Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանը շատ լավ գիտի Ադրբեջանի տարածքային նկրտումները եւ հայկական զինված ուժերի՝ զսպիչ գործոնի դերը». Ահարոն Վարդանյան

Օգոստոս 07,2017 16:54

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 6-ին կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի հանդիպումը, որի ժամանակ, ի թիվս այլ կարեւոր հարցերի, անդրադարձ եղավ տարածաշրջանային անվտանգությանը: Թեմայի շուրջ Aravot.am-ը զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ:

-Պարոն Վարդանյան, Հասան Ռուհանին շեշտեց, որ կարևորում է տարածաշրջանում անվտանգության հաստատումը, հատկապես՝ Իրանի սահմաններին: Ձեր դիտարկմամբ, ո՞րն է այս հարցում Իրանի բարեկամ Հայաստանի դերն ու նշանակությունը։

-Իրանական կողմի համար միշտ էլ կարևոր են եղել իր սահմաններում անվտանգության հաստատումն ու ապահովումը, և պաշտոնական Թեհրանն այդ մասին բազմիցս է ասել՝ ընդգծելով, որ կոնկրետ Արցախյան հակամարտությունն իրանական կողմի համար ունի բացառապես մեկ՝ խաղաղ ճանապարհով լուծում։ Այդ մասին ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է թե՛ անցած տարվա վերջում՝ Երևան կատարած այցի ժամանակ, և թե՛ Թեհրանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև՝ ԱԳՆ միջոցով և այլ դիվանագիտական խողովակներով։ Ժամանակին Իրանը նույնիսկ փորձել է Արցախյան հակամարտության հարցում ակտիվ միջնորդական քայլեր ձեռնարկել: Ներկայում էլ կրկին մեծ է Իրանի հետաքրքրությունը Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, քանի որ տարածաշրջանային ուժերից միայն Իրանն է, որ ցամաքային սահման ունի հակամարտող բոլոր կողմերի հետ։ Ճիշտ է, պաշտոնական Թեհրանը, գոնե հռետորաբանության մակարդակում, Արցախյան հարցում միշտ էլ փորձել է պահպանել հավասարակշռությունը, բայց գործողության և քայլերի մակարդակում այլ բան ենք տեսնում։ Գաղտնիք չէ, որ Իրանն ու Ադրբեջանն ունեն բազմաթիվ խնդիրներ՝ ամենատարբեր ոլորտներում։ Իրանում շատ լավ գիտեն Ադրբեջանական Հանրապետության տարածքային նկրտումները և Բաքվի կողմից վարած համապատասխան քաղաքականությունն այս հարցում։ Իրանում շատ լավ տեսնում են, թե ինչպես է Իրանի համար թիվ մեկ թշնամի երկիրը՝ Իսրայելը, օգտագործում Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ և այլն…։ Մի պահ պատկերացրեք՝ եթե այս ֆոնին Ադրբեջանական Հանրապետությունն այն բոլոր ռեսուրսները, որոնք ծախսում է հայկական կողմի վրա, ուղղի իրանական կողմին, ապա Իրանին ահագին գլխացավանքներ կպատճառի: Հետևաբար, այս տեսանկյունից հայկական զինված ուժերը, կարելի է ասել, կատարում են զսպող դեր, քանի որ Արցախի սահմանն Իրանի հետ, ըստ էության, դիտարկվում է որպես հայ-իրանական սահման։

-Պարզ է, որ տարածաշրջանի ապակայունացնող առաջնային գործոններից է Ադրբեջանը. այս համատեքստում ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի եւ Իրանի գործակցությունն անվտանգության ոլորտում։

-Ինչպես արդեն նշվեց, Թեհրանի և Բաքվի հարաբերություններում կան բազմաթիվ կնճռոտ հարցեր: Այդ ամենը շատ լավ երևաց օրերս՝ Հասան Ռուհանիի երդմնակալության ժամանակ, երբ Բաքվից Թեհրանի հրավերին արձագանքեցին խորհրդարանի նախագահի մակարդակով։ Իրանական կողմը հստակ գիտակցում է, որ տարածաշրջանում անկայունությունը ձեռնտու է միայն ու միան պաշտոնական Բաքվին, քանի որ հայկական կողմը պարզապես դրա կարիքը չունի. հաղթող կողմը երբեք չի լարի իրավիճակը, սա շատ պարզ է։ Հետևաբար, այս համատեքստում տեղավորվում է Սերժ Սարգսյանի այն միտքը, որ երկու երկրները համարվում են Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորները։ Այդ ամենը հաշվի առնելով է, որ երկու երկրները կարող են և ցանկանում են հստակորեն համագործակցել տարածաշրջանում անվտանգություն հաստատելու և պահպանելու ոլորտում։

-Հանդիպմանը կարեւորվել է նաեւ գազի և էներգետիկայի ոլորտներում եռակողմ` Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձևաչափով համագործակցության զարգացումը: Ձեր գնահատմամբ, որքանո՞վ է հեռանկարային, մասնավորապես, գազի տարանցման ԻԻՀ-ՀՀ-Թուրքմենստան ձևաչափը։

-Այս ձևաչափով առաջին քննարկումները եղել են դեռևս այս տարվա հունվարին, երբ վարչապետն ընդունել էր ՀՀ-ում Իրանի և Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններին և քննարկում ունեցել վերջիններիս հետ։ Այդ ժամանակ քննարկվել էին հատկապես եռակողմ էներգետիկ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Հենց այդ հանդիպման արդյունքում էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել աշխատանքները և քննարկումները բերել ավելի առարկայական դաշտ։ Փաստորեն, Սերժ Սարգսյան-Հասան Ռուհանի հանդիպման ժամանակ այս խնդրի արծարծումը նշանակում է, որ կողմերն անում են հնարավոր քայլերը, քննարկումներ են իրականացնում՝ ծրագիրն ավելի շոշափելի դարձնելու համար։ Ցանկացած ծրագիր էլ կարելի է կյանքի կոչել՝ համապատասխան կամք և ցանկություն դրսևորելու դեպքում։

Կոնկրետ այս ծրագիրը հեռանկարային է այն առումով, որ բոլոր կողմերն էլ ունեն միմյանց հետ տարբեր նախագծեր կյանքի կոչելու փորձը։ Կարևորն այն է, որ իրանական կողմից առկա է համապատասխան ազդակը՝ իրացնելու գազային խնդրին վերաբերող տարանցիկ հարցերը, իսկ հայկական կողմն էլ համապատասխան վերաբերմունքով պատասխանել է այդ ազդակներին։ Պետք է նշել, որ այս գործակցությունը անչափ կարևոր է նաև Թուրքմենստանի համար։ Վերջինս ունի գազ արտահանելու խնդիրներ: Ինչքանով որ տեղյակ եմ, Ռուսաստանի հետ համագործակցությունն այս բնագավառում ժամանակավորապես սառեցված է, իսկ Իրանի հետ Թուրքմենստանն ունի գնի հետ կապված խնդիրներ և արտահանում է միայն Չինաստան։ Հետևաբար, գազ արտահանելու ցանկացած առաջարկ հետաքրքիր է Թուրքմենստանի համար:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031