Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ ամռան քրոնիկոն

Հուլիս 13,2015 12:00

Երբ երիտասարդներն սկսեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժումը, քչերն էին ակնկալում, որ բողոքի ու ընդվզման միջոցառումները որեւէ արդյունք կտան: Եվ երբ Բաղրամյան պողոտան նույն երիտասարդները փակեցին, դարձյալ քչերն էին մտածում, որ պողոտան այդքան երկար փակ կմնա:

Բայց սկսենք ամենասկզբից:

Ամենասկզբում, երբ երիտասարդները փակեցին Բաղրամյան պողոտան, որոշ ընդդիմադիր կուսակցություններ ու ընդդիմադիր գործիչներ փորձեցին միանալ շարժմանը, սակայն երիտասարդները վանեցին նրանց՝ ասելով, որ շարժումը քաղաքականացնելու ցանկություն ու նպատակ չունեն: Ընդդիմադիր կուսակցություններն ու գործիչները ենթարկվեցին երիտասարդների պահանջին, ընդ որում, սիրով ենթարկվեցին՝ ձեռքերը լվանալով ու մի կողմ քաշվելով: Ճիշտ է, որոշ ընդդիմադիր պատգամավորներ ու գործիչներ երիտասարդների ու ոստիկանության միջեւ «կենդանի պատ» կազմելու գաղափարը հղացան, բայց՝ ընդամենը այդքանը: «Կենդանի պատն» սպասված էֆեկտը չտվեց, որովհետեւ ոստիկանությունը, բացառությամբ առաջին մի քանի օրերի, հետագայում առանձնապես ակտիվություն հանդես չէր բերում եւ մեծ ուժ չէր գործադրում: Շատերը նույնիսկ զարմանք էին հայտնում, որ հետագա օրերին ոստիկանությունը, հնարավորություն ունենալով բացել Բաղրամյան պողոտան, իր էդ հնարավորությունը չէր օգտագործում:

Ընդդիմադիր կուսակցություններն ու գործիչները գրեթե բացակայում էին՝ հիմնականում երեկոյան ժամերին թամաշայի ներկայանալով եւ յուրաքանչյուրը յուրովի հարցազրույցներ տալով՝ ձեռի հետ նաեւ ինքնառեաբիլիտացվելով:

Ինչքան էլ երիտասարդները փորձում էին չքաղաքականացնել շարժումը, շարժումը քաղաքականանում էր, եւ քաղաքականացնողն առաջին հերթին օտարերկրյա լրատվամիջոցներն էին՝ ռուսական եւ արեւմտյան:

Չգիտես ինչու, մանավանդ առաջին օրերին, ռուսական հեռուստաալիքները Բաղրամյան պողոտայի նստացույցը ներկայացնում էին իբրեւ «մայդանի» փորձ, իսկ արեւմտյան լրատվամիջոցները շարժումը ներկայացնում էին իբրեւ հակառուսական շարժում: Իրականում ոչ մեկը կար, ոչ մյուսը: Իրականում մարդիկ իրենց իրավունքներն էին փորձում պաշտպանել: Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ մեր որոշ արեւմտամետ գործիչներ չէին կարողանում թաքցնել իրենց ոգեւորությունը, բայց, մյուս կողմից էլ, Հայրիկյանի տարած Եվրամիության դրոշները ջահելները ոտնատակ տվին:

Մի խոսքով՝ կարծիքներն ու մոտեցումները չափազանց տարբեր եւ նույնիսկ հակադիր էին, եւ հիմնականում դա էր պատճառը, որ պայքարը միասնական բնույթ չէր կրում եւ ժամանակ առ ժամանակ կարծես թե մարում էր, եւ եթե իրիկնային զբոսանքի ու թամաշայի եկողները չլինեին, Բաղրամյանն իրիկուններն էլ դատարկ կմնար: Փաստորեն, Բաղրամյանը փակ պահողները գիշերային ու ցերեկային հատուկենտ նստացուցավորներն էին, գումարած ոստիկանները, որոնք տեւական ժամանակ պողոտան բացելու նախաձեռնություն առանձնապես հանդես չէին բերում: Եվ չնայած իրիկուններն ընդդիմադիր կուսակցականները, պատգամավորներն ու մյուս սատարողները պարտաճանաչորեն շարունակում էին ներկայանալ ու սատարել, բայց «կենդանի պատ» կազմելու անհրաժեշտություն չէր առաջանում, որովհետեւ, ըստ էության, հակամարտող կողմեր չկային: Համընդհանուր սպասողական վիճակ էր, եւ ոչ ոք չէր պատկերացնում՝ հետագա իրադարձություններն ինչ ընթացք ու շարունակություն են ստանալու: Մի բան պարզ էր, որ այդպես չէր կարող անվերջ շարունակվել. կամ պիտի իրական ընդդիմությունը «մեյդան» գար, կամ էլ պիտի պայքարն անորոշ կերպով ավարտվեր:

