Սիրված երգիչն էլ միացավ ճանաչված գյումրեցիների պայքարին (Տեսանյութ)

Սիրված երգիչն էլ միացավ ճանաչված գյումրեցիների պայքարին (Տեսանյութ)

Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ աշուղական երգերի բարեգործական համերգ՝ սիրված երգիչ Վարդան Բադալյանի ու «Շերամ» անսամբլի մասնակցությամբ, մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է «Գյումրին առանց տնակների» հիմնադրին, որի առաքելությունը գյումրեցիներին անօթևանությունից, խարխուլ տնակներից փրկելն է։

Հիշեցնենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է, հոգաբարձուների խորհրդի կազմում Գյումրիի ճանաչված դեմքերն են՝ քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը, Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, «Լենտեքս» ֆաբրիկայի տնօրեն Կարեն Գոմցյանը, «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտ Մինասյանը եւ այլք։ Հիմնադրամի գործադիր տնօրենը տնտեսագետ Ղարիբ Հարությունյանն է։

Դահլիճը հանդիսատեսի պակաս չուներ, Վարդան Բադալյանին ու երաժիշտներին այնպես էին երկրպագում, որ նրանք համերգի ավարտին շնորհակալություն հայտնեցին գյումրեցի խստապահանջ հանդիսատեսին՝ իրենց «քննությունը» պատվով հանձնելու համար։ Նրանք շեշտեցին, որ Գյումրին այն տեղն է, որտեղ երաժիշտները բարդ քննություն են հանձնում։

«Ցանկացած մեկիդ գնած տոմսը մեծ աջակցություն է այս ծրագրին», ասաց «Շերամ» անսամբլի դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ պատրաստակամ են այս հրաշալի նախաձեռնության համար նորից գալ ու ելույթ ունենալ։ «Միշտ պատրաստ ենք ձեր կողքին լինելու», ասաց նա։

Նշենք, որ «Շերամ» անսամբլն ու մեներգիչ Վարդան Բադալյանը, որոնք մեկ անգամ արդեն մասնակցել էին այս նույն նպատակի համար կազմակերպված բարեգործական համերգին, ցանկություն էին հայտնել նորից համերգով հանդես գալ, միայն թե գյումրեցի մեկ ընտանիք ազատվի տնակի ճիրաններից։ Համերգը տևեց մոտ երկու ժամ, գյումրեցիներն ամեն մի կատարմանը իրենց վերաբերմունքն արտահայտում էին ոչ միայն բուռն ծափահարություններով, այլ խոսքերով, տեղից հնչեցրած գնահատականներով։

Երբ Վարդան Բադալյանը պիտի կատարեր Ջիվանու «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան» ստեղծագործությունը, դահլիճը մի տեսակ լարվեց, հանդիսատեսներից մեկն էլ բացականչեց․ «Տեսնենք արժանի՞ ես Ջիվանուն», երբ երգիչը սկսեց կատարել, դահլիճը թնդաց ծափահարություններից։ «Լույսն անպակաս լինի քեզանից, էս ինչ ձևի երգեցիր, ապրես, բռավո», բացականչում էր դահլիճում նստած տարեց մի կին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք