Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը 5 անգամ միջնորդեց, որպեսզի Սեֆիլյանին, Գ. Սաֆարյանին եւ Ն. Պողոսյանին վերադարձնեն նիստերի դահլիճ

Հունիս 27,2017 17:03

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստը վերսկսվելուն պես դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարեց, որ ավելի վաղ նիստերի դահլիճից հեռացված Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանի հանդեպ եւս սանկցիա է կիրառվում:

Այնուհետեւ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբաններից Տիգրան Եգորյանը միջնորդեց վերանայել Սեֆիլյանին, նաեւ՝ Գեւորգ Սաֆարյանին եւ Ներսես Պողոսյանին՝ դատական նիստերի դահլիճից հեռացնելու որոշումը, քանի որ նրանց ներկայությունն անհրաժեշտություն է:

Դատարանը գտավ, որ միջնորդությունը հիմնավորված չէ ու մերժեց այն:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը դահլիճից հեռացվել է երեք, իսկ Սեֆիլյանը եւ Ներսես Պողոսյանը՝ վեցական ժամով:

Դատարանն անցավ նիստին ներկա ամբաստանյալների ինքնության ճշտմանը: Բացակա ամբաստանյալների փոխարեն դատարանն ընթերցեց գործի նյութերում առկա կենսագրական տվյալները:

Ի դեպ, դրանց համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը նախկինում դատվածություն չի ունեցել:

Հակասությունը հաշվի առնելով՝ Տիգրան Եգորյանը կրկին նույն միջնորդությունն արեց, նույնը նաեւ՝ դատավորի եւ դատախազի բացարկի քննության ժամանակ:

Ընդհանուր առմամբ, մինչ այս պահը Սեֆիլյանին, նաեւ՝ Գեւորգ Սաֆարյանին եւ Ներսես Պողոսյանին՝ դատական նիստերի դահլիճից հեռացնելու որոշումը վերանայելու միջնորդություն ներկայացվեց հինգ անգամ:

Ապա ամբաստանյալներից Սասունիկ Կիրակոսյանի փաստաբան Կարեն Հակոբյանը ներկայացրեց դատախազ Պետրոսյանի բացարկի դեմ միջնորդություն, քանի որ ըստ պաշտպանի՝ վերջինս նախաքննության փուլում կողմնակալություն է դրսեւորել:

Բացարկի շուրջ Տիգրան Եգորյանն ասաց՝ կարծիք չի կարող հայտնել, քանի որ իր պաշտպանյալներ Գեւորգ Սաֆարյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը ներկա չեն, բացի այդ՝ նիստն ընթանում է մյուս փաստաբանի՝ Արայիկ Պապիկյանի բացակայությամբ: Ըստ այդմ, Եգորյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ իր պաշտպանյալների դիրքորոշմանը ծանոթանալու համար: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Եգորյանի միջնորդությունը գնահատեց որպես ոչ ժամանակին արված միջնորդություն, ուստի այն քննության չառավ:

Իսկ դատախազի բացարկի միջնորդության առնչությամբ որոշումը դատարանը կհրապարակի մեկ ժամ անց: Ըստ այդմ, նիստը կրկին ընդմիջվեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930