Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 4-ից դեպի Երեւան երթով շարժվող հազարավոր քաղաքացիներին ճանապարհին ողջունում ու օրհնում են շարժմանը չմասնակցող քաղաքացիներ:
«Աստված ձեզ հետ, լավ խաբարով հետ գաք, Աստված ձեզ օրհնի»,- Տավուշի շարժման մասնակիցներին մաղթում են քաղաքացիները: Երթին միանում են նորանոր քաղաքացիներ ճանապարհից՝ մեքենաներով, խմբերով:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Բագրատ Սրբազանը հայտարարել էր շարժման նոր մեկնարկի մասին՝ Կիրանցից դեպի Երեւան շարժվելու մասին:
Կարդացեք նաև
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ չափազանց կարեւոր է հանգամանքը, որ Բագրատ Սրբազանն իր առաջնորդությամբ սահմանեց այս շարժման սկզբունքները, դրանք ամենակարեւորն են, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն ընդունեն դրանք որպես սկզբնական կետ առաջնորդության համար. «Հայրենիք, հայ, Աստված. համերաշխությամբ պիտի կարողանանք յուրաքանչյուրս մեր տեղում մեր ներդրումն ունենալ այս շատ պատասխանատու շարժման հաջողության գործում: Սա բացառիկ շարժում է, որովհետեւ առաջնորդվում է եկեղեցու կողմից, այս շարժումն իր բնույթով, ոգով, առաքելությամբ համահայկական է, վերկուսակցական ու վերանձնային է»:
Ասպրամ Կրպեյանն ասաց՝ հավատում է հայի հավաքական ու միասնության ուժին եւ համոզված է՝ սրբազանի առաջնորդությամբ պիտի հաջողենք:
Բագրատ սրբազանն էլ, անդրադառնալով երթին միացող նորանոր քաղաքացիներին, նկատեց, որ մեր ժողովուրդն էս ստորացված վիճակից ուզում է ազատվել, «Չես կարող էդքան արհեստական պահել, տեսնում եք մեր շարքերում ովքեր են՝ հոգեւորականներ, բժիշկներ, փաստաբաններ, աշխարհականներ,պարզ մարդիկ ամեն տեղից»:
Հարցին, թե երթն այսօր որտեղ կավարտվի, Սրբազանը պատասխանեց՝ կիմանաք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































