Լրահոս
Օրվա լրահոսը

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով

Դեկտեմբեր 31,2015 22:45

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի սեմին բերում ենք ձեզ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը:

Գոհաբանական մաղթանքով, նոր հույսերով ու ակնկալիքներով հրաժեշտ ենք տալիս 2015 թվականին: Անցնող տարին մեզ համար նվիրական եղավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումով: Հայրենի պետության, մեր Եկեղեցու և ժողովրդի ջանքերով աշխարհի բոլոր կողմերում կազմակերպվեցին հիշատակի միջոցառումներ: Ծիծեռնակաբերդում հրապարակվեց մեր արդար դատին հետամուտ լինելու և հաղթանակի առաջնորդելու «Համահայկական հռչակագիրը»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, կատարեցինք հավատքի և հայրենիքի համար մարտիրոսության պսակն ընդունած մեր նահատակների սրբադասումը և սրբալույս Մյուռոնի օրհնությունը: Հիշատակի միջոցառումները հոգևոր նոր ուժ ու կորով բերեցին մեր կյանքին` առիթ դառնալով ազգային համախմբման, մեր սրտերում հավատքի ու հայրենյաց սիրո զորացման, ամրապնդելով արդարության հասնելու վստահությունը մեր ժողովրդի:

Անցնող տարում արձանագրած հաջողությունների ու ձեռքբերումների հետ ունեցանք և դժվարություններ ու հոգսեր, նաև՝ անհանգստություններ ու ցավալի կորուստներ: Մեր ժողովուրդը արժանապատվորեն, արիասիրտ, միավորյալ ջանքերով դիմակայեց բոլոր մարտահրավերներին, պաշտպանեց հայրենի երկրի սահմանները, մեր կյանքի խաղաղությունը և թանկ գնով ձեռք բերված նվաճումները: Միասնության այս ոգով, սիրելիներ, և լավատեսությամբ դիմավորենք նոր տարին: 2016 թվականին Հայաստանում և Արցախում տոնախմբելու ենք մեր անկախ պետականության վերականգնման 25-րդ տարեդարձը: Ազգի և մեր պետության հզորության նախանձախնդրությամբ Հայրենիքում և Սփյուռքում միմյանց աջակից՝ ամեն կարելիություն ներդնենք շենացնելու մեր երկիրը, բարօր դարձնելու մեր կյանքը և լուսավոր՝ մեր ապագան:

Տարեմուտի այս երեկո, Սուրբ Ծննդյան նախասեմին առատացնենք մեր աղոթքը աշխարհի, մեր երկրի ու ժողովրդի խաղաղ և ապահով կյանքի համար: Հիշենք կարոտյալներին, նեղյալներին, հիվանդներին և վշտացյալներին, Մերձավոր Արևելքում պատերազմական փորձությունները կրող մեր եղբայրներին ու քույրերին և մեր երկրի սահմանամերձ շրջաններում ապրող մեր ժողովրդի զավակներին՝ մեկնելով նրանց սատարումի ու աջակցության մեր ձեռքը: Աղոթք բարձրացնենք մարտերում հերոսաբար զոհված մեր որդիների, մեր երկրի սահմանները անձնվիրումով պաշտպանող քաջարի մեր բանակի զինվորների և հրամանատարների համար:

Առ Աստված աղոթքով հայցում ենք նոր ձեռքբերումներ հայրենի իշխանություններին, մեր Եկեղեցու սպասավորներին, մեր ժողովրդի բոլոր զավակներին: Ապահովություն` ընտանիքներին, պանծալի և բարի ծառայություն` մեր բանակի մարտիկներին, երկնային շնորհ և սեր՝ մեր մանուկ ու երիտասարդ զավակներին, օրհնություն՝ համայն հայոց կյանքին:

Շնորհավոր նոր տարի: Բարի և օրհնյալ տարի:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031