Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ՀՀ-ում ձերբակալված Սերգեյ Միրոնովը վաղը մեկնում Մոսկվա

Օգոստոս 30,2016 17:40

Ռուսաստանի հայ փաստաբանների միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը պարզաբանում է, թե ինչպես է ուրբաթ օրը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը վաղը մեկնում Մոսկվա:

Հիշեցնենք, որ երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննեց ու մերժեց դատախազության ներկայացրած միջնորդությունը՝ Միրոնովի նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելու մասին:

Sergey Mironov_MironovaԴատարանի որոշումից հետո էլ Ռուբեն Կիրակոսյանը հայտարարեց, որ Միրոնովը Հայաստանից չի կարող հեռանալ, նա ազատ է արձակվել ստորագրությամբ չհեռանալու պայմանով:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, ի՞նչը փոխվեց, որի արդյունքում Միրոնովը վաղը կկարողանա մեկնել Հայաստանից, ի պատասխան փաստաբանն ասաց.

«Երեկոյան ուշ ստացանք դատարանի գրավոր որոշումը եւ ծանոթացանք դատարանի բանաձեւերին, թե ինչ բանաձեւով է դատարանը մերժել դատախազության միջնորդությունը: Եկանք այն եզրակացության, որ դատարանը ընդամենը մերժել է միջնորդությունն ու որեւէ լրացուցիչ արգելք Միրոնովի հանդեպ չի նշանակել: Ոչ մի նոր խստություն կամ սահմանափակ գործողություններ Միրոնովի վրա չի տարածել դատարանը»:

Ruben KirakosyanՊարոն Կիրակոսյանից նաեւ հետաքրքրվեցինք, այսինքն Միրոնովի արտահանձնման հարցը կքննարկվի Մոսկվայո՞ւմ, ի պատասխան պարոն Կիրակոսյանն ասաց. «Արտահանձնման հարցը կարող է քննարկվել եւ այստեղ, քանի որ դատական որոշումը չի մտել ուժի մեջ, չի էլ բացառվում, որ դատախազությունը կարող է բողոքարկել դատարանի որոշումը, դեռ հարցը հանված չէ»:

Մեր դիտարկմանը, թե Միրոնովի վերաբերյալ դատարանի որոշումը որոշ քաղաքական վերլուծաբաններ համարում են քաղաքական որոշում, ձեր կարծիքով քաղաքակա՞ն որոշում էր, փաստաբանն արձագանքեց. «Ես հանդես եմ գալիս եւ որպես փաստաբան եւ որպես Ռուսաստանում հայ փաստաբանների միության նախագահ: Լրիվ անվճար եմ մտել այս գործի մեջ, ֆինանսական որեւէ շահ չունեմ, քանի որ հասկանում ենք՝ այս հարցը կարող էր շատ լուրջ հետեւանք ունենալ Ռուսաստանում հայ համայնքի վրա, կարող էր բերել լուրջ միջպետական ճգնաժամի: Քաղաքական առումով չեմ կարող մեկնաբանել, շնորհակալ ենք այն ատյաններին, որոնք այսպիսի հմուտ ու իմաստուն որոշում կայացնելու ուժ գտան, կողմերի բալանսը պահպանող որոշում»:

Երեկ պարոն Կիրակոսյանը նաեւ կարծիք էր հայտնել, որ այս գործում Հայաստանը կարիք չունի խառնվել, քանի որ սա Հայաստանի հարցը չէ, Ռուբեն Կիրակոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես է գնահատում Հայաստանի դիրքորոշումն այս հարցում:

«Հայաստանը ճիշտ դիրք բռնեց, կատարեց միջազգային օրենսդրության բոլոր կետերը, որը պետք է կատարեր անկախ պետությունը… Հայաստանի կողմից չեմ տեսնում քաղաքական, այլ իրավաբանական քայլեր: Հայաստանն իրավաբանորեն շատ ճիշտ աշխատեց»,- ասաց փաստաբանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոգա says:

    Հայտնի չի, թե իրականում ինչ ա եղել, բայց զռռում ա, որ էս ամեն ինչը շոու ա: Դատախազը միջնորդեց, դատարանը մերժեց… հա, բա չէ..պաչզ չի՞, որ չի կարա ներքին պայմանավորվածույթուն չլինի…ես միջնորդեմ, դու էլ մերժի… թե ում ինչ են ցույց տալիս, էդ էլ պարզ չի: Հիմա էդ մարդուն բռնելու հարցումը ո՞վ ա ուղարկել: Ասում են Ամերիկան: Դե ուրեմն ինքն էլ պիտի հանի: Բայց քանի էդ մարդը իրա մոտ չի, ինքը խի՞ պիտի հանի: Իսկ եթե չհանի, էդ մարդը հենց սահման անցնի, նորից պիտի բռնվի, ինչ ձեւ որ գալուց բռնվեց: Ու ո՞նց ա անցնելու սահմանը: Ինքը սահմանը կարա անցնի մենակ թեկուզ Ռուսաստանին, բայց հանձնման միջոցով, կամ էլ եթե հարցում անողը հարցումը հանի: Եթե սխալվում եմ, թող մասնագետները բացատրեն: Համենայն դեպս ընկերոջս նույն ձեւով բռնել էին ՀՀ ծառայությունների հարցումով ու նույն ծառայությունն էլ մոռացել էր հաներ հարցումը: Ընկերոջս վաղուց բաց էին թողել, ոչ էլ գործ էին հարուցել, բայց ամիսներ անց, երբ մեկնում էր, օդանավակայանում նորից բռնեցին: Մինչեւ մարդ եկավ, գործը հանեցին, տեսան, որ ոչ մի խնդիր չկա, հարցը լուծված ա, ինքնաթիռը թռավ: Ու էդ ժամանակ նոր հանեցին հետախուզման հարցումը: Բայց ըստեղ ուրիշն ա դրել էդ հարցումը, ոչ թե ՀՀ-ն ու էդ ուրիշն էլ պիտի հանի: Բա ոնց ա լինելու:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031