Նվիրվում է Ջուլիետ Մատինյանի ծննդյան 85-ամյակին եւ մահվան 25-րդ տարելիցին
25 տարի առաջ շնչարգելության նոպայի ժամանակ շտապօգնության կանչ-մեքենան տեղ հասավ ոչ միայն ուշացած, այլ առանց թթվածնի բալոնի. ընդհատվեց ամենաինքնատիպ մտավորականի, արձակագիր-լրագրողի, Վիլյամ Սարոյանի ասած «Հայաստանի ամենաաղվոր կնոջ»՝ Ջուլիետ Մատինյանի կյանքը։ Մահվանից օրեր առաջ Ջուլիետը պիտի ասեր. «Պարտված Ջուլիետ, անպարտ Ջուլիետ»…
Այն, որ անպարտ մնաց Ջուլիետ Մատինյանը, վերահաստատվեց, երբ այցելեցի դուստրերին՝ Նարե, Երազիկ Հայկազյաններին՝ Նարեի օջախ։
Ջուլիետը ներկա էր։ Հատակին դրված արկղեր-արխիվներում նրա կողմից խնամքով մեքենագրված մանրապատումներն են, խոհագրությունները, անտիպները, լուսանկարները, հարցազրույցները, որոնք կարիք ունեն ուսումնասիրման, պահպանման, տարածման։
Ձեռքս առաջինն ընկնում է Աբիգ Ավագյանի խոսքը նրա մասին. «60-ականների մեջ ամենաօժտվածը Ջուլիետ Մատինյանն է, սեղմ, խոսուն ու թարմ մտածողություն ունի։ Նրա գրականության մասին ուրիշները կխոսեն, բայց ես, որ երկար տարիներ աշխատանքային ու մարդկային շփումների առիթ եմ ունեցել, ամենից ավելի հիացել եմ նրա դիմակայության ու կյանքի ձախողումներին ու անհաջողություններին տոկալու և դրանց անցողիկությունն ընդունելու փիլիսոփայությամբ, որի ակունքն ու ազդակը քրիստոնեությունն է» («Մեր ոգեղեն Ջուլյան», «Եթեր», 2001, մարտի 8)։
Ի՞նչ է թողել Ջուլիետ Մատինյանը. «Գլոբուսն ու տղան» («Հայաստան», 1973), «Մորենի» («Սովետական գրող», 1976), «Ոսկե ճանճը» («Խորհրդային գրող», 1990), «Ծիրանի մանուշակները» (1999, «Զանգակ»-97), գրքեր, արկղերով անտիպներ, որոնք կարիք ունեն վերահրատարակման։ Ժամանակին դրանք տպագրվել են տասը հազար տպաքանակով։ 60-ից ավելի արխիվային բոբինաները՝ մագնիսական ժապավենները, ինչպես Նարեն է տեղեկացնում, չորս-հինգ տարի առաջ տրամադրել է Հայաստանի հանրային ռադիոյի արխիվի տնօրեն, երգիչ Արթուր Իսպիրյանին, դրանցում վաստակաշատ լրագրողի հարցազրույցներն էին մեր մեծերի հետ՝ Վիլյամ Սարոյան, Վիկտոր Համբարձումյան, Հրաչուհի Ջինանյան…(Ի տարբերություն թղթի, բոբինաներն ունեն ավելի կարճ «կյանքի տևողություն», և փրկությունը ձայնագրությունների, արխիվների թվայնացումն է-Ռ.Մ. )։
Հայկական ռադիոյից տաղանդավոր սցենարիստ, ռեժիսոր, լրագրողի ազատումը, ճիշտ և ճիշտ նման էր մեր անկրկնելի երգչուհու՝ Էլվինա Մակարյանի ազատմանը, ազատումից կարճ ժամանակ հետո մահացավ հայկական ռադիոյի նվիրյալներից մեկը՝ Ջուլիետը։ Վիրավորված, անավարտ թողած իր գործը…
Ազատումը խորը սպի թողեց նրա վիրավոր հոգում։
Երազիկ Հայկազյանն ասում է՝ «Թոշակի տարիքի էլ չէր», իսկ Նարեն ասում է՝ «Հիրիկի նման գնաց», մորը նույնացնելով նրբագեղության, վեհության խորհրդանիշի հետ։
Նա, ում գրիչն ուներ յուրահատուկ, մոգական հնչողություն։ Նրա մանրապատումները պարզապես պատմություններ չէին, դրանք հույզի ու ռիթմի արտահայտություններ էին, որոնք հաճախ խախտում էին արձակի ու չափածոյի ավանդական սահմանները։ Նրա գրականության մեջ դժվար է գտնել այն կետը, թե որտեղ էր ավարտվում արձակագիրը և սկսվում բանաստեղծը. նա կարողանում էր արձակի կտավի վրա նկարել զուլալ պոեզիա։
