Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզո՞ւմ է Քոչարյանը պատերազմ

Ապրիլ 09,1998 00:00

Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելու լուրն առնելուն պես, Թուրքիայում բավականին ազդեցիկ «Հյուրիյեթ» թերթը գրեց. «Հայտնի է, որ Հայաստանում Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն իշխանության գլուխ է գալու ԱՍԱԼԱ-ի զինյալներից ոչ շատ տարբեր, «բազե»-ների թեւի մի քաղաքագետ։ Թուրքիայի թշնամի դաշնակները դարձյալ իշխանություն են դառնում Հայաստանում։ Հարգանքով շնորհավորում եմ ամբողջ մեր պետական ավագանուն եւ արտաքին գործոց նախարարությանը, որոնք այս տարիների ընթացքում չկարողացան Հայաստանի հետ բարելավել մեր հարաբերությունները եւ նման զարգացումների համար ճանապարհ բացեցին»։

Թուրքիան անկեղծորեն ցավում է կատարվածի համար եւ մտահոգվում տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխությունից։ Հեռավոր Ամերիկայում գտնում են, թե կատարվածի ողջ պատասխանատուն Քլինթոնի կառավարությունն է, որը ոչինչ չարեց Մինսկի խմբի 3 համանախագահների կողմից պատրաստված ծրագրով Հայաստանի գործը դյուրացնելու համար եւ չշարունակեց գործադրել թիվ 907 բանաձեւը, որով նախատեսվում էր ֆինանսական օժանդակություն Հայաստանին եւ Ղարաբաղին։

Ռուսաստանում շշուկներ են պտտվում այն մասին, թե կատարվածն այդ երկրի արտգործնախարարության եւ հատկապես նախարար Պրիմակովի անհեռատես քաղաքականության արգասիքն է, որը ճնշում էր գործադրում նախկին իշխանությունների վրա, որպեսզի ընդունեն Մինսկի խմբի բանաձեւը, թեեւ այն չի բխում նաեւ ռուսների շահերից։ Այնպես որ, Քոչարյանի հետ, ռուսների համոզմամբ, առաջիկայում հեշտ չի լինելու։

Ադրբեջանն ընդհանրապես հեռանկարը միայն գորշ գույներով է տեսնում եւ բոլորովին վստահ չէ, թե նորերի հետ երբեւէ կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ։ Փոխարենը պաշտոնական Բաքուն մեկը մյուսին հաջորդող հայտարարություններ է անում հայերի կողմից հրադադարը խախտելու, իրավիճակն ապակայունացնելու մասին։

Մի դեպքում պարզվում է, որ այդ հայկական կողմն է կրակ բացել ԵԱՀԿ դիտորդների վրա՝ վիրավորելով ադրբեջանցի մի սպայի, որ նույն հայերն են միայն փետրվար ամսվա ընթացքում 6 անգամ խախտել հրադադարը, որ նրանք են կրակի տակ առել Ջեբրայիլի մոտակա գյուղերը եւ ընդհանրապես, հայկական կողմն ամեն կերպ ջանում է լարվածության սերմեր նետել խաղաղության՝ առանց այն էլ փխրուն հողին։

Քաղաքակիրթ Եվրոպան էլ իր հերթին որոշակի մտավախություններ ունի եւ գտնում է, թե Քոչարյանի անզիջողականությունը երկարատեւ լինել չի կարող, քանի որ այդպես վարվում է այն կողմը, որի «պետական գանձարանը լիքն է, իսկ հայերն այդ մեկը չունեն»։ Ավելին՝ վերջիններս գտնում են, որ նույնիսկ արդար ընտրություններով կարող է ընտրվել մի նախագահ, որը «չցանկանա վարել խաղաղության համար անհրաժեշտ փոխզիջումային քաղաքականություն»։

Քոչարյանի այն խոսքերը, որ ինքը տեղի չի տա տնտեսական ճնշումների առջեւ, առիթ է տվել ոմանց նրան կոչելու Կովկասի Բենիամին Նեթանյահու։ Ահա այսպիսի կարծիքների բազմազանությունը բոլոր դեպքերում ունի մի ընդհանրություն, որ կապվում է պատերազմ-խաղաղություն երկընտրանքի հետ, իսկ Քոչարյանի անձը դիտարկվում իբրեւ առավել ծայրահեղ դիրքորոշման կողմնակցի։ Ի վերջո, ի՞նչն է հիմք տալիս կարծելու, թե Հայաստանի նոր նախագահը նախապատվությունը պիտի տա, այսպես կոչված. «պատերազմի կուսակցությանը»։ Չէ՞ որ Քոչարյանի հայտարարություններն ու քայլերն առավելապես խաղաղասիրական տրամադրություններով են հագեցված։ Ըստ դիտարկումների, հիմնականում կարելի է առանձնացնել երեք հանգամանք, որոնք առիթ են տալիս օտարների սուբյեկտիվ դատողություններին։ ա) Անհնազանդ ու պատերազմած Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդ Քոչարյանը միջազգային քաղաքական շրջանակներում, նախ, պիտի ներկայանար 10 տարի շարունակ քաղաքական ճնշումներին հակազդող չճանաչված երկրի նկարագրին համապատասխան։

բ) Քոչարյանն իշխանության եկավ այն շրջանակների աջակցությամբ, որոնք ներկայացնում են պետության ուժային թեւը (ՊՆ, ՆԳ, Ազգային անվտանգություն)։ Համախոհների շարքում դաշնակցության ներկայությունը նույնպես պակաս կարեւոր չէր, եթե հաշվի առնենք, որ դրսում ՀՅԴ-ն շարունակվում է ընկալվել նախկին ստերեոտիպներով՝ ռազմատենչ, ծայրահեղական հայացքներ որդեգրած կուսակցություն։ Այս հանգամանքները հիմք են տալիս ենթադրելու, թե Հայաստանի նոր նախագահը հետայսու առաջնորդվելու է ուժի թելադրանքով։

գ) Կովկասյան բարդ ու խճճված քաղաքականության սարդոստայնում Քոչարյանի նման երիտասարդ, նոր սերնդի առաջնորդը հեշտ չի կողմնորոշվի, եւ օտարերկրյա դիտորդների կարծիքով, հատկապես սկզբնական շրջանում ստիպված են լինելու որոշակի բարդություններ հաղթահարել։ Դրանցից վատթարագույնը համարվում է մարտական գործողությունների վերսկսումը, ինչը վերջնականապես խնդիրը կհրի փակուղի։

Կանխատեսումներն ու կարծիքները դեռեւս լուրջ փաստարկներ չեն որեւէ քաղաքական գործչի գնահատման համար։ Բայց արդեն իսկ արժե մտահոգվել այն կանխակալ դիրքորոշման առթիվ, որ ձեւավորվել է Հայաստանի շուրջ եւ փոխանցվել միջազգային հանրությանը։ Եվ եթե մենք ասում ենք, որ չենք ձգտում պատերազմի, հարկ է այդ մասին այնպես ասել, որ լսելի լինի նաեւ հեռու-մոտիկ օտարներին։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930