա՞ք ինչ արեցին: Եվ շարունակելու են: Այսինքն, այս իշխանություններն ինձ համար հետաքրքիր չեն, ինձ հետաքրքիր է, թե մե՞նք ով ենք: Իշխանությունը պարզ է՝ ո՞վ են, բա մե՞նք ով ենք, մե՞նք ինչ ենք մեզնից ներկայացնում, չմիաբանվող հատիկնե՞ր: Նման ժողովուրդն, ուրեմն, իրավունք չունի գոյատեւման»,-ասաց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, եթե ավելի պատկերավոր ներկայացնենք վերոնշյալ թվերը, ստացվում է՝ դրանք արցախցիների հայրենազրկման գի՞նն էր, որը վճարեցին տվյալ երկրները, մեր զրուցակիցն արձագանքեց. «Դավաճանության գինն է: Գիտեք, Արեւմուտքը ազնիվ է. պետք չէ վարկաբեկել Արեւմուտքին, պետք չէ վարկաբեկել ոչ ամերիկացիներին, ոչ եվրոպացիներին, նրանք մեզ նման մարդիկ են եւ նրանց պետությունների ղեկավարները ոչ մի բան չեն խոստացել Հայաստանի հանրապետությանը: Կարո՞ղ եք վկայակոչել ինչ-որ ամերիկացու կամ եվրոպացու, որը Հայաստանին ինչ-որ սարեր է խոստացել. նման բան չկա: Բայց նրանք, ովքեր կերակրվում են թուրքական փողերով, իսկ թուրքերը խորամանկ են, չեն ասում, որ ներկայացրեք մեզ, մեր անունից հանդես եկեք, մեր շահերը տարեք առաջ: Ոչ, նրանք ասում են՝ եվրաինտեգրման անվան տակ… Ես եվրոպական տարբեր երկրներում դասավանդում եմ եւ հրաշալի ճանաչում եմ եվրոպացիներին. այդ երկրների լավագույն բանը խզմազյանների արտահայտությունները կամ իրենց պատվերով ճառերը չեն, եվրոպացիների գլխավոր արժանիքը, որը պետք է փոխառենք, այն է, որ իրենք սովորեցին իրար հետ խաղաղ եւ բարեկեցիկ ապրել՝ մի կողմ դնելով բոլոր հակասությունները: Սրա մասին ՀՀ-ում ոչ մի եվրաինտեգրման կողմնակից մարդ չի խոսել: Ես երեւի առաջինն եմ, որ ասում եմ՝ սա է պետք ընդօրինակել: Եվրոպացիներին պետք չի միասեռականների հետ նույնացնել, ոչ էլ ռուսներին՝ հարբեցողների եւ կաշառակերների հետ. յուրաքանչյուր երկրի հետ կարելի է բարեկամություն անել՝ իր երկրի լավագույն կողմերը հաշվի առնելով»:

Թաթուլ Մանասերյանը նաեւ նկատում է, որ երկիրը դեպի Արեւմուտք տանելը պատճառ չէ, այլ դաշնակիցների եւ գործընկերների հետ հարաբերությունների սրման: Նա հիշեցնում է, որ մինչեւ 2017 թվականը եւ այժմ էլ ՀՀ-ն միակն է, որը Եվրոպայի հետ էր հարաբերությունները սերտացնում՝ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիր ստորագրելով՝ լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, ինչը, իր բնութագրմամբ, «հրաշալի» արտաքին քաղաքականություն էր. «Իսկ հիմա, քանի որ թուրքերին դա ձեռք չի տալիս, բոլոր բեւեռախույզների ու մյուսների բերանով անընդհատ դրդում են դեպի Արեւմուտք, իսկ Արեւմուտքը չի ասել՝ դուրս եկեք ՀԱՊԿ անվտանգային համակարգից, մենք ձեզ ուրիշը կառաջարկենք, չի ասել, որ Թուրքիային հանում ենք ՆԱՏՕ-ից եւ Հայաստանին ենք մտցնում, որովհետեւ ձեզ ավելի շատ ենք սիրում, ավելի նվիրված ենք: Կամ՝ զենք կտանք. որեւէ մեկը չի խոստացել, հասկանում եք: Դրա համար, պետք չէ ոչ մեկին վարկաբեկել: Մենք մեր խորքը պետք է նայենք, թե որքանո՞վ ենք ազնիվ: Իսկ մենք ազնիվ չենք, որպես հասարակություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031