Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություն մեկ արարով

Փետրվար 04,2018 12:00

Երբ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկում էր Արմեն Սարգսյանի թեկնածությունը, «Ելք» դաշինքը երթ էր անցկացնում ընդդեմ թանկացումների: Կարելի է ասել, որ արդեն բացահայտ պառլամենտական հանրապետություն ենք: Ոչ միայն 4-րդ նախագահին է խորհրդարանն ընտրում, այլև խորհրդարանական խմբակցությունն է թանկացումների դեմ պայքարում: Առաջիկա թանկացումների դեմ: Հարց է առաջանում՝ նորի՞ց պիտի թանկացումներ լինեն: Եթե «Ելքի» առաջիկա երթերն առավել հուժկու ու առավել բազմամարդ լինեն, և եթե դրանք հաշվի առնելով՝ կառավարությունը հայտարարի, որ այսուհետ որևէ թանկացում թույլ չի տալու, դրանից ժողովրդի սոցիալական վիճակն էապես փոխվելո՞ւ է:

Ինչ վերաբերում է 4 -րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ոչ ոք չէր ենթադրում, որ 4-րդ նախագահն այսքան հեշտուհանգիստ է ընտրվելու: Փաստորեն, Արմեն Սարգսյանի համար միակ դժվարությունը այն էր, որ ինքը պիտի համաձայներ գործող նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին: Փաստորեն, միակ բարդությունն իր համաձայնությունն էր: Պարզ է, որ պիտի համաձայներ, բայցև պիտի որոշ դժվարությամբ համաձայներ, այլապես կստացվեր, որ ինքն առանց որևէ ջանք գործադրելու դառնում է նախագահ:
Կարճ ասած, չափազանց անսովոր իրավիճակ է, որովհետև առանց ժողովրդի քվեարկության Հայաստանում երբևէ նախագահ չենք ունեցել: Անձամբ Արմեն Սարգսյանի համար էլ է սա անսովոր իրավիճակ, և փաստորեն ստացվում է, որ զուտ Սերժ Սարգսյանի ցանկությամբ ու շնորհիվ է Արմեն Սարգսյանը նախագահ դառնում, ու երևի նաև դա էր պատճառը, որ ինքը որոշակի դժվարությամբ համաձայնեց, որպեսզի հասկացնի, որ ինքն էլ Սերժ Սարգսյանի հանդեպ է ժեստ անում:

Ասում ենք՝ առանց ժողովրդի ընտրություններ, բայց սա ոչ թե քննադատություն է, այլ ընդամենը իրավիճակի արձանագրություն, որովհետև եթե հետայսու պառլամենտական հանրապետություն ենք, և դա ընդունել ենք ի գիտություն, ուրեմն նաև առանց ժողովրդի մասնակցության ընտրված նախագահների ինքնությունն էլ պիտի ի գիտություն ընդունենք:
Ինձ հակադրվողներից ոմանք այն կարծիքին են, որ, այնուամենայնիվ, ժողովուրդը նախագահի ընտրությանը մասնակցություն ունի՝ այնքանով, որ, փաստորեն, ժողովրդի ընտրյալ պատգամավորներն են ընտրում նախագահին: Ինչպես նաև՝ վարչապետին: Բայց կյանքը նաև ցույց է տալիս, որ նախագահին ու վարչապետին ոչ թե պարզապես պատգամավորներն են ընտրում, այլ, փաստորեն, պառլամենտական մեծամասնությունը: Այսինքն՝ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը նույնպես ընտրված է ժողովրդի կողմից: Փաստորեն:

Իսկ ի՞նչ են անելու պառլամենտական մյուս խմբակցությունները ՀՀ նախագահի ընտրության հետ կապված: Խոսքը վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, «Ելքին» և ՀՅԴ-ին: Վերջիններս կամ պիտի կողմ քվեարկեն Արմեն Սարգսյանի թեկնածությանը, կամ դեմ: Հետաքրքիրն այն է, որ երկու դեպքում էլ արդյունքը նույնն է լինելու. այսինքն՝ երկու դեպքում էլ Արմեն Սարգսյանն ընտրվելու է նախագահ:

Այսինքն՝ ավելի լավ է կողմ քվեարկեն, քան դեմ: Չնայած սա լավ առիթ է, որպեսզի «Ելքը» դեմ քվեարկի՝ ապացուցելու համար, որ իրենք պառլամենտական միակ ընդդիմությունն են:
Դեռ շատ ենք խոսելու ու գրելու 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի մասին, որովհետև նրա թեկնածության տարբերակը շատերի համար էր հաճելի: Այդուհանդերձ, մենք մենք չէինք լինի, եթե այս կապակցությամբ ինտրիգներ չբստրեինք: Ավելի ճիշտ, ոչ թե բստրում ենք, այլ ինտրիգն ինքն իրեն առաջ է գալիս, քանի որ մարդկանց հիշողությունը, պարզվում է, շատ թարմ է: Եվ շատ զարմանալի կլիներ, եթե այս առիթով թարմ հիշողության տեր որոշ մարդիկ չհիշեին, որ ժամանակին, ըստ ասեկոսեների, Արմեն Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնը լքել է Վազգեն Սարգսյանի կոպիտ վերաբերմունքի պատճառով:
Եթե Վազգեն Սարգսյանի ու Արմեն Սարգսյանի հարաբերություններն այդքան հետաքրքրում են որոշ լրագրողների, նրանք կարող էին այդ հարցով դիմել հենց Արմեն Սարգսյանին՝ մանավանդ, որ մեր որոշ լրագրողներ այդ համարձակությունն ունեն: Եվ, կարծում եմ, շատ կարճ, կոնկրետ ու սպառիչ պատասխան կստանային: Նրանք այդ հարցով դիմեցին Արմեն Սարգսյանին, բայց միանգամայն այլ Արմեն Սարգսյանի՝ Վազգեն Սարգսյանի եղբորը: Վերջինիս պատասխանը ենթադրելի ու սպասելի էր և, փաստորեն, հարցասերների հարցասիրությունը չէր սպառում:

Կարճ ասած, մենք սիրում ենք ուշացումով հարցեր բարձրացնել հատկապես այն պահերին, երբ դրանց կարիքն առանձնապես չի զգացվում: Ժամանակին չբարձրացրած հարցերը, կարծում ենք, չարժե այսքան ուշացումով բարձրացնել: Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանի պարզաբանմանը, թե 4-րդ նախագահի թեկնածուն այն ժամանակ առողջական խնդիրների պատճառով է լքել վարչապետի պաշտոնը, և եթե այդ հարցում նրան իսկապես Վազգեն Սարգսյանն է համոզել, մանավանդ էս պահին հակված ենք էդ տարբերակին հավատալ: Մանավանդ որ՝ ասեկոսեների ու խոսակցությունների մեջ էս տարբերակն էլ է շոշափվում:

Առողջություն ու բարձր տրամադրություն մաղթենք 4-րդ նախագահի թեկնածուին: Ավելի ճիշտ՝ 4-րդ նախագահին:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728