Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևների ընտանիքը թալանում է Ադրբեջանի նավթային եկամուտները

Մայիս 09,2017 23:13

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Ադրբեջանի կառավարությունն իր բազմամիլիարդանոց նավթային և գազային եկամուտները բաշխում է հետևյալ չորս ուղղություններով՝ կաշառատվություն, Ալիևի ընտանիքի և նրա բարեկամների կողմից թալան, ռազմական գնումներ և բյուջետային այլ հարցեր: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի ժողովրդի ճնշող մեծամասնությունն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ` չնայած Ալիևի միապետության վաստակած միլիարդավոր նավթադոլարների:

Անցյալ շաբաթ լուսաբանեցինք Ադրբեջանի կաշառատվությունը Եվրոպայի խորհրդում և ամբողջ աշխարհում, իսկ այս շաբաթ կներկայացնենք օրինակներ, թե ինչպես է թալանվել Ադրբեջանի հարստության մեծ մասը Ալիևի ընտանիքի և իշխող կլանի անդամների կողմից: Մարդու իրավունքների վերաբերյալ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի զեկույցն անդրադարձել է Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի «համատարած կոռուպցիային»: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունն իր 2016 թ. կոռուպցիայի համաշխարհային զեկույցում Ադրբեջանը դասել է ամենակոռումպացված երկրների շարքին. 176 երկրների թվում այն զբաղեցրել է 123-րդ տեղը:

Անցյալ ամիս, լրագրող Դաֆնե Քարուանա Գալիցիան իր կայքում բացահայտել է, որ Մալթայում Pilatus բանկի երեք խոշորագույն հաճախորդները Ադրբեջանից են՝ արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովը, որին հաջորդում են նախագահ Ալիևի երիտասարդ որդին՝ Հեյդար Ալիևը և դուստրը՝ Լեյլա Ալիևան:

Գալիցիան հայտնում է, որ «Հեյդար Ալիևը [Նախագահի որդին] նախ փորձել է բանկային հաշիվ բացել Վալետայի բանկում [Մալթայում], սակայն մերժում է ստացել այն հիմքով, որ նա առավել կոռումպացված երկրներից մեկի քաղաքականապես խոցելի անձերից է, և առկա են փողերի լվացման լուրջ ռիսկեր»: Գալիցիան նաև բացահայտել է, որ «Pilatus բանկի ավանդների 60 տոկոսը պատկանում է Ադրբեջանի քաղաքականապես խոցելի անձանց»: Հետևաբար, կարող ենք վստահորեն ենթադրել, որ այդ երեք ադրբեջանցիների կողմից պահ տված գումարները կազմում են միլիոնավոր դոլարներ…

Հետաքրքիր է, որ Pilatus բանկի սեփականատերը իրանցի է, Սեյիդ Ալի Սադր Հաշեմինիջադ անունով, որին «անցյալ հինգշաբթի [2017 թ. ապրիլի 20] տեսախցիկները որսացել էին իր բանկի տարածքում, բանկի ռիսկերի կառավարիչ Անտոնելա Գաուչիի ուղեկցությամբ փաստաթղթերի պայուսակներ հանելիս»:

Ցավոք, մալթական բանկը միակը չէ, որտեղ Ալիևները և նրանց կլանը թաքցրել են ահռելի գումարներ: Կան Ալիևիների և նրանց միջնորդների կողմից ստեղծված բազմաթիվ օֆշորային ընկերություններ՝ վիթխարի կանխիկ գումարների լվացման նպատակով, որոնց կապն Ադրբեջանի ղեկավարության հետ դժվար է գտնել:

Ալիևեների մասնակցությամբ այնքան շատ ֆինանսական սկանդալներ կան, որ դժվար է առանձնացնել դրանցից որևէ մեկը, սակայն ամենամեծ սկանդալներից մեկն առնչվում է նախագահ Ալիևի երեք երեխաների կողմից Դուբայում շքեղ անշարժ գույքի գնումների հետ ՝ ըստ «Վաշինգտոն փոստի»: Հեյդար Ալիևը, այն ժամանակ Ալիևի 11-ամյա որդին, 2009 թ. գնել էր ինը ծովափնյա առանձնատներ 44 միլիոն դոլար գումարով… Նրա երկու քույրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, գնել էին ևս մի քանի առանձնատներ լրացուցիչ 31 միլիոն դոլարով: Այս ունեցվածքի համար վճարվել էր «կանխիկ»: Որտեղից են այդ երիտասարդ տարիքի երեխաները ձեռք բերել 75 միլիոն դոլար, հաշվի առնելով, որ նրանք եկամուտ չունեն, իսկ նրանց հոր՝ նախագահ Ալիևի տարեկան եկամուտը կազմում է ընդամենը 228 000 դոլար…

