Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գոմերում կախված գյումրեցի տղամարդու 5 երեխաները սովամահ են լինում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 03,2016 13:20

Հուսահատությունից Շիրակի մարզի Հովունի գյուղի գոմերում մի քանի օր առաջ ինքնասպան եղած 40-ամյա Կարենի 6 հոգուց բաղկացած ընտանիքը, որը բնակվում է Գյումրու Բուլվարային թաղամասի Գործարանային հանրակացարանի փլված, ապրելու պայմաններից բացարձակապես զուրկ խոնավ մի սենյակում, օրվա հացի կարոտ է:

Տանտիրուհու՝ 30-ամյա Լուսինե Կուտսուզյանի պատմելով, իրենք պարտքեր են ունեցել, ամուսինն էլ որոշել է գնալ Ռուսաստան՝ աշխատել պարտք-տալիքը փակելը, սակայն վերադարձել է ձեռնունայն: «Նիսյայով մեքենա էր վերցրել, փողը պիտի փակեր, ասում էր՝ պարտքերս կտամ, էլ խոպան չեմ գնա, էստեղ մեքենայով մի բան կանենք, ապրանք կտանենք գյուղերը, կփոխանակենք, կապրենք: Բայց դատարկ ձեռքով եկավ հետ ու ինքնասպան եղավ: Երբ մեր փոքրիկը ծնվեց, 6 օրականից սկսեց ցնցումների մեջ ընկնել, մենք կենտրոնացանք նրա բուժման վրա, ամուսինս այդ տարին չաշխատեց, անընդհատ երեխային էինք բժշկի տանում: Հետո էլ գնաց խոպան, շուտ եկավ. անհաջող էին գործերը, անընդհատ նեղվում էր, թե էստեղ մի գործ լինի, աշխատեմ, իմ երեխեքին պահեմ: Ոչ դուրսն էր մի բան, ոչ էլ էստեղ: Հանկարծ մտներ պետական մի հիմնարկ աշխատեր, 50 հազար դրամ որ աշխատավարձ տային, նպաստը կկտրեին: Եթե ես էլ մտնեմ հիմա մի տեղ հավաքարար աշխատեմ, եթե 30 հազար դրամ աշխատավարձ տան, պարտադիր նպաստը կկտրեն»,- ասում է կինը:

Ամուսինը մոտակա գյուղերից մեկում՝ Հովունիում, անասնապահությամբ է զբաղվել, կինը դեպքի օրը հաց է թխել, որ առավոտյան ուղարկի ամուսնուն, առավոտից զանգել է, նա տեւական ժամանակ զանգերին չի պատասխանել, կինը երեխային դպրոց ճանապարհելուց հետո գնացել է գյուղ, մտել է գոմերը ու տեսել ամուսնուն կախված:

Լուսինե Կուտսուզյանը հոգեկան ծանր վիճակում է, շոգից դուրս չի գալիս, աչքի առաջ այդ դաժան տեսարանն է: Նա ասում է, որ իր կյանքի գիշերները չեն անցնում, չի կարողանում քնել, անընդհատ ժամացույցին է նայում, թե երբ է լուսանալու:

Ահավոր վիճակում են նաեւ փոքրիկները, Լուսինե Կուտսուզյանի ասելով, հոր մահից հետո երեխաների ջերմությունը չի իջնում, հորն են կարոտում, աղջիկներից մեկը քնի մեջ անընդհատ հոր հետ է խոսում կամ քնած տեղից վեր է թռնում՝ հորն է կանչում: Նրանք ունեն 5 երեխաներ, 2 տղա ու 3 աղջիկ, ամենամեծը 12 տարեկան դեռ չկա, իսկ փոքրը դեռ երկու տարեկան չկա:

Մեր այցելության պահին տանը ուտելու ոչինչ չկար, անչափահաս երեխաները բառի իսկական իմաստով սովամահ են լինում ու այնքան զսպված են, դաստիարակված, ամաչկոտ:

Ցավալին այն է, որ փոքրիկ գեղեցկուհիները՝ Կարինեն ու Սյուզաննան առողջական խնդիրներ ունեն, նրանց տեսողությունն է վտանգված: Նրանցից մեկը՝ Սյուզաննան, դպրոցում ներառական կրթություն է ստանում, տեսնում է կիսով չափ՝40-50 տոկոս: Մայրն ասաց, որ բժշկուհին դեղեր է նշանակել, սակայն օգուտ չեն տվել, պիտի ակնոցներ նշանակեն, փոքրիկ աղջիկը՝ Նարեն, որ դեռ չի քայլում, ծնված օրվանից բուժումներ է ստանում, անգամ նրան ախտորոշել են էպիլեպսիա ու երկար ժամանակ պայքարել այդ հիվանդության դեմ:

«Իմ ամենամեծ խնդիրը տան հարցն է, անձրեւների ժամանակ կաթում է, ամբողջ տունը ջուր է, գարնան հալհլոցներին ավելի վատ մի տեսարան է, բարձերն ամեն առավոտ դնում եմ վառարանի մոտ, որ չորանան: Այս հանրակացարաններում ջուր չկա, երեխեքն ամեն առավոտ ջուրը կրում են, իրենք էլ են ձանձրանում, գիտեն, որ ջուր պիտի կրեն, որ լվացվեն պարտադիր: Մենք անօթեւանների հերթացուցակում չկանք, մեզ այս տարածքը հատկացրել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Էն ժամանակ լրիվ դուրս էինք, ապրելու տեղ չունեինք», -ասում է Լուսինեն:

Զգացվում էր, որ Լուսինե Կուտսուզյանը ժիր կին չէ, չափից ավելի խեղճ է, համեստ: Մեր հարցին, թե մասնագիտություն ունե՞ք, որ մի աշխատանք ճարեք, երեխաներին պահեք, ասաց՝ ոչ: Լուսինեն սկզբում մեծացել է մանկատանը, քանի որ մայրը հիվանդացել է, իր ծնվելուց հետո հոգեկան խանգարում 1 ստացել, հայրն էլ լքել է իրեն: Մանկատնից նրան իր խնամքին է վերցրել մորաքույրը: Մեր այցի պահին ծեր մորաքույրը նրա տանն էր, Լուսինեի թերեւս միակ հարազատը, որը վշտի պահին նրա կողքին է:

Այն, ինչի ականատես եղանք մենք, բառերով նկարագրել հնարավոր չէ. 5 մանկահասակ երեխայի խաթարված, դաժան մանկություն, վշտի մեջ գտնվող մի ընտանիք, որը, սակայն, ոչ թե Գյումրիում բնակվող շատերի պես կիսասոված են անցկացնում օրը, այլ սոված, հացի կարոտ…Հայերենում թշվառություն բառն անգամ բավարար չէ արտահայտելու այս ընտանիքի վիճակը:

Ճիշտ է՝ բարեգործական որոշ կազմակերպություններ՝ հոլանդական «Fam to Fam»-ը, Վահան Թումասյանի «Շիրակ կենտրոն» հ/կ-ն հնարավորության սահմաններում օգնում են այս ընտանիքին վառելափայտով, սնունդով եւ այլն, սակայն նրանց վիճակը բարելավելու համար հիմնավոր լուծում է անհրաժեշտ:

Gyumri_12 Gyumri_11 Gyumri_10 Gyumri_9 Gyumri_7 Gyumri_6 Gyumri_5 Gyumri_4 Gyumri_3 Gyumri_2 Gyumri_1 Gyumri_13

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Միթե մեր մեծահարուստները չեն կարդում այս հոդվածները, միթե հարստությունը այնքան է կուրացրել նրանց, որ անհաղորդ են մարդկային թշվառությանը: Դուք զավթել եք մայրաքաղաքը, տասնյակ բնակարանների ու առանձնատների տեր եք, մարզերում ամառանոց-առանձնատներ ունեք, եկեղեցիներ եք կառուցում, ում համար? Կարծում եք Աստված կընդունի? Մի քիչ գթասիրտ եղեք, օգնեք ծայրահեղ կարիքավորներին,որպեսզի դուք էլ արժանանաք մարդկանց երախտագիտությանը, դա ավելի աստվածահաճո կլինի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031