Լրահոս
Օրվա լրահոսը

Արտառոց նավահանգիստ Վանա լճի հատակում. հայտնաբերել է հայ նավապետը (Տեսանյութ)

Հունվար 15,2018 16:16

Դեռևս անցած տարի թուրքական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ թուրք սուզորդները Վանա լճի հատակին հայտնաբերել են մոտ 3000 տարվա պատմություն ունեցող պատմական ամրոց։ Տեղադրելով սիրողական մակարդակի տեսանյութ՝ նշել էին, որ հայտնաբերված ամրոցն, ամենայն հավանականությամբ, պատկանում է ուրարտական ժամանակաշրջանին:

Մինչդեռ «Կիլիկիա» նավի նավապետ, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանը վաղուց էր հայտնաբերել այն՝ 1999 թվականին:

Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այն ամենայն հավանականությամբ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կառուցած քաղաքի նավահանգիստն է Ախթամար կղզում, որն, ի դեպ, ունեցել է միջնադարյան ճարտարապետական գլուխգործոց համարվող դարպասներ:

«10-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունին իր «Պատմություն տանն Արծունյաց» գրքում նկարագրել է, որ Գագիկ թագավորը կղզու վրա կառուցել է քաղաք՝ պալատներով: Ինձ ամենից շատ հետաքրքրեց նրա կառուցած արհեստական նավահանգիստը. ջրի մեջ պատեր է կառուցել, ու նավահանգիստը դարպասներով փակվել է: Ճարտարագիտական շատ հետաքրքիր կառույց է եղել , որովհետև շատ հազվադեպ է հանդիպում, եղել են դարպասներով փակվող նավահանգիստներ, բայց որ Հայաստանում է նման բան եղել, իհարկե, շատ հետաքրքիր է ու պատվաբեր: Ինձ հանգիստ չէր տալիս այն տեսնելու միտքը, գնացի, սուզվեցի, սկսեցի ուսումնասիրել, այնտեղ ոչ մի բան չի երևում կառույցներից, փլատակներ են երևում, մտածեցի, թե կարող է պատերը հատակի տակ են: Վանա լճից դուրս եկող գետեր չկան և տարեկան ջրի մակարդակը պիտի բարձրանար 3-7 սանտիմետր:

Հաշվարկեցի, որ 1000 տարվա ընթացքում մինիմում 30 մետր բարձրացած կլինի ջրի մակարդակը և պետք է փնտրել այդ խորություններում: 1999 թվականին 4 հոգով գնացինք, հասանք կղզի, և պետք էր կողմնորոշվել, թե որտեղ կարող էր լինել, կղզու մի մասը ժայռոտ է, բարձր տեղ էր, բարձրացա, կանգնեցի ու մտածեցի՝ եթե ես Գագիկ թագավորի տեղը լինեի կամ ճարտարապետ լինեի՝ որտեղ կկառուցեի նավահանգիստը:

Նավապետ լինելով՝ գիտեի ինչ է պետք նավահանգստին, միակ տեղը, որ հարմար գտա, սուզվեցինք, մի քիչ երկար տևեց, որովհետև չգիտեի որտեղ է, ինչ խորության վրա է, բայց, ի վերջո, պատերը գտա: Ինձ թվաց, որ հենց նավահանգստի պատեր եմ գտել, որովհետև ուղիղ չէին, ինչ-որ փոքր շեղումներ ունեին, այսինքն` ալիք կա, մտածեցի երևի տեղանքին հարմար ձևով է պատը շարվել, բայց դա, իհարկե, ենթադրություն է, մասնագետները պիտի չափագրեն: Պատը տեսել եմ, շոշափել եմ, գիտեմ, որ հաստատ կա: Ես ընդամենը մի ժամ ունեի. ջրի տակ շնչելու օդն էր վերջանում, երբ արդեն պատրաստվում էի դուրս գալ, հանկարծ գտա: Լուրջ ուսումնասիրությունների դեպքում մի ամբողջ պատմություն ջրի երես դուրս կբերենք»,-վստահ է նավապետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hovhannes says:

    Հայերէնը ունի մեծատառ ւ՝ Ւ
    ԱՐԵՒՇԱՏՅԱՆ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031