«Վաշինգտոն փոստի» հոդվածը բացահայտելով այս սկանդալային մանրամասները, պարզաբանել է, որ «ակտիվներն արտերկիր տեղափոխելու շտապողականությունը, անտեսելով շահի չափսերը, բնորոշ է բազմաթիվ նավթարդյունաբերող երկրների, որտեղ կոռումպացված էլիտան ձգտում է ապահովել իր հարստության անվտանգությունը քաղաքական քամիների փոփոխությունների դեպքում»:

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) կայքը ներառում է մի քանի տասնյակ հոդվածներ Ադրբեջանում խոշոր կոռուպցիայի օրինակների մասին: 2012 թ. OCCRP-ը իր «Տարվա մարդ» ճանաչեց նախագահ Ալիևին՝ «հանցագործությունների և կոռուպցիայի հետ նրա ունեցած կապերի» համար: OCCRP-ը հաղորդում է, որ Մեհրիբան Ալիևան՝ նախագահ Ալիևի կինը «օֆշորային ընկերությունների ցանցի սեփականատեր, տնօրեն և բաժնետեր է, որոնք, ինչպես հաղորդվում է, ընտանիքի կողմից օգտագործվում են միլիոնավոր դոլարների շահավետ գործարքներ կնքելու համար»:

Իրոք, նախագահ Ալիևը և նրա ընտանիքը բազմաթիվ թանկարժեք սեփականություններ ունեն ամբողջ աշխարհում: OCCRP-ն տեղեկացնում է, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 7.3 միլիոն դոլարով ձեռք բերված շենքը դարձել է ՝ նախագահ Իլհամ Ալիևի հոր՝  Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի գրասենյակ. նա ղեկավարել է Ադրբեջանը 1993-2003 թվականներին: Հիմնադրամը ղեկավարում է Ալիևի ընտանիքը: Ըստ OCCRP-ի՝ այս շենքի գնումը ներառում է «օֆշորային գործարքներ, կոռումպացված պաշտոնյաների և կազմակերպված հանցավորության հետ կապեր, ապօրինի գործարքներ և մեռած առաջնորդի անձի յուրօրինակ պաշտամունք»: Ալիևները ունեն նաև սեփական թանկարժեք շենքեր և տներ Լոնդոնում (առնվազն 25 մլն դոլար արժողությամբ), Մոսկվայում (տասնյակ միլիոնավոր դոլարներ արժողությամբ), Դուբայում և Չեխիայի Հանրապետությունում:

Վերջապես, ըստ OCCRP-ի, նախագահ Ալիևի դուստրերին՝ Լեյլային և Արզուին են պատկանում Բաքվի առավել շքեղ հյուրանոցները, այդ թվում՝ Four Seasons-ը, Sheraton-ը և Marriott-ը ի թիվս այլոց: Ադրբեջանի անշարժ գույքի մի փորձագետ ասել է OCCRP-ին, որ «այդ ընտանիքին պատկանող կամ նրանց հետ սերտորեն կապված Բաքվի բարձրակարգ հյուրանոցները գնահատվում են 10 միլիարդ դոլար»:

OCCRP-ն եզրակացնում է, որ Ալիևի դինաստիան վերջին տարիներին ներգրավված է եղել «բազմաթիվ գաղտնի գործարքներում մի քանի մայրցամաքներում…  Առաջին ընտանիքը, օգտագործելով օֆշորային ընկերություններին և միջնորդներին, իր ձեռքն է վերցրել Ադրբեջանի տնտեսության առյուծի բաժինը, այդ թվում՝ ոսկու հանքերը, զբոսաշրջությունը, հեռահաղորդակցության ընկերություններ և բանկեր, միևնույն ժամանակ գնելով շքեղ օբյեկտներ Եվրոպայի ու Պարսից ծոցի տարբեր երկրներում»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031