Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոպանչիները մեր ժամանակի հերոսներն են». ծանր ու հուզիչ ֆիլմ նրանց մասին (Տեսանյութ)

Հունիս 27,2016 18:34

Երեկ Գյումրու «Հոկտեմբեր կինոթատրոնում» ցուցադրվեց «Ազատություն» ռադիոկայանի անձնակազմի նկարահանած «Նոթեր խոպանից» փաստագրական ֆիլմը: Ֆիլմի հերոսներն արտագնա աշխատանքի մեկնողներն են, մեծամասամբ Շիրակի մարզից, որոնք հանուն ընտանիքի, երեխաների կենցաղի մի կողմ են դրել անձնական երջանկությունը. հայրենիքում ու ընտանիքի կողքին լինելու բավականությունը: Ինչպես նշում էին ֆիլմի հերոսները՝ մեր երեխաներն էլ արհեստական որբեր են դարձել, որոնց ո՛չ ծնվելուց, ո՛չ դասի գնալուց ենք տեղյակ, դարձել ենք միայն նրանց փող ուղարկող:

Նկարահանումները կատարված էին թե՛ Հայաստանից, եւ թե՛ Ռուսաստանի այն տեղանքներից՝ Ռոստովից, Յակուտսկից, Մոսկվայից, որտեղ գնում են աշխատելու հայ տղամարդիկ: Ֆիլմում երկփեղկված ընտանիքի ծանր հոգեապրումներն են՝ Հայաստանում գտնվող կանանց ու երեխաների ու դրսում չարքաշ աշխատանք կատարող ընտանիքի հոր:

Ֆիլմը հարուստ, միեւնույն ժամանակ անչափ մտահոգիչ վիճակագրական տվյալներ էր պարունակում արտագաղթի թվաքանակի մասին. 1 մլն. 30 հազար մարդ հեռացել է հայրենիքից: Հերոսները քննադատում էին Հայաստանի իշխանություններին, որոնք ոչ մի աշխատատեղ չեն ստեղծում, երկիրը 10 հոգով վայելում են, մինչդեռ, ըստ նրանց, եթե հայրենիքում ստանային ՌԴ-ում ստացած աշխատավարձի կեսը, երբեք չէին մեկնի:

2Այն դիտելու էին եկել բացառապես Գյումրու մտավորականները, տեսնել էր պետք նրանց արցունքները այս ծանր թեման շոշափելիս: Իշխանության ներկայացուցիչներից ներկա էին միայն Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը ու ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Hrayr Tamrazyan_Hasmik Smbatyan
Ֆիլմի ռեժիսոր ու պրոդյուսեր Հրայր Թամրազյանն իր ելույթում ասաց. «Ֆիլմը մեր սիրելի խոպանչիների մասին է, նրանց նկատմամբ վերաբերմունքը այնքան էլ միանշանակ չէ որոշ մարդկանց մոտ, բայց ես կարծում եմ, որ նրանք մեր ժամանակի հերոսներն են: Մենք ունենք երկու հերոս՝ զինվոր, ես կասեի երկրորդ հերոսը խոպանչին է: Նրանց ծանր աշխատանքի շնորհիվ է, որ ֆինանսավորվում է նույնիսկ մեր բյուջեի մի զգալի մասը»:

Նա հույս հայտնեց, որ գուցե վերեւներում դիտեն այն ու կարողանան այս մարդկանց աշխատանքով ապահովել:

Հրայր Թամրազյանը «սկայպ ազգ» որակեց մեզ, ըստ նրա, նախկինում երեկոյան ժամերին ընտանիքները հավաքվում էին ճաշի սեղանի շուրջ, իսկ հիմա «սկայպի». այն դարձել է հայ ընտանիքների հաղորդակցման հիմնական միջոցը:

Ֆիլը դիտելուց հետո Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ զգացողություններ ունեցավ՝ տեսնելով, որ ֆիլմի հերոսները մեծամասամբ Շիրակի մարզից են ու չի տեսնո՞ւմ արդյոք իշխանությունների մեղքը. ֆիլմի հերոսները քննադատում են, որ 10 հոգով երկիրը ուտում են, քաշում են դեպի իրենց, մինչդեռ բազմաթիվ ընտանիքներ ստիպված են լինում կիսվել. հաց վաստակելը գերադասել երջանկությունից:

Պատգամավորն ասաց, որ ֆիլմում մեր դաժան իրականությունն է, եւ որ ինքն էլ ծանր հոգեապրումներ ունեցավ դիտելիս: Սակայն նա չհամաձայնեց ֆիլմի հերոսների դիտարկումների հետ, թե 10 հոգով երկիրը ուտում են ու ոչինչ չեն անում աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ:

«Դժգոհություններն իշխանությունների հասցեին ես բնական եմ համարում, պիտի անկեղծ լինենք, բայց որ ասում են ընդամենը 10 հոգի են վայելում, այդպես չէ: Հայաստանի բյուջեն ոչ թե 10 հոգի են լցնում, այլ հազարավոր, տասնյակ հազարավոր աշխատողներ, գործարարներ, բայց, ցավոք սրտի, մեր հնարավորությունները շատ քիչ են, սահմանափակ են: Մենք պետք է իրողությունը ճիշտ գնահատենք, ունեցել ենք անկախություն, որն անմիջապես զուգորդվել է տարերային աղետով: Երկրաշարժը տասնյակ հազարավոր աշխատատեղեր խլեց, տասնյակ հազարավոր աշխատատեղեր կորավ, որից հետո պատերազմ, շրջափակում: Այս ամենից հետո մինչեւ օրս չենք կարող հստակ ոտքի կանգնել, պետությունը չի կարող ունենալ այն ուղղությունները, որոնք կարելի է զարգացնել եւ մարդկանց հետ պահել արտագնա աշխատանքի այդ ձգտումից: Արտագնա աշխատանքի ձգտումը մեկն է, հայը ուզում է լավ ապրել»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա, կառավարությունը ձգտում է, այնպես չէ, որ քայլեր չի ձեռնարկում, սակայն դեռ չի ստացվում մասսայական աշխատատեղերի ստեղծումը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930