Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրո առարկա տեսանյութը Լիանա Զուրաբյանին վերաբերող անձնական տվյալ է. ոստիկանությունը պետք է ունենար նրա թույլտվությունը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 06,2017 11:45

Հարգանքի տուրք տալով ճանապարհային ոստիկանության տեսուչների համբերությանը եւ մի կողմ թողնելով վարորդի արարքի քննարկումը՝ փորձենք քննարկել ՀՀ ԿԱ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության՝ խնդրո առարկա տեսանյութի տարածման օրինականությունը։

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը ամրագրում է, որ անձնական տվյալ է «ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը»։ Այսինքն, խնդրո առարկա տեսանյութը Լիանա Զուրաբյանին վերաբերող անձնական տվյալ է։

Նույն օրենքի 8-րդ հոդվածը ամրագրում է, որ «Անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե՝

1) տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, եւ տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ

2) մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից»։

Տվյալ դեպքում հանրամատչելի աղբյուրի մասին խոսք չկա, քանի որ ՃՈ տեսուչի տեսախցիկի նկարահանած տեսանյութը հանրամատչելի չէ: Վարչական իրավախախտում գործող անձի պահվածքի ու տեղաշարժի մասին տեսանյութեր տարածելու իրավական նորմ, բնականաբար, որեւէ օրենքով ամրագրված չէ։

Հետեւապես, ոստիկանությունը պետք է ունենար Լիանա Զուրաբյանի թույլտվությունը։ Իսկ այդ թույլտվությունը չկար։ Եվ անգամ ավելին, Զուրաբյանը, որը հանրության որոշ շերտերում հայտնի ասմունքող է, տեսանյութում խնդրում է, որ նշված միջադեպը «պետք չի լրագրողներին տալ»։

Այսինքն, Ոստիկանությունը կոպտորեն խախտել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ առանց թույլտվության եւ օրենքով ուղղակիորեն չնախատեսված դեպքում անձնական տվյալ հրապարակելով։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930