Արխիվները թերթելիս ձեռքս է ընկնում նրա «Պատը» խոհագրությունը. «Մտավորականը դեռ նկարում ու գրում է, որպես հոգու անմահության վկայություն, մյուսները հեծեծում են աղքատության մեջ որպես չապրած մանկություն։ Արթնանում ենք այսօր սոցիալական պայմաններին չհարմարված, չնչինության զգացումով դիմավորելով ամեն լուսաբաց։ Այն՝ ինչպես կարող է լինել բարի, երբ չունևորությունից տառապում ենք ավելի։ Խորհրդայինի օրոք ունևորները օտար, հեռու էին մեզնից։ Այսօր նրանք մոտ են մեզ, ինչպես ծանոթները հին…Գերմանիաների մեջ ծառացած պարիսպը վերջապես քանդվեց, բայց ցավալի է, որ մեր ու մեր միջև սոցիալական չարիքի պատ է բարձրացել։ Դրանից էլ մեր ու մեր միջև չարորակ մի բան է գոյացել…»։ «Եվ բոլոր անարև կտուրները բնակվեցին իմ մեջ, իմ մարմնի ամեն կտորի մեջ» («Լիներ մի օր»)։ «Օրը շատ անգամ ոտքերս այրվող՝ թաղել եմ ձորի սառը ջրերում, որ խորը լինի քունս աներազ, որ նորեն ելնեմ, սարը բարձրանամ։ Բայց հույսիս սարը՝ մեծանալուս հետ շատ է հեռացել, իսկ ես առանց սար անուժ եմ դարձել։ Արևս թողած ձորի ջրերի քարոտ խորքերում, Ես մնացել եմ մերկ ու անարև։ Պաշարելով ինձ՝ երազներն անքուն, այսօր անզոր են սառը ջրերի խոնավ ընդերքից ինձ դարձի բերել, առաջացումս ծանր խորքերով՝ մի պահ բեկանել։ Ու լիներ մի օր՝ լանջերի կամքով, որ բաղձանք սարն ինձ օտարական՝ հարազատության խորքի կանչերով ինքն առաջանար… Ու թոթափվեինք անկարողության տանջող երազից այսչափ բաժանման»։
Սարը նրա համար ձգտումն էր, իդեալը, բարձունքը, իսկ ձորը՝ իրականությունը, որտեղ մնացել է իր «արևը»։
Կան ստեղծագործություններ, որոնք ասես մեր օրերի մասին լինեն։ «Միակ պատերազմը» պատմվածքում պատերազմ գնացածի ընտանիքն է, ուր կա ատելի լռություն, լռություն, որը նման է անջուր ջրհորի, որի մեջ գցած պատահական քարը խուլ զրնգում է. «Հեռավոր այդ լռությունը ինձ համար դարձավ հենակների թխկթխկոց։ Թխկթխկոցը ինձ տանում էր իրական ճափեքով, և Հիտլերին ուղղված աղմուկներն ու անեծքի ձայները փակում էին կոպերս։ Գյուղը լի էր այրի կանանցով ու որբերով…Հայրս ինձ պատկերանում էր քեռի Գրիշայի պես՝ հենակներով։ Նա ինձ ծաղիկ տվող առաջին մարդն էր։ Հետո նա թփթփացրեց ուսիս և ասաց՝ դու արդեն մեծ ես…ես պետք է սովորեի, իմ թիկունքում անընդհատ ունենալով հենակների թխկթխկոցը, որպես մանկությանը հրաժեշտ տալու և հաղթանակի խորհրդանիշ»։ Լինելով հոգու դրամաների վարպետ, նա նաև գիտեր ներդաշնակության գաղտնիքը։ Նրա պատգամը մեզ ձևակերպված է մեկ այլ հանճարեղ մանրապատումով. «Աստծո և մարդու բոլոր արարողությունները ներդաշնակ են. թեև դժվար, բայց գնահատված հոգևոր մարդու կողմից։ Հոգեզուրկ եղար՝ արածդ սելավի բաժին կդառնա, ջուրը կտանի, վերջ։ Սար ու դաշտի մարդիկ գեղեցիկին սովոր՝ այլևս չեն նկատում այն։ Չնկատելով, բնականաբար, չեն գնահատում։ Ապրում են հոգևոր կյանքով՝ առանց իմանալու։ Բնական են ապրում… Ծիրանի մանուշակների կողքին, հրճվանքով լի» («Պսակներ Ծիրանի մանուշակներից»)։
Նրա մանրապատումներն այն հազվագյուտ էջերից են, որտեղ արձակագիրն ու բանաստեղծը ոչ թե մրցում են միմյանց հետ, այլ գրկախառնվում են։ Ու հենց այդ գրկախառնությունից է ծնվում այն հրճվանքը, որով նա տեսնում էր աշխարհը՝ «ծիրանի մանուշակների կողքին։
Ջուլիետ Մատինյանը հայկական ռադոյում աշխատելիս ուներ հաղորդաշարեր՝ «Աստեղային կես դար», «Հայտնաբերիր տաղանդը», որով բացահայտում էր, գտնում արտասովոր, տաղանդավոր մարդկանց։
Ջ. Մատինյանի աշխարհում հայտնվելուց հետո հիմա մտածում եմ նրա ստեղծած մեծ աշխարհը փրկելու մասին՝ մոռացությունից փրկելու։ Ինչպե՞ս, կհարցնեք Դուք։ Պատասխանը բոլորինս է, նրա գրչի, խոսքի նվիրյալներինը, նրա փրկած տաղանդներինը։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.10.2026

























































