Լրահոս
Օրվա լրահոսը

Օլեգ Եսայանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին

Սեպտեմբեր 02,2016 22:40

Ս/թ. սեպտեմբերի 2-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակին:  Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպանության անձնակազմը, Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ՌԴ-ում հավատարմագրված ՀՀ ներկայացուցչությունների ղեկավարներն ու աշխատակիցները, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում և տարածաշրջանային այլ կառույցներում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչները, Ռուսաստանում հայերի միության և այլ համայնքային կառույցների ղեկավարները, լրագրողներ և երիտասարդության ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում աղոթքով հանդես է եկել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ներկաներին ուղղված իր խոսքում, շնորհավորելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ, ընդգծել է, որ Արցախի և ազատատենչ մեր ողջ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն իր լիարժեք մարմնավորումն է ստացել  երկրորդ հայկական պետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կայացման մեջ՝ որպես այդ պայքարի օրինաչափ և անվիճելի արդյունք: «Արցախյան գոյամարտն, անկասկած, հայոց նորագույն պատմության ամենափառավոր էջն է, որը համախմբել է նաև աշխարհով սփռված համայն հայությանը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Արցախի անկախության համար զոհված բոլոր նահատակների սուրբ հիշատակի առջև, ինչպես նաև բարձր գնահատում ԼՂՀ իշխանությունների ղեկավարությամբ ամենատարբեր սերունդների ներկայացուցիչների նվիրական աշխատանքը երեկ և այսօր՝ գիտակցելով, որ ներկայի և անցյալի նկատմամբ մեր երախտագիտությունն ու խղճի մաքրությունը պայծառ ապագային հասնելու համար գիտակցված անհրաժեշտություն է», – նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը:

Օլեգ Եսայանը համոզմունք է հայտնել նաև, որ ՀՀ և ԼՂՀ ղեկավարության հետևողական և սկզբունքային ջանքերն ուղղված Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը վերջին հաշվով կհանգեցնեն ԼՂՀ միջազգային ճանաչմանը: Դեսպանը հիշատակել է նաև ՀՀ նախագահի  շնորհավորական ուղերձում նշված խոսքերն առ այն, որ «ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում չկա ռազմական ճանապարհ, կա քաղաքական ճանապարհ»:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նաև ներկաների միջև մտքերի փոխանակում՝ Արցախի անցած 25 տարիների շուրջ:

ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930