Բայց իրական ընդդիմությունը, բացառությամբ հատուկենտ ընդդիմադիրների, Բաղրամյանից բացակայում էր, եւ երբ Հայրիկյանը Եվրամիության դրոշներով հայտնվեց, որոշ ոստիկաններ ստիպված եղան իրենք «կենդանի պատ» կազմել, որպեսզի Հայրիկյանի ու ցուցարարների միջեւ բախում տեղի չունենա:

Մի խոսքով՝ սպասողական վիճակ էր: Շախմատային խաղատախտակի վրա մոտավորապես հավասար դիրք էր, եւ կողմերից յուրաքանչյուրն սպասում էր, որ հակառակորդը կսխալվի: Բայց հակառակորդը քայլ չէր անում, որ սխալվեր կամ չսխալվեր: Ավելի ճիշտ՝ հակառակորդ կողմերը թշնամաբար չէին տրամադրված, որ որեւէ վճռական քայլ կատարեին: Բայց ոչ-ոքի էլ չէին համաձայնվում: Ավելի ճիշտ, կողմերից յուրաքանչյուրն սպասում էր, որ դիմացինը ոչ-ոքին առաջարկի:

Իսկ ընդդիմությունը խաղից դուրս էր: Ավելի ճիշտ՝ ընդդիմությունն իրեն դատավորի դերն էր վերապահել: Բայց գործը դատավորին չհասավ, որովհետեւ կողմերն, ի վերջո, ոչ-ոքի համաձայնվեցին: Ընդ որում՝ ոստիկանության առաջարկությամբ: Ընդ որում, բավական կոպիտ առաջարկությամբ: Փաստորեն, ստիպողաբար:

Պարտիան ավարտվեց, բայց պայքարը շարունակվում է: Վերջնական արդյունքը պարզ կդառնա աուդիտից հետո: Իսկ որ աուդիտի գաղափարը եւս պայքարի արդյունքում հղացվեց, դա եւս փաստ է: Պայքարի արդյունքներից մեկն էլ «կենդանի պատի» գաղափարն էր, որը, փաստորեն, միանգամայն ճիշտ եւ օգտակար հղացում էր: Եթե մարտի 1-ին «կենդանի պատ» ունենայինք, միգուցե զոհեր չունենայինք:

Բայց պատմությունը «եթե»-ներ չի սիրում: Պատմությունն ավելի շատ դասեր է տալիս, եւ պատմությունից դասեր քաղելը երբեք ոչ ոքի չի խանգարի:

Ինչեւէ. այս մարտական ոչ-ոքին երիտասարդների ու բոլորիս համար բարոյական հաղթանակից մի քիչ ավելին էր, որովհետեւ փաստ է, որ այս պահի դրությամբ մենք մեր ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց նախկին գինն ենք մուծում: Եվ դրա համար երիտասարդ ակտիվիստներին պիտի շնորհակալ լինենք: Նաեւ պիտի օրինակ վերցնենք իրենցից: Նաեւ պիտի ընդդիմադիր կուսակցություններն ու գործիչներն իրենցից օրինակ վերցնեն: Նրանց շնորհիվ էր, որ ժամանակին նաեւ տրանսպորտի թանկացումը կանխվեց:
Այս ահավոր շոգին եւ ընդդիմության բացակայության պայմաններում այսքանն էլ որ բոլորիս փոխարեն անում են՝ մեծ բան է:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031