Իջեւանի քաղաքապետն ապօրինի  առեւտրի օրենքի մասին դասե՞ր  է  տալիս ոստիկանապետին

Իջեւանի քաղաքապետն ապօրինի  առեւտրի օրենքի մասին  դասե՞ր  է  տալիս ոստիկանապետին

Ո՞վ պետք է կանխի ապօրինի առեւտուրը

Հունվարի 20-ին ոստիկանության Իջեւանի բաժնի պետ, գնդապետ Կարեն Հակոբյանը պաշտոնական գրությամբ  Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին հայտնել է. «Իջեւանի Երեւանյան, Աբովյան եւ Գանինի փողոցներում ոչ սահմանված վայրերում բնակչության կողմից կատարվում է առեւտուր: Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 40 հոդվածի՝ առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների ոլորտում հսկողությունը, համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվությունը համայնքի ղեկավարի պարտադիր լիազորություններն են: Իսկ ոչ սահմանված վայրում առեւտուր կատարելու(ՀՀ ՎԻՎ օր-ի 162 հոդված) համար վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են Տեղական ինքնակառավարման մարմինները(ՀՀ ՎԻՎ օր-ի 219 պրիմ  հոդված) եւ Վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (ՀՀ ՎԻՎ օր-ի 254 հոդված): Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է Ձեր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել միջոցներ Իջեւան քաղաքի Երեւանյան,  Աբովյան եւ Գանինի փողոցներում բնակչության կողմից ոչ սահմանված վայրերում կատարվող առեւտուրը  դադարեցնելու ուղղությամբ, իսկ ձեռնարկված միջոցառումների  ընթացքում անհրաժեշտության դեպքում ոստիկանության Իջեւանի բաժինը կաջակցի հասարակական կարգի պահպանմանը»:

Ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կ. Հակոբյանի գրությանն ի պատասխան հունվարի 29-ին Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը նրան   գրել է. «Ոստիկանության գրությունից հետեւում է, որ ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 162 հոդվածի հատկանիշներով ոստիկանությունը հայտնաբերել է վարչական իրավախախտում եւ այդ մասին տեղեկացրել է համայնքի ղեկավարին: Տվյալ պարագայում ոստիկանության աշխատակիցների կողմից վարչական իրավախախտում հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ էր կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն  եւ ուղարկել վարչական վարույթ իրականացնող պաշտոնական անձին՝ համայնքի ղեկավարին, ինչպես դա արվել է ոստիկանության բաժնի կողմից  դեռեւս 20.10.2014թ.՝ Մարատ Լազարյանի  եւ Արտակ Վերանյանի նկատմամբ կազմված թիվ 77 եւ 78 իրավախախտման արձանագրությունները: Ուստի  իրավախախտում հայտնաբերելու  դեպքում, համաձայն ոստիկանության մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի, պարտադիր կարգով անհրաժեշտ է կանխել, խափանել իրավախախտումը, կազմել իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որը հիմք կհանդիսանա համայնքի ղեկավարի կողմից վարչական վարույթ  հարուցելու եւ իրավախախտին պատասխանատվության ենթարկելու համար»:

Իջեւանի քաղաքապետը ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Արշավիր Գեւորգյանին եւ  Տավուշի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Տիգրան Սարգսյանին ուղարկած գրության մեջ նշելով վերոհիշյալի մասին՝ հավելել է. «Խնդրում եմ սույն  գրության մեջ արձանագրված փաստական հանգամանքներին տալ հստակ գնահատական եւ այդ ուղղությամբ ձեռնարկեք համապատասխան միջոցներ՝ հետագայում նույնը չկրկնելու համար»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. ijevanci says:

    Ինչքան հասկացա հոդվածից, ոստիկանապետը իր անգործունակությունը բարդում է քաղաքապետի վրա: Այ քեզ հաջողություն…Այդ երբվանից է ոստիկանությունը դիմում քաղաքապետին, քաղաքում կատարվող իրավախախտումները կանխելու համար?

  2. Դեպուտատիչ says:

    Ոսկանը կողմնապահությունա անում.Լավ կլիներ Տավուշի ռեգիոնումը ուրիշ լրագրող լինի

  3. ijevanci says:

    Ոսկան Սարգսյանը եղել և մնում է ազատ թղթակից, նա երբեք չի խուսափել իրականությունը լուսաբանելուց: Այս նյութի մեջ որևէ կողմնապահություն չեմ տեսնում, բոլոր հետևությունները թողնված են ընթերցողին:

  4. zaven says:

    Այդ երբվանից է զուտ փաստերի արձանագրումը՝ կողմնապահություն: Ավելի ճիշտ կլինի ասել,որ պարոն Դեպուտատիչը կողմնապահություն է անում Ոսկանի իբր թե կողմնապահությունը մատնա- նըշելով, անգամ ցանկություն է հայտնում Ոսկանի տեղում այլ լրագրող տեսնել: Պետք իրազեկել պարոն Դեպուտատիչին, որ Տավուշի մարզում կան մի շարք լրագրողներ, սակայն սոսկ Ոսկանն է աչքի ընկնում իր համաձակությամբ և ուղղամտությամբ:

  5. urish ijevanci says:

    Բա որ մի երկու տարի առաջ ինքն էր կազմակերպել ապօրինի առևտուրը քաղաքի սպորտզալի դիմաց ետ հեչ , ետ չեք էլ հիշում , հիմա ինչ որ դասերա տալիս:

  6. ijevanci says:

    Լսել եմ սպորտդպրոցի առաջ հիմա ֆուտբոլի դաշտ են սարքում, բայց գոնե 1ամբողջ տարի մարդիկ կարողացան այդտեղ առևտուր անել առանց վարձավճար տալու, և իրենց ընտանիքի հոգսերը հոգալ: Դա բացօթյա շուկա էր և ոչ թե ապօրինի առևտուր:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք