Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության սահմաններն անսահման չեն

Նոյեմբեր 24,1995 17:22

Երկար ժամանակ ընդերկրյա մթությունում մնացած մարդկանց լույս աշխարհ «վերադարձնելիս» սովորաբար կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկում՝ նրանց աչքերը կապում են, որպեսզի արեւի ազդեցությանն աստիճանաբար վարժվեն։ Հայ լրագրությունն արեւի կուրացուցիչ լույսերում հայտնվեց առանց նման նախավարժանքի։ Անակնկալի համախտանիշն արտահայտվեց բոլոր դրսեւորումներով, որոնցից ամենացավալին տեսողության ժամանակավոր կորուստն էր։ Սա էլ իր հերթին ողջ մարմինը, ենթարկեց հոգեբանական ցնցակաթվածի։ Երկու երեւույթն էլ քիչ առ քիչ անցան, բայց շփոթմունքի հարուցած անորոշությունը ցայսօր էլ շարունակվում է՝ հանգիստ չտալով ինչպես իրենց՝ լրագրողներին, այնպես էլ նրանց աշխատանքի արդյունքը տեսնելու կոչվածներին։

Արշալույսին փոխարինողը գրաքննության վախճանն էր։ Այն նույն երեք հատկանիշն ուներ՝ ցանկալի էր, սպասված ու շլացուցիչ: Մի սովորական բուռն օր արթնացանք, որ տեղեկանանք, թե մեր մտքերն այլեւս ոչ ոք չի հսկելու, չի տնտղելու մեր վկայակոչած փաստերը, անկեղծ գրվածքներում սատանաներ չի փնտրելու։ Ամեն ինչ թելադրելու են իրավիճակը եւ քո ներքին ձայնը։ Բայց մի անսպասելի երեւույթ նկատվեց՝ ներքին ձայնը ավելի շատ ներքին գրաքննիչի էր նման։ Այդ բռնադատված բնազդն էր, որ սանձակոտոր գրիչներին ստիպեց բառը գրելուց առաջ դեռ մի քիչ հապաղել։ Համատարած շփոթմունք էր՝ վերաճեց կատարյալ քաոսի։ Ի՞նչ գրել եւ ինչպե՞ս։ Երկու

սովորական հարց, որոնց թվում է օժտվածության նվազագույն չափի դեպքում էլ պետք է կարողանայիր պատասխանել, բայց պատահեց տհաճություններից ամենատհաճը՝ ասպարեզում ազատության ձոներգում էր եւ ուրիշ ոչինչ։

«Ինչի եւ ինչպեսի» երկմտանքը լուծվեց, երբ Հայաստան խուժեց արեւմտյան ու ռուսական մամուլը նվաճած պոռներգության տարափը։ ՛Անտեսվեց այն պարզագույն իրողությունը, որ «լուսավորյալ աշխարհում» սիրո քարոզչությունը սկսվում է վաղ հասակից ու տարիքի հետ փոխում է իր բովանդակությունը։ Իսկ մեզանում ամենաիսկական կարկտահարություն։.

Այդ փոթորկում ոչնչացան պարկեշտության ահռելի պաշարներ, ավանդական սրբացված հասկացություններ, բնականի ու խոտորի սահմաններ, մի խոսքով, այն, ինչը, մեր կարծիքով անաղարտ է պահել հայ ընտանիքը ու նրանով հայ հասարակությունը: Բարեբախտաբար, հայտնվեց ինչ-որ զսպիչ մի ձեռք, որը սահմանափակեց գռեհիկ, ախտածին տեսաֆիլմերի տարածումը: Սակայն տեղական ու ներմուծովի մամուլը հավատարիմ է իր «երթին»։ Քրեական լրաշարին հետեւելիս հեշտությամբ կարելի է նկատել, թե բռնաբարության դեպքերի ինչ առատություն է մեր հանրապետությունում։ Դա բնական հետեւանքն է այն հիվանդոտ լիցքերի, որոնցով եթերն ու թերթերը լցնում են անպատրաստ, խակ երեւակայությունները: Անմաքուր ու չգիտակցված կրքերը պետք է անփառունակ էլ վախճան ունենան։ Երբեմն ապշում ես, թե տարաշխարհիկ հովեր որդեգրած, իսկ իրականում տարրական հեռատեսությունից զուրկ որոշ լրագրողներ ինչ բավականությամբ են ոճիրներ նկարագրում: Բերկրաթմբիրի մեջ ընկնելով, նրանք մոռանում են, որ այդ պահին ուսուցչի դեր են ստանձնել. նրանք սկսում են ակամա դաժանության դասեր տալ հատկապես դեռահասներին, որոնք, քաջածանոթ դրույթ է, այդ հակումները ի ծնե ունեն։

Գրաքննության բացակայությունը ավելի է դժվարացնում ռազմական ու պետական գաղտնիքների պահպանության գերխնդիրը։ «Դրոյի» գործի բացարձակ ՝ հրապարակայնությունն առայժմ որեւէ հետեւանք չի թողել, բայց դա չի նշանակում, թե մեզնով հետաքրքրվողները նիրհում են։ Կամ պե՞տք է արդյոք շահարկումների նյութ դարձնել Հայաստան մտնող գազի քանակը, տնտեսությունում տիրող հակասական վիճակը, գիտական հայտնագործությունների մանրամասն նկարագրությունները, տարածաշրջանների հետ մեր փոխշփումների յուրահատկությունները եւ այլ հարցեր։ Ազատորեն, շատ հաճախ ուղղակի քմահաճորեն քրքրելով այս հիմնախնդիրները, մեր երկրին օգո՞ւտ, թե վնաս ենք բերում՝ հայտնի չէ: Ժամանակին արցախյան ռազմաճակատը սիրալիրաբար փռել էինք աշխարհի աչքի առաջ, ով ուզում գալիս-գնում էր, միայն թե մեր մասին երկու սրտաշարժ խոսք ասվեր։ Լավ է կռահեցինք, որ եկողների մեջ բարեկամից շատ լրտեսներ կան:

Կասեք՝ հիմա ի՞նչ, գրաքննության վերադա՞րձ ես բաղձում: Քավ լիցի, սարսափում եմ հոդված ու հաղորդում մամլած «գլավլիտային վիզաներից»։ Բայցեւ, չեմ պաշտպանում ազատության այն ավելցուկը, որը մարդկային բնազդներին գումարվելով, դառնում է հայրենիքի դավաճանություն, ժողովրդի այլասերում, երկրի քայքայում ու նվաստացում։ Պետք է գոյություն ունենա մի ձեռք, որը հոգածորեն ուղղորդի թույլատրելին։ Մի՞թե սա չի նկատի ունեցել կառավարությունը՝ իր կազմում ձեւավորելով Տեղեկատվության նախարարությունը։ Մի կառույց, որի դերը, թվում է, թե անորոշից էլ անորոշ է, բայց, փաստորեն, բովանդակավորված է այս հեռահար գործառույթով լինել կարելի-անկարելիի զատորոշիչը: Համենայնդեպս ներքին գրաքննիչին կուրորեն ապավինելով, կամ նրան հանդգնորեն բացառելով, նույնիսկ միջին որակին մոտեցող մամուլ չենք ստեղծի։ Բարգավաճ պետության մասին խոսելը, այս դեպքում արդեն, ավելորդից էլ ավելորդ կլինի։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930