«Ծառուկյան» դաշինքը գնաճը զսպելու կոնկրետ օրենսդրական քայլեր է առաջարկել. Նաիրա Զոհրաբյանը՝ ընդդեմ գնաճի «Ելքի» երթի մասին

«Ծառուկյան» դաշինքը գնաճը զսպելու կոնկրետ օրենսդրական քայլեր է առաջարկել. Նաիրա Զոհրաբյանը՝ ընդդեմ գնաճի «Ելքի» երթի մասին

«Առավոտի» հարցերին պատասխանում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

 –Տիկին Զոհրաբյան, «Ելք» դաշինքը հունվարի 19-ին նախատեսում է երթ՝ գնաճի դեմ, եւ կոչ է անում բոլորին միանալ իրենց երթին։ «Ծառուկյան» դաշինքը միանալո՞ւ է ընդդեմ գնաճի երթին։

-Եթե երթերով ու միտինգներով հնարավոր լինել պայքարել գնաճի, կոռուպցիայի, աղքատության, արտագաղթի եւ լրջագույն այլ մարտահրավերների դեմ, ապա վստահ եղեք, որ մենք օրական առնվազն մի քանի երթ կանեինք։ Մենք, իհարկե, հարգում ենք մեր գործընկերների որոշումը, սակայն նման լրջագույն հարցերը երթերով ու կոչերով չեն լուծվում։

Դեռեւս աշնան սկզբին, երբ բոլոր քաղաքական ուժերը լուռ էին, «Ծառուկյան» դաշինքը առաջինն էր, որ զգուշացրեց առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի լրջագույն հետեւանքների մասին: Երբ բոլորը լուռ էին, մենք առաջինն էին, որ խոսեցինք ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի վտանգների մասին, ինչի հետեւանքներն արդեն տեսանելի են։ Եվ ոչ միայն խոսեցինք, այլ նաեւ առաջարկեցինք կոնկրետ օրենսդրական լուծումներ։ Մասնավորապես՝ Հարկային օրենսգրքում մենք առաջարկել ենք 150-ից մինչեւ 300 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում եկամտային հարկը թողնել նույնը: Բացի դա՝ առաջարկել ենք նվազագույն սպառողական զամբյուղում առանձին հաշվարկել առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, որովհետեւ հիմնական գնաճը հենց այդտեղ է տեղի ունեցել։

Հաշվի առնելով գնաճը, ցածր կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը, առաջարկել էինք նվազագույն աշխատավարձ սահմանել 80 հազար դրամ, բարձրացնել կենսաթոշակները։ Այսինքն, գնաճի հետեւանքները զսպելու համար «Ծառուկյան» դաշինքը կոնկրետ եւ առարկայական քայլեր է արել, ինչը հնարավորություն կտար խուսափել գնաճի նման հետեւանքներից։

Փոքր եւ միջին ձեռներեցությունը մեր երկրում վերջնականապես չսպանելու համար առաջարկեցինք սահմանին հետաձգել ավելացված արժեքի գանձումը, եւ մի շարք այլ նախաձեռնություններ եւս, որոնք կարող էին մեղմել ստեղծված իրապես պայթյունավտանգ իրավիճակը։ Եվ, ի դեպ, «Ելքի» մեր հարգարժան գործընկերները կարող էին, եթե ունեին նման ցանկություն, միանալ մեր նշյալ նախաձեռնություններին, որոնք միտված էին հենց այդ խնդիրների լուծմանը։

«Ծառուկյան» դաշինքը աշնանային նստաշրջանի մեկնարկին հանդես է գալու մի շարք նոր առաջարկներով, եւ եթե այս կառավարությունը չի որոշել երկիրը տանել սոցիալական բունտի, ապա խորհուրդ եմ տալիս «կոնվեյերային» ռեժիմով չմերժել բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացնում է ընդդիմությունը։

Ծառուկյան» դաշինքը ստացել է «Ելք» խմբակցության ղեկավարի նամակը, որը ձեր դաշինքին առաջարկում է որպես նախագահի միասնական թեկնածու՝ առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Ե՞րբ եք պատասխանելու «Ելք» դաշինքին։

-Ես եւ իմ գործընկերները քանիցս արդեն այդ հարցին անդրադարձել ենք։ Երբ «Ելք»-ի մեր գործընկերները առաջարկում են սկսել բանակցություններ կոնկրետ թեկնածուի շուրջ, եւ տարբեր հրապարակային ելույթներում նշում են, որ որեւէ քաղաքական ուժ չի կարող առավել արժանավոր թեկնածու առաջադրել, հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչի՞ շուրջ բանակցել։

Մենք հարգում ենք յուրաքանչյուր քաղաքական ուժի օրակարգը, սակայն որեւէ գործողություն ինքնանպատակ չպետք է լինի, եւ այդ մասին խոսեց նաեւ մեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, նշելով, որ «Ծառուկյան» դաշինքը երբեք չի գնում պարտության, իսկ ընդդիմության ձայները բավարար չեն քո առջեւ դրված խնդիրը լուծելու համար։ Ուզում եմ նաեւ հիշեցնել հենց «Ելքի» առաջին դեմքերի քանիցս արված հայտարարությունը, որ ընդդիմությունը չպետք է անի քայլեր, որոնք տանելու են երաշխավորված պարտության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք