Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի նստացուցարարը պահանջում է Շիրակի ոստիկանապետի հրաժարականը

Հուլիս 03,2015 17:58

Տնտեսագետ Կարեն Պետրոսյանը, որը գյումրեցի այն միակ նստացուցարարն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանություն կատարելու մեղադրանքով, այսօր գյումրեցի ցուցարար-մտավորականների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ոստիկանները հունիսի 23-ին Թատերական հրապարակից նստացուցարարներին բերման ենթարկելիս՝ ավելի շատ ապօրինի գործողություններ ու խուլիգանություն են իրենց թույլ տվել:

«Ես իմ պահանջը հենց այդ օրն եմ ձեւակերպել, որ ոստիկանապետը, ինքը այդտեղ գտնվելով, ապօրինի գործողություններ է արել, ապօրինի ցուցումներ է տվել, պահանջել եմ իր հրաժարականը եւ կարծում եմ, որ ոստիկանապետը պետք է իր մեջ ուժ գտնի, տղամարդկություն դրսեւորի, հետեւի իր վերադասի օրինակին եւ ներողություն խնդրի բոլոր 15-18 նստացույցի մասնակիցներից: Գնահատական պետք է տրվի ոստիկանության այս կամ այն անդամների գործողություններին իրենց վարչության պետի կողմից եւ պետք է համապատասխան գործողություններ ձեռնարկվեն՝ ներքին ծառայողական վարույթ կանի, ինչ կանի, չգիտեմ.. Այսինքն, մենք չենք նահանջելու, այդ շինծու գործը ծիծաղելի է: Ինձ համար ոգեւորող է, որ իմ վրա շինծու գործ են սարքում, որովհետեւ ես քրիստոնյա եմ, իսկ քրիստոնեությունն ասում է՝ արդարության համար հալածվողները երանիների մեջ են: Ես երանիների մեջ եմ այս պահին համարվում, շինծու եմ համարում, քաղաքական եմ համարում: Եվ կարծում եմ, որ իրենք այնքան խորամտություն, խորագիտություն, խելք, մարդկայնություն, թասիբ, իմաստություն, մի քանի լավ բառեր էլ կարելի է ասել, կասկածում եմ, որ ունենան, բայց պիտի ունենան եւ անմիջապես էս գործը կարճեն:

Մեզ համար սա տհաճ գործընթաց է, սա Կարեն Պետրոսյանի հարցը չէ, իրենք էնքան պետք է հասկանան, որ չի կարող երկրում մտավորականության, երիտասարդ գիտնականի կերպարի վրա ցեխ շպրտել, դա բարոյական չպիտի լինի: Գործ սարքողը պիտի գնա տուն ու իր կինը պիտի դատապարտի դա, իր երեխան… Հասարակությունը, բոլորը՝ իր տանեցիները, բարեկամները պիտի հորդորեն, սիրով ասեն, որ չի կարելի նման բան, մարդու վրա գործ սարքել: Վերջը քրիստոնյա Հայաստանում ենք ապրում, սա հասարակության յուրաքանչյուր անդամիս պարտականությունն է:

Ես սա չեմ ասում չարությամբ, ես չարություն չունեմ իրենց հանդեպ, անկեղծ եմ ասում, իմ համար որոշում կայացնողների կայացրած որոշումը…. ասում են՝ ներիր, քանի որ չգիտեն՝ ինչ են անում: Հիմա ես չարություն չունեմ իրենց հանդեպ, ուղղակի ասում եմ՝ ամոթ է, դուք օրինակ` պիտի լինեք, հարգելի իշխանավորներ: Երկրի նախագահին եմ դիմում, հարգելի երկրի նախագահ, քրիստոնյա երկրի նախագահ, չի կարելի նման բաներ անել, եթե դուք էս ամեն ինչին տեղյակ չեք, ես ձեզ տեղեկացնում եմ, խնդրում եմ իմացեք, կանխեք եւ համապատասխանաբար էն մարդիկ, որոնք ստվերել են մարդու կերպարը, համապատասխան քայլեր ձեռնարկեք»,- ասաց Կարեն Պետրոսյանը:

Նստացուցացարը նաեւ նշեց, որ ոստիկանների կողմից իր մեքենայի առեւանգման մասին գրավոր է դիմելու Շիրակի մարզի դատախազին: Նա նաեւ ասաց, որ իր վրա ցուցմունք տվող ոստիկանը (ի դեպ, վերջինիս մականունը Տուրիկ է) հանրային պախարակման պիտի ենթարկվի. «Գյումրիում ով նրան տեսնի, պիտի ասի՝ դու գործ տվող ես: Մտավորական մարդու վրա գործ սարքելը գիշերը չքնելու թեմա է, բարոյական միջավայրը շատ կարեւոր է, մենք բոլորս հայեր ենք, իրենք էլ մեր նման մարդիկ են…Իսկ իրավականը, այո՛, մենք մեր փաստաբանների հետ իրավական հանգամանքները ճշտում ենք եւ էդ ուղղությամբ էլ ենք գնում: Իսկ քաղաքացիական ճնշումները, արդեն իսկ այդ մասին հայտարարվել է»:

Կարեն Պետրոսյանը լկտի սուտ որակեց այն մեղադրանքը, թե ինքը իբր գյումրեցի նստացուցարարներին բերման ենթարկելու օրը ոստիկանի ոտքն է վնասել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031