Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ էր խանգարում Շեւարդնաձեն

Սեպտեմբեր 05,1995 12:03

Շեւարդնաձեի մահափորձի վարկածները («Մոսկվայի ձեռքը», «աբխազական հետքը» եւ «ներքին գործոնը») սովորաբար դիտվում են իրարից անջատ։ Սակայն փորձենք այս բոլոր վարկածները համադրել՝ որոշ զուգահեռներ հաստատելով։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ արթնացան վրացական ազգայնական բնազդները, Մոսկվան արդեն իսկ մտահոգված էր Անդրկովկասի ճակատագրով։ «Նոր Ռուսաստանի» հիմնական նպատակն էր Անդրկովկասում վերականգնել իր ազդեցությունը՝ կիրառելով «ղարաբաղյան» եւ «աբխազական» խաղաքարտերը։ Մոսկվան կողմ էր Ադրբեջանի ու Վրաստանի տարածքային ամբողջականությանը, սակայն այն պայմանով, որ ինքը վերահսկի այդ վերականգնումը։ Այդ դիրքորոշումը կտրականապես մերժում էր Վրաստանի այն ժամանակվա ղեկավար Գամսախուրդիան։ Նա առաջ քաշեց այսպես կոչված «պանկովկասյան համերաշխության» գաղափարը ընդդեմ Ռուսաստանի՝ համաձայն որի Ռուսաստանից պետք է անջատվեր ոչ միայն Անդրկովկասը, այլ նաեւ Հյուսիսային Կովկասը։ Այս գաղափարը, բնականաբար, աջակցություն էր գտնում նաեւ Չեչնիայի ղեկավար Դուդաեւի կողմից։ Այսպիսով, Գամսախուրդիա-Դուդաեւ զույգը

մահացու վտանգ էր ներկայացնում Մոսկվայի համար։ Սակայն, քանի որ Գամսախուրդիայի քաղաքականությունը երկրի ներսում կրում էր ընդգծված ազգայնական բնույթ, այն ոտքի հանեց բոլոր այլազգիներին, որից էլ օգտվեց Մոսկվան։ Գամսախուրդիային չէին կարող բացահայտորեն աջակցել ո՛չ Արեւմուտքը. ո՛չ էլ Թուրքիան, քանի որ Վրաստանի ղեկավարի ծրագրերը կրում էին բացահայտ հակառուսական եւ մութ ազգայնական բնույթ։ Այս հատույթում էլ Մոսկվայում ծագեց Գամսախուրդիային Շեւարդնաձեով փոխարինելու խնդիրը։

Իր այդ քաղաքականության մեջ Մոսկվան Վրաստանի ներսում հենվեց երկու խոշոր ռազմականացված կլանների վրա, որոնք ղեկավարում էին Թենգիզ Քիթովանին եւ «օրենքով գող» Ջաբա Իոսելիանին։ 1992-ի հունվարին Գամսախուրդիան հեռացվեց, եւ Թբիլիսի վերադարձավ Շեւարդնաձեն: Շեւարդնաձեին Մոսկվայում գնահատում էին որպես չափազանց հարմար գործիչ սեփական ծրագրերի իրագործման համար: Քիթովանիի եւ Իոսելիանիի տեսակետից Շեւարդնաձեն նույնպես հարմար էր։ Նա «համաշխարհային գործչի» վարկ ուներ եւ կզբաղվեր միմիայն «մեծ քաղաքականությամբ», մինչդեռ իրական՝  ներքին իշխանությունը կմնար իրենց ձեռքում։

Թվում էր՝ ամեն ինչ գնում է «բնական» ճանապարհով, սակայն կար մեկ հանգամանք, որը չէին նախատեսել ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Իոսելիանին եւ Քիթովանին։ Շեւարդնաձեն չէր ուզում կատարել «դրածոյի դեր»: Օգտագործելով իր միջազգային հեղինակությունը՝ նա կտրուկ բարձրացրեց Վրաստանի «իմիջը» միջազգային հանրության առջեւ: Իսկ մինչ Մոսկվայի հետ «մեծ պայմանագրի» կնքումը, նա աջակցություն ստանալով Արեւմուտքից, փորձեց «մեղմել» Վրաստանի ռուսական կողմնորոշումը։ Սակայն Աբխազիայում ջախջախիչ պարտությունից հետո Շեւարդնաձեն իր համար անսպասելիորեն հայտնաբերեց, որ բոլոր այդ միջազգային համակարգերը, ուժերը, ծրագրերը եւ այլն, Անդրկովկասում չեն գործում, եթե աջակցություն չեն ստանում Մոսկվայից։

