«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, գերաշնորհ արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, քայլերթով գալիս է մայրաքաղաք Երևան։ «Միասին» շարժումը վստահ է, որ հայ ժողովրդի և հայոց պետականության համար բախտորոշ մայիսյան այս խորհրդանշական օրերին բոլորս պետք է զինվորագրվենք համահայկական դարձող քայլերթին։ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից, հայաստանյան և արցախյան տարբեր անհատներից ու կառույցներից եկող արձագանքները հավատ և հույս են ներշնչում, որ օրինական պայքարը ավարտվելու է հաջողությամբ՝ հանուն մեր պետության սահմանների և քաղաքացիների անվտանգության։
Իր անվերապահ զորակցությունը հայտնելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նրան առաջնորդող Հայ առաքելական եկեղեցու նվիրյալ որդի Բագրատ Սրբազանին՝ «Միասին» շարժումը վստահ է, որ պետք է համազգային պայքարը առաջ տանել մշակված ծրագրային քայլերով, զուգահեռ ընթացող համակարգային քննարկումներով և համաձայնեցված գործողություններով, որոնք կապահովեն շարժման արդար և օրինական նպատակների անխաթար իրականացումը՝ անկախ հակառակորդների հարուցած հնարավոր բռնարարքների և ապատեղեկատվության հոսքերի։ Միասին հաջողելու ենք։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ


















































