Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու քաղաքացու մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել

Նոյեմբեր 26,2014 16:00
miav

Նոյեմբերի 21-23-ը մոտ 200 անցորդներ հետազոտվել են՝ իմանալու սեփական ՄԻԱՎ կարգավիճակի մասին, ինչի արդյունքում երկու քաղաքացու մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ: Այս մասին հայտնում են «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունից: Հետազոտությունն իրականացվել է «ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» հանրային միջոցառման շրջանակներում:

ՄԻԱՎ ունեցող երկու քաղաքացիներն ուղեգրվել են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն:

«Հաշվի առնելով Հայաստանից դեպի ՄԻԱՎ վարակի մեծ տարածվածություն ունեցող երկրներ միգրացիայի բարձր մակարդակը՝ խնդիրն ավելի լուրջ է դառնում մեր քաղաքացիների համար: Դրա մասին է վկայում տարեցտարի գրանցված նոր դեպքերի թվի աճը»,- ասում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հ/կ-ի համանախագահ Էլինա Ազարյանը:

Նախա եւ հետթեստային խորհրդատվությունն ու հետազոտությունը իրականացվում էին շարժական բուժախտորոշիչ կլինիկայում՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից: Հետազոտությունն անանուն էր, անվճար եւ գաղտնի:
Ըստ նույն աղբյուրի՝ մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին: Մեզանից շատերի համար ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելը տարօրինակ եւ անսովոր է թվում: Հակառետրովիրուսային բուժման հասանելիության պայմաններում ՄԻԱՎ վարակի հետ կապված մահացությունը Հայաստանում մեծապես պայմանավորված է վարակի ուշ հայտնաբերմամբ եւ, հետեւաբար, բուժումն ուշ սկսելով: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզելու ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը նախքան հիվանդության կլինիկական դրսեւորումների ի հայտ գալը: Հիվանդության վաղ ախտորոշումը ոչ միայն հնարավորություն է տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ժամանակին ստանալու բուժում, խնամք, աջակցություն տրամադրող ծառայություններ, նաեւ նպաստում է ՄԻԱՎ վարակի հետագա տարածման կանխմանը:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նրանք, որոնք երբեւէ օգտագործել են թմրամիջոցներ ներարկային ճանապարհով, ունեցել են ռիսկային սեռական կապեր (երբ հայտնի չէ ՄԻԱՎ-ի նկատմամբ զուգընկերոջ կարգավիճակը) առանց պահպանակի, երբեւէ հիվանդացել են որեւէ սեռավարակով, ունեցել են զուգընկեր, որի մոտ հայտնաբերվել է որեւէ սեռավարակ, ունեն պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնող զուգընկերներ, ունեն վիրուսային հեպատիտներ B կամ C: Այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, որոնք բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում եւ հնարավորություն ունեն ապրել երկարատեւ ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ: Միակ անհրաժեշտ նախապայմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն է եւ անհրաժեշտության դեպքում՝ բուժման հետեւողականությունը:
Նշենք, որ 1988թ. մինչեւ 2014 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1906 դեպք, որոնցից 238-ը՝ 2013թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3700:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
25.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930