Միայն Սուխումը կորցնելուց հետո Վրաստանը մտավ ԱՊՀ մեջ, համաձայնվեց «ռուսական խաղաղարար առաքելությանը» Աբխազիայում: Շեւարդնաձեի այս քայլերը մինչ այսօր էլ անվստահության մեջ են պահում մոսկովյան որոշ շրջանակների։ Եվ հենց այդ անվստահության մթնոլորտն է, որ ըստ էության խոչընդոտում է «աբխազական հարցի» հանգուցալուծմանը։ Թեեւ այսօր Շեւարդնաձեն ամենուրեք հայտարարում է ռուսական բացարձակ կողմնորոշման մասին, այսինքն՝ Վրաստանը որեւէ լուրջ այլընտրանք չունի, սակայն չկա ոչ մի երաշխիք Մոսկվայի համար, որ «վաղը» Շեւարդնաձեն չի կրկնի իր «1992-ի քաղաքականությունը»։

Վրաստանն այսօր, ըստ էության, համաձայնվում է Մոսկվայի բոլոր պայմաններին, կողմ է Վրաստանի «արտաքին սահմանի» լիակատար վերահսկողությանը ռուսական զորքերի կողմից, միայն թե լուծվի աբխազական խնդիրը։ Ըստ էության, Շեւարդնաձեն համաձայն է Մոսկվայի «սկզբնական ծրագրերին», ըստ որի Վրաստանի ամբողջականության հիմնական երաշխիքը նույն Մոսկվան է: Դրա շնորհիվ Շեւարդնաձեին նույնիսկ հաջողվեց Սահմանադրության հիմքում դնել Վրաստանի կառուցման դաշնակցային սկզբունքը: Սակայն մինչ այսօր էլ Մոսկվան դեռ լռում է, բացառյալ ռուսական միջնորդական խմբի ղեկավար Բորիս Պաստուխովի «քննադատական» խոսքերը աբխազների նկատմամբ: Իրոք, «դյուրին է քանդել վստահությունը, սակայն չափազանց բարդ է վերականգնել այն»։ Բայց եթե արտաքին քաղաքականության մեջ Շեւարդնաձեին հետապնդում են անհաջողությունները, ապա «ներքին կյանքում» նա քայլ առ քայլ թուլացրեց երկու «գորշ գայլերի» ազդեցությունը: Օգտագործելով Աբխազիայի անհաջողությունները, մասնավորապես այն, որ վրացական զորքերի Սուխում մտնելը Քիթովանու գաղափարն էր, իսկ դրա արդյունքում ողջ վրացական բնակչությունը հեռացավ Աբխազիայից, Շեւարդնաձեն «խաղից դուրս» հանեց «գեներալին»։ Նոր Սահմանադրությամբ վերջնականապես «խաղից դուրս» էր մնում նաեւ Իոսելիանին

Պետք է նշել՝ ե՛ւ Քիթովանին, ե՛ւ Իոսելիանին չափազանց կարեւոր դեր էին կատարում Ռուսաստանի համար՝ վերահսկելով պետության ղեկավարին։ Քանի որ Ռուսաստանի տեսակետից դեռ չի կազմավորված «վստահելի, կայուն իշխանություն», Մոսկվան Վրաստանում պաշտպանում է «կլանների համակարգը», որը «անհրաժեշտ պահին» կհեղաշրջի ռուսների համար անընդունելի պետական ղեկավարին: Այդ «մեխանիզմի» միջոցով Մոսկվան հեռացրեց Գամսախուրդիային. գրեթե նույն «մեխանիզմը» կիրառվեց Ադրբեջանում, երբ հեռացվեց Էլչիբեյը։ Այդ «մեխանիզմները»՝ ի դեմս կլանների. զբաղված են իրենց երկրների թալանով, կողոպուտով, բանդիտիզմով, իսկ երբ ծագում է վտանգ իրենց շահերի հանդեպ, նրանք սկսում են գործառել «դեմոկրատիայի անհրաժեշտություն, ոստիկանապետության վտանգի» գաղափարներով: Քաղաքական կրկեսի տիրույթում ժողովրդի ճնշող մեծամասնությունը սարսափելի աղքատության մեջ է։ Այդ «խորհրդարանական, դեմոկրատական կրկեսը» անհրաժեշտ էր Իոսելիանիին եւ նրա համակիրներին, այդ ամենի ետեւում լուրջ գործով զբաղվելու համար։ Իսկ նոր Սահմանադրությունը, եւ հատկապես նախագահի բացառիկ լիազորությունները վերջ էին դնելու թե՛ «բալագանին», թե՛ դրանից օգտվող Օստապ Բենդերներին։

