Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկալումների բացարձակ տարբերություն

Օգոստոս 08,2017 10:00

«Առավոտի» կայքի օգտատերերից մեկը, որն ապրում է մի հեռավոր երկրում, վիրավորանք է գրել՝ մեկնաբանելով Էմմա Գաբրիելյանի «Զենքով դեպի Եվրոպա՞ ու արեւմտյան արժեքնե՞ր» հոդվածը: Այդ հոդվածում մեր լրագրողը (եւ ես էլ նրա հետ միասին) տարակուսանք է հայտնում, թե ինչպես կարելի է լինել ժամանակակից եվրոպական արժեքների ջատագով կամ իրավապաշտպան ու ողջունել ոստիկանական գնդի վրա զինված հարձակումը: Նույն օրը, սակայն, aravot.am-ը հրապարակեց այդ հարձակումը գործած խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանի նամակը, որտեղ նա կոչ է անում իր խմբի գործողությունները դիտարկել որոշակի տրամաբանական շղթայի մեջ: Այդ նամակին արձագանքեց մեկ այլ ընթերցող, որը, ցավոք սրտի, իր անունով չի ներկայացել. նրա կարծիքով՝ «Առավոտը» «տեռորիստների խոսափողն է»:

Մեր դիրքորոշումը երեւի իսկապես դժվար է հասկանալ: Անկախ նրանից, որ տվյալ անձը մեղադրվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ, նա, միեւնույն է՝ իրավունք ունի արտահայտելու իր տեսակետը՝ իհարկե, եթե այնտեղ չկան բռնության կոչեր, ատելության քարոզ եւ այլ՝ օրենքով արգելված բովանդակություն: Եվ ամենեւին կարեւոր չէ՝ անձամբ ես համաձա՞յն եմ այդ տեսակետի հետ, թե՞ ոչ: Շատերը կոչ են անում «կողմնորոշվել» եւ միանալ «պրոծռական» կամ «հակածռական» քարոզչությանը, բայց «Առավոտի» դեպքում դա երբեք չի լինի. կա մեր տեսակետը, կան բազմաթիվ այլ տեսակետներ, որոնք նույնքան հարգանքի են արժանի, որքան մերը, եւ կան օրենքներ, որոնց բոլորս պարտավոր ենք ենթարկվել:

Նմանատիպ մի դեպք տեղի ունեցավ հայերի համար ճակատագրական՝ «կողմնորոշման» հարցում: Քաղաքացիներից մեկն իր «թռուցիկում» հերթական անգամ ինձ անվանել է «ռուսաֆոբ»՝ այդ մեղադրանքը հաճախ եմ լսում իմ հասցեին: Պուտինի եւ Կրեմլի չափից դուրս ջերմեռանդ երկրպագուները այդ պիտակն են կպցնում բոլոր այն մարդկանց, որոնց դուր չի գալիս Ռուսաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունը, եւ որոնք հնարավոր չեն համարում որեւէ ձեւով վերականգնել կայսրությունը: Անշուշտ, ինձ էլ է թվում, որ Պուտինը, իր երկրի համար բարին ցանկանալով, այնուամենայնիվ տարված է «կայսերական փառքը» վերականգնելու իռացիոնալ գաղափարներով եւ ֆանտոմային ցավերով: Բայց ի հակակշիռ «ռուսաֆոբի»՝ մեկ այլ ընթերցող կարծում է, որ ես գրում եմ Կրեմլի պատվերով, որովհետեւ կարծում եմ, թե Վրաստանը չափից դուրս թանկ գին է վճարել Եվրոպային ինտեգրվելու համար՝ գին, որն անձամբ ես պատրաստ չեմ վճարել: (Իհարկե, վրացիները կատարել են գիտակցված ընտրություն, որը պետք է հարգել):

Տեսնո՞ւմ եք՝ որքան տարբեր կարող են լինել նույն տեսակետի ընկալումները: Դա, ի վերջո, նորմալ է. ես իմ կարծիքն ասացի, եւ չեմ կարող մեկնաբանել այդ ընկալումները: Բայց դա չի նշանակում, որ «Առավոտը» պատրաստ չէ հրապարակել թե՛ մոլի «պուտինիստների» եւ թե՛ նույնքան խանդավառ «հակապուտինիստների» տեսակետները, եթե դրանք կոռեկտ են շարադրված: Առանց հարգալից երկխոսության մենք առաջ չենք գնա:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. joradzadza says:

    Մեծարգո Պրն Աբրահամյան, որպեսզի հասկանալի լինի ձեր ընկալման էությունը, փորձեք հետևյալը: 200 տարի առաջ տեղի ունեցավ ֆրանսիական հեղափոխությունը և Բաստիլի գրավումը այսօր տոնում են Ֆրանսիայում: Մոռացեք ՊՊԾ գունդը, ձեր ընկալումները բացատրեք Բաստիլի գրավման օրինակով: Եթե ինչ որ բան ստացվի, խնդրում եմ մեզ էլ բացատրեք: Բաստիլի գրավման ժամանակ զոհերի թիվն ու կիրառված զենքը կարող եք գտնել համացանցում:

  2. Zaven says:

    Եթե հեղափոխությունը ստացվում է, ապա կազմակերպիչները հերոսներ են եթե ոչ, ապա տեռորիստներ,դավաճաններ կամ հիմարներ,վերջինի հետ ես նույնիսկ համաձայն եմ,նորից ասեմ որ Վրաստանը իր տարացքները կորցրել է շատ ավելի վաղ անցյալում եւ կապ չունի նրա արեւմտամետ քաղաքականության հետ; ինչը հեղինակի կողմից փաստերի խեղաթյուրում է:

  3. Ruben says:

    Երանի ՀՀ «Պուտիններն» էլ ՀՀ-ի համար բարին ցանկանալով, տարված լինեին կայսերական ու կայսրության փառքը վերականգնելու գաղափարներով:
    Ավաղ՝ մեր «Էշն ի՞նչ գիտի նուշն ինչ է» ու հենց «Աղվեսի նման բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է»։

  4. Լավատես says:

    Այսօր արդյունավետ դիմագրավել հասունացած համաշխարհային մարտահրավերներին հնարավոր է միայն անկախ պետությունների վերպետական կառույցների հավաքական ուժի միջոցով, եթե չենք ուզում հերթական անգամ հայտնվել իրենց դարն ապրած կայսրությունների ու քոչվորների արհեստական՝ միայն ուժի վրա հիմնված փլուզվող պետությունների փլատակների տակ: Ինչքան էլ խելոք ու արդար լինի մեր Կառավարությունը, այն սահմանափակված է իրեն նշանակող ուժերի կողմից, այսինքն՝ Կառավարությունից, փլուզվող, բայց դեռեւս ուժեղ պետությունների կողմից նշանակված հարուստներից ու գաղափարախոսներից սպասել հայ պետության անկախացում անիմաստ է: Դրսի հզոր ուժերի համար մեր երկիրն ընդամենը ռազմավարական կամ մարտավարական տարածք է միայն եւ եթե կառավարման արդյունավետությունը այդ ՝տարածքում՝ լինի ցածր, նրանք իրենց առավել կազմակերպված կառավարիչներին կբերեն կնշանակեն: Կարճ ասած, մենք ինքներս պետք է ինքնակազմակերպվենք, մենք ինքներս պետք է մեր ապագան ծրագրավորենք ու դրա համար ստեղծենք հասարակական հիմունքներով համաշխարհային հայության մասնագետներից սպայակույտ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031