Լրահոս
Օրվա լրահոսը

Ապստամբությունը, որը տեղի ունեցավ «Ծառուկյան» դաշինքի ճամբարում, ուղղորդվող, վերահսկվող գործընթաց է. Զուրաբյան

Մայիս 05,2017 14:15

Այսօր 5-րդ գումարման ԱԺ-ի վերջին ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ «Ծառուկյան» դաշինքի շուրջ խնդիրներին, ինքնաբացարկի դիմումներին:

Նա ասաց, որ իրականում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանության վերարտադրման ծրագիրը բաղկացած էր 3 էտապից. «Առաջինը Սահմանադրական փոփոխություններն էին, որոնցով ճանապարհ բացվեց վերարտադրման համար, երկրորդ էտապը 2017-ի ԱԺ ընտրություններում հաղթանակի խնդիրն էր եւ 3-րդ էտապը կա, դա վերջինն է, այդ հարցը դեռ լուծված չի: Դա 2018-ի ապրիլի 9-ին, երբ ավարտվում է Սերժ Սարգսյանի՝ որպես ՀՀ նախագահ լիազորությունների վերջնաժամկետը, նրա վերարտադրումն է՝ որպես վարչապետ: Նա պետք է սահուն կերպով դառնա ՀՀ վարչապետ: Դրա համար ինքը կարծեք բոլոր հիմքերը ստեղծել է, բայց հաշվի առնելով, որ կան ներքին քաղաքական կռիվներ, կա Կարեն Կարապետյանի ֆակտորը, որը հենց այնպես չի ցանկանում հանձնվել, բնականաբար, Սերժ Սարգսյանին ԱԺ-ում պետք էր ստեղծել ինչքան հնարավոր է ավելի հուսալի մեծամասնություն: Եվ այն, ինչ կատարվեց «Ծառուկյան» դաշինքում մանդատների հետ կապված, դա հենց այդ սցենարի մեջ է տեղավորվում, որովհետեւ այս 3-րդ էտապը հուսալի հաջողության հասցնելու համար Սերժ Սարգսյանին բավարար չէ այն մեծամասնությունը, որն ունի նա այսօր պառլամենտում, որովհետեւ դա մի քիչ խարխուլ մեծամասնություն է: Մեկ տարի հետո կարող է ինչ-որ խմբեր լքեն, քաղաքական ներքին պայքարը սրվի, դրա համար պետք է ավելի հուսալի մեծամասնություն: Եվ այն, այսպես կոչված, ապստամբությունը, որը տեղի ունեցավ «Ծառուկյան» դաշինքի ճամբարում, ուղղված էր հենց դրան: Միանշանակ, դա ուղղորդվող, վերահսկվող գործընթաց է»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այդ գործընթացի որոշ մասնակիցներ՝ 1-2 հոգի կարող է եւ չկռահեն դրա մասին, բայց, ըստ էության, ուղղորդում է կատարվում. «Անգամ «Ծառուկյան» դաշինքի ֆրակցիայում փորձում են ստեղծել Սերժ Սարգսյանին հավատարիմ, հուսալի հենարան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031