Սա է կայուն իշխանության հաստատման միակ միջոցը։ Անշուշտ, դա կարող է հանգեցնել նոր տիպի չարաշահումների։ Մարդկության պատմության մեջ բազմաթիվ են այն դեպքերը, երբ ավտորիտար համակարգերը բերում էին «նոր չարաշահումների, կոռուպցիայի, թալանի»: Սակայն կա նաեւ հակադարձը. ավտորիտար համակարգերը դեմոկրատական համակարգերի հիմքն են դնում։ Պարզ է միայն մի բան. որ դեպի դեմոկրատիա անցումը միշտ էլ ընդմիջվել է ավտորիտարիզմով։ Այդ անցումը կարող է լինել հաջող կամ անհաջող։ Միանշանակը լոկ այն է, որ «դեմոկրատական բալագանը» հանգեցնում է փակուղու՝ պարարտ հող ստեղծելով բազմաթիվ Օստապ Բենդերների գործունեության համար։ Իսկ Վրաստանի պարագայում կայուն իշխանության հաստատմանը դեմ էին ոչ միայն այդ «ներքին» կլանները, այլ գուցե նաեւ Մոսկվան։ Ճիշտ է՝ Մոսկվան չունի կառուցողական առաջարկ Շեւարդնաձեին։ Այստեղ չկա «վրացական» Մութալիբով։ Սակայն մյուս կողմից՝ Շեւարդնաձեի նուրբ խաղերը Արեւմուտքի հետ «նավթային հարցում» զայրացնում են Մոսկվային։ Մասնավորապես, աբխազական հարցում, չստանալով ոչ մի ակնկալիք, Շեւարդնաձեն այսօր փորձում է գործադրել «նավթային» խաղաքարտը, որն այնքան շահագրգռում է Անկարային։ Անշուշտ, «նավթատարի» խնդիրը Շեւարդնաձեի համար ավելի շատ սակարկությունների հարմար հիմք է Մոսկվայի հետ փոխզիջումների հույսով։ Եվ որպեսզի սանձահարի «անարխիայի ու կլանների» գործոնը՝ որպես ռուսական շահարկումների դաշտ, Շեւարդնաձեն կարողացավ հաղթահարել վերջին խոչընդոտը նախատեսվող Սահմանադրությամբ։

Այսպիսով, Շեւարդնաձեի «վերացման» մեջ կենսականորեն շահագրգռված են բազմաթիվ կլաններ, որից ամենախոշորը «օրենքով գող» Իոսելիանին է: Սակայն, միաժամանակ Շեւարդնաձեն վտանգավոր անորոշություն է նաեւ Մոսկվայի դիտակետից։ Ճիշտ է՝ Շեւարդնաձեի վերացումով Մոսկվան կարող է ստանալ էլ ավելի անկայուն վիճակ Վրաստանում։

Եվ պարզ չէ, թե հետագայում ինչպիսի մեթոդներով նա կարող է վերականգնել իր համար վստահելի կայուն ռեժիմ: Այդ իմաստով քանի դեռ չկա «վրացական» Մութալիբովը, խաղից Շեւարդնաձեին հանելը վտանգավոր է: «Նոր Գամսախուրդիա» Վրաստանում էլ չի ծնվի, սակայն «առանց Շեւարդնաձեի» գուցեեւ երկար ժամանակ Վրաստանում իրավիճակը չկայունանա: Իսկ անկայուն Վրաստան նշանակում է անկայուն Անդրկովկաս։ Անկայուն Անդրկովկասն էլ անկայուն Հյուսիսային Կովկաս, որից դեպի անկայուն Ռուսաստան մեկ քայլ է:

Այս հանգամանքը չեն կարող հաշվի չառնել Մոսկվայում, հաշվարկելով Շեւարդնաձեի գործոնի «դրական եւ բացասական» կողմերը։ Այս ամենը, հարկավ, տրամաբանական դատողություններ են: Շեւարդնաձեի արձագանքից կարելի է հետեւություն անել, որ նա շատ նյարդայնացած է: Դրանով է բացատրվում անվտանգության ծառայության ղեկավար Իգոր Գեորգաձեի հեռացումը աշխատանքից, նրա տեղակալ Թեմուր Խեչիշվիլին ձերբակալված է: Շեւարդնաձեն չի վստահում Մոսկվային, նրանց գաղտնի ծառայությունների հետ կամրջելով մահափորձը: Ժամանակին Շեւարդնաձեն Գեորգաձեին նշանակեց այդ բարձր պաշտոնում՝ մոսկովյան շրջանակներից վստահության քվե ստանալու միտումով: Սակայն այդ «գինը» բավարար չէր:

Երվանդ ԲՈԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930