Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է արվեստաբան, թանգարանագետ Անահիտ Ֆլջյանը

Օգոստոս 20,2015 21:15

Երկարատև, ծանր հիվանդությունից հետո վախճանվել է արվեստաբան, թանգարանագետ, Հայաստանի նկարիչների, Հայաստանի դիզայներների միությունների անդամ, Երևանի Ռուսական արվեստի թանգարանի երկարամյա տնօրեն Անահիտ Ֆլջյանը:
Անահիտ Գուրգենի Ֆլջյանը ծնվել է 1949 թ., Երևանում: 1972 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի արդյունաբերական արվեստի բաժինը և նույն թվականից աշխատել դիզայնի տարբեր ասպարեզներում՝ արդյունաբերական և կենցաղային սարքավորումների նախագծում, տպագիր արտադրանքի գրաֆիկական դիզայն, համակարգչային գրաֆիկա: 1973-78 թթ. հարազատ ինստիտուտի դիզայնի լաբորատորիայի վարիչն էր, 1978-83 թթ.՝ «Անի» գիտաարտադրական միավորման դիզայնի բաժնի պետը:
1979 թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան: 1974 թվականից

արվեստաբանական հոդվածներով հանդես է եկել հանրապետական և միութենական մամուլում:

Անահիտ Ֆլջյանի մասնագիտական և կազմակերպչական հմտությունները հատկապես դրսևորվեցին Ռուսական արվեստի թանգարանում /պրոֆեսոր Ա.Աբրահամյանի հավաքածու/, որի տնօրենն էր 1983-2009 թթ.: Ա.Ֆլջյանի և դիզայներ Հարություն Սամուելյանի երկարամյա համագործակցությունը նշանավորվել է մի քանի տասնյակ այնպիսի բարձրաճաշակ հրատարակություններով, ինչպիսիք են Ռուսական արվեստի թանգարանի առաջին ցուցադրության կատալոգը, նույն թանգարանը ներկայացնող ալբոմը, Ադամ Միցկևիչի «Հատընտիր», Նամի Միկոյանի «Սիրով և թախիծով» գրքերը, «Հայաստանի պատմության թանգարան», «Անձինք Նուիրեալք», «Հայելու նմանակ. կորուստը և ձեռք բերելը», «Հայաստանի մայրաքաղաքները», «Սուրբ Ղազարի հարությունը», «Հայաստան. Երկիր ուխտավայր», «Հայաստան. Քրիստոնեական ճարտարապետության 1700 տարին», «Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի» և այլ գիրք-ալբոմներ, գրաֆիկական տարբեր ոլորտների աշխատանքներ: Հեղինակ է նաև փոստային նամականիշների, բացիկների, ծրարների: Ա.Ֆլջյանի աշխատանքները բազմիցս ցուցադրվել են Նկարիչների և Դիզայներների միությունների կազմակերպած ցուցահանդեսներում:

Անահիտ Ֆլջյանի գործունեությունը գնահատվել է պետական-հասարակական պարգևներով:

Անահիտ Ֆլջյանի՝ հմուտ դիզայներ-արվեստաբանի, թանգարանային գործի գիտակի, հասարակական գործչի և սրտացավ ընկերոջ հիշատակը միշտ անմար կմնա նրան ճանաչողների սրտերում:

ՀՀ մշակույթի նախարարությունը վշտակցում է Ա. Ֆլջյանի հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և տեղեկացնում, որ հանգուցյալի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 21-ին, ժամը 18:00-ից՝ Թումանյան 9, բն. 32 հասցեում, վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 22-ին, ժամը 12:00-14:00-ն, հուղարկավորությունը՝ Երևանի Սովետաշենի գերեզմանատանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31