Լրահոս
Օրվա լրահոսը

Հայագիտության ռահվիրան

Դեկտեմբեր 23,1995 12:04

Մկրտիչ Էմինի ծննդյան 180 եւ մահվան 105-ամյակների առթիվ

Ականավոր հայագետ-արեւելագետ, մանկավարժ ու թարգմանիչ Մկրտիչ Հովսեփի Էմինը (Կարապետյան) ծնվել է 1815թ. նոյեմբերի 25-ին (դեկտեմբերի 7-ին) Պարսկաստանի Սպահան քաղաքի հայաբնակ Նոր Ջուղա արվարձանում։ Ինը տարեկան հասակում հայրը նրան տանում է Հնդկաստան, ուսման տալիս Կալկաթայի «Մարդասիրական ճեմարանում», որտեղ աշակերտում է Հովհաննես Ավդալյանին եւ Մեսրոպ Թաղիադյանին։ 1829թ. գարնանը Էմինը շվեդական շոգենավով 7-ամսյա ճանապարհորդությունից հետո հասնում է Մոսկվա, ուր ընդունվում եւ սովորում է Լազարյան ճեմարանում։ Ապա 1838թ. ավարտում է Մոսկվայի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետի բանասիրության բաժինը։ Մոտ կես դար Էմինը ծավալել է եռանդուն գիտամանկավարժական գործունեություն. Լազարյան ճեմարանում եղել է հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, պրոֆեսոր, հայագիտության ամբիոնի վարիչ եւ տեսուչ, Վլադիմիրյան նահանգի դպրոցների վերատեսուչ, Մոսկվայի 5-րդ գիմնազիայի տնօրեն եւ այլն։ Էմինի

բեղմնավոր գրչին պատկանող շուրջ 4 տասնյակ գիտական աշխատությունների գլուխգործոցը «Վեպք հնոյն Հայաստանի» հետազոտությունն է, որը լույս է տեսել 1850թ. Մոսկվայում:

Մկրտիչ Էմինը իր մահկանացուն կնքեց 1890թ. դեկտեմբերի 13(25)-ին, Մոսկվայում:

«Արձագանք» (Թիֆլիս) շաբաթաթերթի Շուշիի թղթակիցը գրել է. «Ամսույս 23-ին տեղույս Ղազանչեցվոց եկեղեցում, ս.պատարագից հետո, կատարվեցավ հոգեհանգիստ հանգուցյալ Մկրտիչ Էմինի հիշատակին: Ամբողջ եկեղեցին լիքն էր խուռն բազմությամբ, ներկա էին եւ քաղաքիս առաջնակարգ անձինք, առավել պաշտոնականներից։ Հոգեհանգստից հետո Կարապետ եպիսկոպոս Այվազյանը մի ազդու քարոզ խոսեց, առաջ բերելով այն բոլոր ծառայություններն ու երախտիքը, որ արել էր հանգուցյալ Էմինը թե՛ Հայ ազգին եւ թե՛ գիտությանը։ Եվ վերջը սրբազան հայրը, ձեռները երկինք բարձրացնելով ասաց. «Տեր, մշակն արժանի է վարձո յուրո, վարձատրիր այս բազմաշխատ մշակին»։

Իր մահից առաջ Էմինը կտակել էր 10000ռ. գումար, որով հիմնվելու էին նրա ավան գրական-ուսումնական մրցանակաբաշխություններ։

Ստեփան  ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031