Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինատեսակները, որ մենք ստանում ենք ՌԴ-ից, ավելի կատարելագործված են, քան այն զինատեսակները, որն ունի Ադրբեջանը». Սաֆրաստյան

Դեկտեմբեր 25,2017 13:43

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսօր «Փաստարկ» ակումբում խոսեց 2017-ի կարեւոր ձեռքբերումների մասին՝ արտաքին քաղաքականության ասպարեզում:

Ըստ նրա, այս տարի աշխարհը որոշ չափով դարձավ ավելի անվտանգ, քանի որ հաջողվեց հիմնականում կարգավորել ռազմական առումով սիրիական ճգնաժամը եւ հաջողվեց ռազմական հակամարտության հարթությունից տեղափոխվել դիվանագիտական հարթություն. «Աշխարհը 2017-ին դարձավ մի քիչ ավելի անվտանգ: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին,արդյոք այն ավելի անվտա՞նգ էր, քան նախորդ տարիներին, իմ գնահատմամբ՝ ոչ, քանի որ արցախյան հակամարտությունը կա եւ հնարավոր չեղավ խաղաղ կարգավորման գործընթացը առաջ տանել: Ադրբեջանը անընդմեջ շարունակում է սահմանի ողջ երկայնքով կիրառել տարբեր տեսակի պրովոկացիոն գործընթացներ, որոնց նպատակն է ներազդել խաղաղ բանակցային գործընթացի վրա»:

Նա նշեց, որ այս տարի այդպես էլ չհաջողվեց իրականացնել այն համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, դա թույլ կտար սահմանի վրա զինադադարի խախտումների ավելի հստակ մոնիտորինգ իրականացնել եւ որոշակի պատժամիջոցներ կիրառել խախտողի նկատմամբ. «Մեր տարածաշրջանում անվտանգությունն ավելի բարձր մակարդակի չհաջողվեց հասցնել»:

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, այս տարվա ընթացքում հաջողվեց ավելի բարձրացնել մեր բանակի մարտունակությունը. «Հաջողվեց ավելի կատարյալ զենքով զինել մեր բանակը: Դա մեզ հնարավորություն է տալիս ավելի հաստատակամ նայելու 2018-ին: Մեր անվտանգության առաջին երաշխիքը մեր բանակն է: Ես համաձայն չեմ, որ մենք հետ ենք մնում հակառակորդից: Այն զինատեսակները, որ մենք ստանում ենք ՌԴ-ից, ավելի կատարելագործված են, քան այն զինատեսակները, որն ունի Ադրբեջանը»:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից Թուրքիային մատակարարվելիք C-400-ին՝ պարոն Սաֆրաստյանն ասաց, որ առաքումը սկսելու է 2 տարի հետո: Իրադրության վրա դա չի անդրադառնալու առաջիկա մի քանի տարիներին. «Բալանսը պահպանվում է բարձր մակարդակով, մենք հիմա ունենք ավելի կատարյալ զենք»:

Թե կոնկրետ որ զինատեսակները նկատի ունի՝ ասելով, որ դրանք ավելի կատարյալ են, քան մեր հակառակորդի ունեցածը, արդյոք խոսքը «իսկանդերների՞» մասին է՝ պարոն Սաֆրաստյանը նախընտրեց չմանրամասնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031