Քանի որ վերջին ամիսներին հասարակական միջավայրում ամենահաճախակի կրկնվող բառը «երկխոսությունն» է, ես էլ փորձեմ իմ համեստ լուման ներդնել «երկխոսական» դատողությունների մեջ: Բանն այն է, որ, իմ կարծիքով, այդ երկխոսությունն արդեն իսկ տեղի է ունեցել: Իհարկե՝ եթե մենք այդ բառը մեկնաբանենք լայն իմաստով՝ որպես խաղի որոշակի կանոնների մասին պայմանավորվածություն, որպես համաձայնություն որոշակի թեզի շուրջ:
Անցած տարվա աշնանից ՀՀ առաջին նախագահի քարոզչությունը հիմնված էր մի թեզի վրա. «Նրանք, ովքեր իմ կողքին չեն, Սերժ Սարգսյանի կողմնակիցներն են»: (Ընդգծեմ, որ դա ոչ թե մեջբերում է, այլ քարոզչության «ամփոփում»): Ժամանակը եւ, մասնավորապես, հետընտրական զարգացումները ցույց տվեցին, որ քաղաքական գործիչների կիրառությամբ այդ թեզը հարյուր տոկոսանոց ճշմարտություն է: Ուրիշ հարց, որ այդ «նախապայմանը» չի կարող տարածվել ՀՀ բոլոր քաղաքացիների վրա: Արդյոք Սերժ Սարգսյանը հակադրվո՞ւմ էր այդ թեզին: Ամենեւին. ներկայիս նախագահն էլ, ըստ էության, ասում էր. «Ովքեր Տեր-Պետրոսյանի կողքին չեն, նրանք ընդդիմադիր չեն՝ իմ հաճախորդներն են»: (Դա նույնպես մեջբերում չէ): Դրանից էլ լավ երկխոսությո՞ւն եւ «կոնսենսո՞ւս»:
Այդ «կոնսենսուսի» արդյունքում մենք ունենք իշխանություն, որը մարտի 1-ին արյուն է թափել, որը իր հակառակորդների նկատմամբ գործում է բացառապես ուժային, ռեպրեսիվ մեթոդներով, եւ որը (ինչպես ցույց են տալիս «ծառայողական քննությունները») ի վիճակի չէ ազատվել նույնիսկ իր ամենաօդիոզ դեմքերից: Մյուս բեւեռում կանգնած է ընդդիմությունը, որը համախմբել է ողջ բողոքական ընտրազանգվածը՝ ծայրահեղ կոմունիստներից մինչեւ ծայրահեղ լիբերալների համակիրներով, եւ որը բոլոր քաղաքացիներից պահանջում է կանգնել «հակաավազակապետական» հեղափոխության դրոշների տակ: Իսկ ով չի կանգնում, նա... (որակումների եւ հայհոյանքների շարանը՝ ըստ ձեր ճաշակի):
Քանի որ այդ յուրովի երկխոսությունն արդեն կայացել է եւ կողմերը «պայմանավորվել» են կենաց-մահու պայքար մղել, այսինքն՝ «ծրագրավորված» են միմիայն իրար ոչնչացնելու վրա, խոսել ինչ-որ նոր «երկխոսությունների» մասին՝ անիմաստ է: Կողմերը պարզապես շահագրգռված չեն որեւէ համաձայնության գալու մեջ: Ընդդիմությունը ձգտում է հեղափոխության ճանապարհով («չընտրությունները» ապացուցում են, որ այլ ճանապարհ չկա) տապալել իշխանությունը եւ գալ իշխանության, իսկ իշխանությունը՝ ոստիկանական ծեծուջարդով, հնարավորինս շատ հակառակորդներ բանտերը գցելով վայելել աթոռները 5-10 տարի: Ո՞րն է այստեղ փոխզիջումը: «Քաղաքականության մեջ, ինչպես բիզնեսում, հաջող են համարվում միայն այն գործարքները, որոնցից շահում են երկու կողմերը: Երբ շահում է միայն մեկ կողմը, գործարքն ամենեւին հաջողված կամ տեւական չի կարող լինել»,- հանրահավաքներից մեկում իրավացիորեն նշել է ՀՀ առաջին նախագահը: Հենց այդ պատճառով էլ իշխանություն-ընդդիմություն գործարքը տեղի չի ունենում: |
Մուտք Գրանցվել