Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կապիտալիզմի խորդուբորդ ընթացքը

Հունիս 11,2017 12:00

Խորհրդային երկիրն ու խորհրդային ժամանակներն ինչքան էլ քննադատենք ու պախարակենք, փաստը փաստ է, որ Խորհրդային Միությունը, Խորհրդային Հայաստանը և ընդհանրապես խորհրդային ժամանակներն արտակարգ պատահարների քանակությամբ էապես էին զիջում մեր ժամանակներին:

Այսօր լրատվական որ կայքը բաց ես անում, արտակարգ պատահարներ ու սահմռկեցուցիչ տեսարաններ են: Լավագույն դեպքերն այն ավտովթարներն են, որոնցում տուժածներ ու զոհեր չկան՝ ըստ Գագիկ Շամշյանի, ով, փաստորեն, արտակարգ պատահարների լրատվության հիմնական ու ամենահավաստի աղբյուրն է:

Ասացի, որ խորհրդային ժամանակներում արտակարգ պատահարներն այսքան շատ  չէին, բայց ասածս հարյուր տոկոսանոց ճշմարտություն չի այն առումով, որ Սովետի օրոք ոչ լրատվական կայքեր կային, և ոչ էլ ազատ լրագրություն, և կյանքում տեղի ունեցող ոչ բոլոր իրադարձություններին ու երևույթներին էր հասարակությունն իրազեկվում: Բավական է հիշել, որ Չեռնոբիլի ողբերգությունից օրեր անց միայն հասարակությունը տեղեկացավ տվյալ աշխարհացունց աղետի մասին:

Բոլոր դեպքերում, ընդ որում՝ շատերի կարծիքով, մեր ժամանակներն արտակարգ պատահարների ու հատկապես ինքնասպանությունների ու սպանությունների առումով ակնհայտորեն գերազանցում են խորհրդային ժամանակներին: Ակնհայտորեն հին ժամանակների համեմատ ավելացել են նաև մերձավոր ու մերձավորագույն հարազատների միջև կոնֆլիկներն ու վեճերը, որոնք վերածվում են թշնամության: Այս ամենի արմատը հիմնականում սոցիալական է, ավելի պարզ ասած՝ այս տարատեսակ կոնֆլիկների ու թշնամությունների բուն պատճառը փողն է, որի քչության պատճառով էլ իրար դեմ կանխակալ թշնամություն չունեցող մարդիկ դուրս են գալիս իրար դեմ:

Այս դեպքում, իհարկե, սխալ կլինի չնշել, որ խորհրդային ժամանակներում մարդիկ ավելի հարուստ ու ավելի ունեվոր չէին՝ քան հիմա, բայց նաև սխալ կլինի չնշել, որ խորհրդային ժամանակներում սոցիալական իմաստով մարդկանց մինիմումն ապահովված էր, և բացարձակ աղքատության վտանգը քչերին էր սպառնում: Ասածիս մեջ որոշ մարդիկ կարող են, իհարկե, կարոտախտի որոշ տրամադրություններ հայտնաբերել, բայց, անկախ իմ ու ձեր տրամադրվածությունից, կարծում եմ, որ խորհրդային տարիներին մուրացկանների քանակն անհամեմատ քիչ էր ոչ միայն այն պատճառով, որ խորհրդային պետությունը կտրականապես էր արգելում մուրացկանությունը, այլև մի շարք այլ պատճառներով, որոնցից հիմնականն այն է, որ խորհրդային տարիներին քաղաքացիների կենսաթոշակը գոնե մի կերպ հերիքում էր, որպեսզի թոշակառուն հոգա իր մինիմում կարիքները, և խորհրդային տարիներն ապրածներս կարող ենք վկայել, որ դա ստացվում էր, մանավանդ եթե հիշենք, որ այդ տարիների կոմունալ ծախսերը չնչին կոպեկներ էին:

Իհարկե, մեր ժողովուրդն ու հատկապես մեր ժողովրդի երևելիները դարերով են անկախություն երազել, բայց չենք կարող հերքել, որ Հայաստանի վերջին անկախացումից հետո շատերը և հատկապես տարեցները հայտնվեցին սոցիալապես անմխիթար վիճակում. հատկապես այն տարեցները,ովքեր ոչ միայն արտերկրում աշխատող ու դրսից օգնություն ուղարկող զավակներ ու հարազատներ չունեն, այլև Հայաստանում էլ օգնողներ չունեն և, փաստորեն, միայնակ թոշակառուներ են՝ իրենք իրենց և իրենց չնչին թոշակների հույսին:

Ես ոչ թե գույներն եմ խտացնում, այլ ընդամենը փաստեր եմ արձանագրում, և այս վիճակի համար կոնկրետ որևէ մեկին չեմ մեղադրում, և ոչ էլ սովետական կարոտախտով եմ տառապում, մանավանդ որ՝ հասկանում եմ, որ Սովետն ու սոցիալիզմը անվերադարձ ու անդառնալի գոյություններ են, ընդ որում՝ ոչ հայկական. Սովետն ու սոցիալիզմը Ռուսաստանի միջոցով հայտնվեցին Հայաստանում և, փաստորեն, Ռուսաստանի միջոցով էլ դուրս գրվեցին ու վերացան Հայաստանից, և եթե մեզանից ոմանք Սովետը գովերգում էլ են, պիտի մեկընդմիշտ հիշեն, որ Սովետի գոյության շուրջ յոթանասուն տարիներից միայն վերջին երկու տասնամյակներն էին համեմատաբար օրինակելի, մինչդեռ նախորդ հիսուն տարիները բառի բուն իմաստով դժոխային էին: Ինչ վերաբերում է կապիտալիզմին, ապա նույնիսկ կապիտալիզմի լիդեր ԱՄՆ-ում կապիտալի կուտակման առաջին շրջանը հարթ չի ընթացել և հագեցած է եղել բազում սպանություններով, անօրինականություններով ու անարդարություններով:

Ինչ վերաբերում է անկախացած և, փաստորեն, կապիտալիզմի ուղին բռնած Հայաստանին, ապա չենք կարող պնդել թե՝ անկախացած ու կապիտալիզմի ուղին բռնած Հայաստանում բոլորը տուժեցին: Ընդհակառակը, շատերը շահեցին, և շատերի կյանքը լավացավ: Ամենևին նկատի չունենք օլիգարխներին կամ անօրինական ճանապարհով հարստացածներին և ոչ էլ բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ նրանց, ովքեր մեր ժամանակներում իրենց տաղանդի ու մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ են բարեկեցության հասել. մարդիկ, ովքեր սովետական համահարթեցման պայմաններում ըստ արժանվույն գնահատվելու հնարավորությունից զրկված էին:

Դրանց մեջ կան և′ ծրագրավորողներ, և′ բանկիրներ, և′ երաժիշտներ, և′ օպերային երգիչներ ու երգչուհիներ, և′ մարզիկներ՝ բռնցկամարտիկներ, ըմբիշներ, ֆուտբոլիստներ և այլն: Ճիշտ է, նրանցից շատերն արտերկրում են իրենց բարեկեցությունն ապահովում, բայց նրանք ոչ թե արտագաղթել են Հայաստանից, այլ արտերկրում իրենց մասնագիտական ունակություններն են դրսևորում՝ ի փառս Հայաստանի:

Բավական է նշել, որ այսօր ֆուտբոլիստներից շատերն անհամեմատ բարեկեցիկ կյանքով են ապրում, քան մեր ֆուտբոլի անցյալ ժամանակվա աստղերը՝ Անդրեասյանը, Խորեն Հովհաննիսյանն ու մյուսները: Խոսքը չի վերաբերում Հենրիխ Մխիթարյանին, ով մեր ֆուտբոլի մեծագույն տաղանդն է, այլ այն միջակ ֆուտբոլիստներին, ովքեր արտերկրի թիմերում խաղալով՝ անհամեմատ շատ են վաստակում, քան՝ անցյալի մեր ֆուտբոլային աստղերը:

Կարճ ասած՝ անկախությունն ու կապիտալիզմը շատերի կյանքն է լավացրել, բայց դա ամենևին մխիթարանք չէ միայնակ թոշակառուների ու աղքատության եզրին հայտնված մյուսների համար, ովքեր ոչ միայն բարեկեցությունից են զրկված, այլև՝ տարրական հույսից:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

 

«Առավոտ»

10.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930