Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաստիճան պաշտոնյաներին հոգեբաններ են պետք (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2016 15:51

Aravot.am-ը հոգեկան առողջության միջազգային օրվա առիթով հոգեբան Խաչատուր Գասպարյանից, որը նաեւ պաշտպանության նախարարի խորհրդականն է, հետաքրքրվեց, թե պե՞տք է, արդյոք, երկրի համար կարեւոր պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան մնացած ղեկավարներն էլ պարտադիր ունենան հոգեբաններ:

Պարոն Գասպարյանի կարծիքով՝ շատերն օգտվում են հոգեբանի ծառայությունից. «Ուզեն թե չուզեն, 21-րդ դարում մենք չենք կարող շրջանցել, կամ ունենալ 21-րդ դարին արժանի ծառայություններ, պետականություն` առանց հաշվի առնելու սոցիալական, հոգեբանական ասպեկտը: Կառավարման մեջ, միջազգային հարաբերությունների, ազգաբնակչության, բոլոր այս հարցերում»:

Այսօր «Հայացք» ակումբում Խաչատուր Գասպարյանը եւ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը փաստեցին, որ վիճակագրությունը ճիշտ թվերը չի արտացոլում, թե Հայաստանում իրականում որքան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդ կա եւ որ գրանցված 51 հազարն, ըստ Սամվել Թորոսյանի, հնարավոր է, որ կրկնակի կամ եռակի անգամ ավելի լինի:

Պատճառներից մեկն, ըստ մասնագետների, հասարակության անտարբերությունն է: «Մարդիկ անտարբերություն են ցուցաբերում իրենց հարևանի, հարազատի նկատմամբ եւ ժամանակին չեն ուղղորդում կենտրոններ»,-ասաց պարոն Թորոսյանը:

Aravot.am-ի հարցին, թե գուցե, պատճառը մեր հասարակությունում առկա խարա՞նն է, որ ընտանիքները թաքցնում են իրենց հարազատին եւ չեն դիմում մասնագետի կամ ճաղավանդակներով հոգեբուժարաններն են հենց այդ խարանի պատճառը, Սամվել Թորոսյանն ասաց, որ ճիշտ կլիներ, եթե հոգեբուժարանները բազմապրոֆիլ հիվանդանոցներում լինեին, որպեսզի մարդիկ ասեին` գնում ենք հիվանդանոց, այլ ոչ թե հոգեբուժարան:

Մանրամասները` տեսանյութում

Ըստ մասնագետների, 2020 թվականին հոգեկան հիվանդությունները կդասվեն 5 առաջին հիվանդությունների շարքին եւ դեպրեսիաներն առաջին տեղում կլինեն: Ներկայումս աշխարհում ամեն 7-րդն է, որ ունի հոգեկան առողջության խնդիրներ:

Խաչատուր Գասպարյանի խոսքերով, հոգեկան հիվանդությունների բուժումը կատարվում է 100 տարի առաջվա մեթոդներով եւ այսօր աշխարհը կարիք ունի նոր մեթոդների:

Հայաստանում առողջապահության համար նախատեսվող գումարների 3,5 %-ն է հատկացվում հոգեկան հիվանդությունների խնդիրներին, զարգացած երկրներում` 5-7 %: Մեր երկրում տրամադրվող գումարի 90 %-ը ծախսվում է հիվանդանոցային ծառայությունների համար, քաղաքակիրթ երկրներում գումարների մեծ մասն ուղղվում են հիվանդության կանխարգելմանը: Ըստ պարոն Գասպարյանի, աշխարհում եւ նաեւ Հայաստանում օրըստօրե ինքնասպանությունների թիվն աճում է:

Մեր հարցին, թե հաշվի առնելով բանակում տեղի ունեցող սպանությունների թիվը, պե՞տք է բանակն ունենա հոգեբաններ, Խաչատուր Գասպարյանն ասաց, որ հոգեբանի անհրաժեշտությունը բանակում կա:

Նա նաեւ ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո հատկապես այն զինվորները, որոնք պատերազմին անմիջական մասնակցություն են ունեցել, նրանց 45-60 %-ը պարտադիր կունենան հոգեկան առողջության խնդիրներ:

Մասնագետի խոսքի մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31